«Մեր Արցախը» ֆիլմի ցուցադրություն` Փարիզում

«Մեր Արցախը» ֆիլմի ցուցադրություն` Փարիզում

Հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում  Փարիզի «Club de l՝étoile» հեղինակավոր ակումբում  տեղի ունեցավ «Մեր Արցախը» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառման առիթով Փարիզ էր ժամանել ֆիլմի հեղինակ, լրագրող Արտակ Հերիքյանը: Վավերագրական այս ֆիլմը ներկայացնում է ԼՂՀ-ում տարբեր բնագավառներում գրանցված ձեռքբերումները: Ֆիլմի հերոսները Արցախի հասարակ բնակիչներն են, ովքեր ձգտում են վերականգնել իրենց երկիրը` ապահովելով նրա տնտեսական, մշակութային և սոցիալական զարգացումը: Ցուցադրության ավարտին Արտակ Հերիքյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Խոսվեց նաև ֆիլմը նկարահանելուց հետո Արցախում արձանագրված դրական փոփոխությունների մասին, ինչը վկայում է երկրի զարգացման կայուն և արագ տեմպերի մասին: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ,   լրագրողներ, Ֆրանսիայի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն