Մենք չենք գալիս, որ գոռանք՝ փախեք, թռեք...

Մենք չենք գալիս, որ գոռանք՝ փախեք, թռեք...

Մի քանի ամիս է՝ խոսվում է նոր ուժի ձեւավորման մասին, որը կապվում է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի անվան հետ: Մինչ վերջերս կողմերը պարտիզանական լռություն էին պահպանում, իսկ  Միքայելյանը թեեւ ամիսներ առաջ հերքում էր բանակցությունների փաստը, սակայն մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ից հետո ամեն բան հայտնի կլինի: Մինչդեռ Միքայելյանն ընդամենը, մի փոքր բացելով փակագծերը, անցած շաբաթավերջին անորոշ հայտարարեց, թե «նոր ուժը, ըստ էության, արդեն ձեւավորվել է, որի հանդես գալը՝ իր կազմով ժողովրդի առջեւ, ժամանակի հարց է»: Թե ովքեր են այդ ուժի մեջ, ով է ղեկավարը, երբ են հրապարակային գործելու, Միքայելյանն անորոշ էր թողել:



Երեկ զրուցեցինք Սասուն Միքայելյանի հետ՝ փորձելով ստանալ օդում կախված հարցերի պատասխանները:



- Պարոն Միքայելյան, ինչո՞ւ եք գաղտնի պահում, թե ինչ ուժի մասին է խոսքը, ովքեր են Ձեր համակիրները՝  նախկին կոնգրեսականների՞ց, թե՞ ՀՀՇ-ականներից:



- Երկու տարբերակներն էլ մոռացեք. ես ոչ կոնգրեսական եմ եղել, ոչ էլ ՀՀՇ-ական, ես եղել եմ համաժողովրդական շարժման ակունքներում, այսինքն՝ ես հայտնվել եմ այն հարթակում, որտեղ իմ ժողովուրդն է եղել, ես հայտնվել եմ այնտեղ, որտեղ ժողովուրդն ըմբոստացել է  երկրում տնտեսական վիճակի դեմ,  պայքարել հանուն սահմանադրական կարգի վերականգնման եւ իշխանափոխության համար: Ընդհանրապես, ես նախկինում որեւէ կուսակցության մեջ չեմ եղել, ես չեմ եղել որեւէ  կազմակերպության մեջ եւ այսօր էլ նոր ուժ չեմ ձեւավորում, որ իշխանության մեջ մտնեմ, եւ ոչ էլ այդ ուժը որեւէ կապ ունի Կոնգրեսի կամ ՀՀՇ-ի հետ: Ինչպես նախկինում եմ ես առանց որեւէ կազմակերպության, կուսակցության մեջ մտնելով աշխատել սոցիալ-տնտեսական բարեկեցիկ կյանքի համար, ըմբոստացել, ժողովուրդը մի քանի անգամ ինձ ձայն է տվել՝ պատգամավոր եմ աշխատել, ինչպես նաեւ մեր քաղաքի քաղաքապետ (նկատի ունի Հրազդան՝ Լ. Շ.), այնպես էլ այժմ ես որեւէ ուժի մեջ չեմ մտել: Ինձ ամեն անգամ կապում եք ՀԱԿ-ի, ՀՀՇ-ի հետ, ես ի՞նչ գործ ունեմ, օրինակ, ՀՀՇ-ի հետ ընդհանրապես:



- Դե, Կոնգրեսի համակիր եք:



- Ես Կոնգրեսի համակիր չեմ, ես ժողովրդի համակիր եմ, երեւի դու ես եղել Կոնգրեսի համակիր, այն ժամանակ Կոնգրեսը ո՞րն էր, եթե հիշում եք՝ Կոնգրեսը 17 կուսակցություններից ձեւավորված մարմին էր, որն ընտրություններից հետո հայտնվել էր հրապարակում եւ նախագահի հրաժարական ու այլ բաներ էր պահանջում: Իսկ ես իմ պայքարը տարել եմ 2007-ին համաժողովրդական շարժման մեջ գտնվելով, այսօր էլ այդ պայքարը շարունակում եմ:



- Պարոն Միքայելյան, քաղաքական դաշտը կարծես ամայացած է, ամենասկզբունքային հարցերում իշխանությունն ու ընդդիմադիրները վերջերս կարծես համակարծիք են, կա՞ արդյոք նոր ուժի անհրաժեշտություն, ավելի ճիշտ՝ հնարավո՞ր է այս պարագայում որեւէ նոր ուժի գործունեության դաշտ տրվի:



- Եթե ամայացած է դաշտը, ո՞նց կարող է նոր ուժի անհրաժեշտություն չլինի, ես պատասխանատու հայտարարություն եմ անում, որ այսօր Հայաստանում չկա որեւէ ընդդիմադիր ուժ, դրանք բոլորը որեւէ թեւով կապված են իշխանության հետ: Իսկ եթե մի երկրում չկա ընդդիմություն, ապա երկիր էլ չկա, իշխանություն էլ չկա, մեզ մոտ ոչ թե իշխանություն է, այլ բանդա:



- Հենց այդ մասին եմ ասում, որպես կանոն, ընդդիմադիրների գոյությունը մեզ մոտ զգացվում է ընտրությունից ընտրություն, կարճ ժամանակով, նոր ուժն ի՞նչ պետք է անի այսօր:



- Մենք գալիս ենք որպես ընդդիմություն, մենք չենք գալիս, որ գոռանք՝ փախեք, թռեք, հեռացեք, կորեք: Մենք ժողովրդի դատին ենք դնելու մեր՝ կազմակերպություն կլինի, ուժ կլինի, փակագիծը չեմ ուզում բացել, հետո, երբ ժողովուրդը հավանություն կտա, կգործենք, եթե չէ՝ ուրեմն էնքան մարդ ենք, որ կարող ենք հրաժարվել՝  հայտարարելով, որ չկարողացանք ժողովրդի վստահությունը շահել ու հեռանում ենք ասպարեզից: Բայց ոչ թե գանք ու խաղեր տանք, ամեն անգամ ժողովրդին բերենք հրապարակ, հետո թողնենք-փախնենք՝ ժողովուրդը մնա հրապարակում կամ երկրից արտագաղթի:



- Բայց ե՞րբ եք գործելու, ովքե՞ր են լինելու, հիմա կարծես պարարտ հող կա նոր ուժի, Մաքսային միությանն անդամակցելու որոշում կա, այսօր իշխանությունների խոսափողներից Զորի Բալայանն է Արցախը Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ նամակ հղել ռուսաց «թագավորին»:



- Զորի Բալայանի վերաբերյալ հարցին ես չեմ պատասխանի, գիտեմ՝ Գյուլիստանի պայմանագրի հետ է կապված, կընթերցեմ, նոր կխոսեմ, իսկ ՄՄ-ի վերաբերյալ իմ որոշումը ես արդեն հայտնել եմ: Պետք է ասեմ, որ մենք հասկանում ենք, թե ինչ ենք անում, մենք հասկանում ենք երբ է պետք ակտիվանալը, մենք չենք ակտիվանում ինչ-որ ժամանակի հետ կապված, ինչ-որ պահից օգտվելով: Մենք չենք ակտիվանում ակտիվանալու համար, այլ հետագայում հարց լուծելու համար: Մենք չենք գալու համալրենք այն ուժերի շարքերը, ովքեր այս տարիների ընթացքում ձեւավորվել են, բայց ոչինչ չեն արել, մենք չենք գալիս մեկով ավելացնելու համար, այլ գալիս ենք գործ անելու, այն բացթողումները, որ այս տարիների ընթացքում են եղել, լրացնելու:



- Կոնկրետ ե՞րբ, անընդհատ միայն հայտարարվում է, որ գալիս եք, բայց…



- Ինչպես կասեր Սեւակը, ուշ-ուշ ենք գալիս, բայց ոչ ուշացած:



- Ճի՞շտ է, որ Նիկոլ Փաշինյանի հետ եք համագործակցում, հայտնիներից ովքե՞ր են ձեզ հետ, եւ ո՞վ է ղեկավարելու ձեր ուժը:



- Մեզ մոտ նման հարաբերություններ չկան, մենք ընդհանուրով ենք հանդես գալու եւ հաշվետու ենք լինելու մենակ ժողովրդի առջեւ:



 



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]