Սյունիքում երբևէ վախի մթնոլորտ չի եղել

Սյունիքում երբևէ վախի մթնոլորտ չի եղել

Աղմկահարույց դեպքերի արդյունքում Սյունիքի մարզպետ նշանակված Վահե Հակոբյանի նշանակվելուն պես հույսեր արթնացան, որ վերջապես մարզը թեթեւացած շունչ կքաշի տխրահռչակ նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հեռացումից հետո, եւ երիտասարդ նորեկ մարզպետն էլ կլծվի մարզի առողջացման գործընթացին՝ ցրելով նաեւ հանրության մոտ ձեւավորված տեսակետը, թե իր մարզպետ դառնալու միակ արժանիքը պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդի լինելն է: Սակայն ԱԺ երբեմնի ամենաերիտասարդ օրենսդիրը եւ այժմ էլ ամենաերիտասարդ մարզպետը պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում մնաց աննշմար՝ ապացուցելով, որ Սուրեն Խաչատրյանի արժանի հետեւորդն է ու կարողանում է աշխատել անգամ Խաչատրյանի թիմի հետ: Թեեւ հանուն արդարության պետք է ասել, որ Վահե Հակոբյանը դեռեւս զիջում է նախորդին քրեական պատմությունների մեջ ներգրավվածության առումով, սակայն իր վարքագծով հավակնում է հասնել լրագրողների հանդեպ «առանձնակի» սեր տածող Սուրեն Խաչատրյանին: Երեկ Վահե Հակոբյանն այնքան նյարդայնացավ կադրային փոփոխությունների մասին մեր անմեղ հարցից, որ սկսեց նույնիսկ բղավել եւ կասկածներ հայտնել մեր լրագրող լինելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հակոբյանը մարզպետ է նշանակվել այս տարվա հուլիսի 13-ին, եւ մոտ օրերս կլրանա նրա պաշտոնավարման 100 օրը:



- Պարոն Հակոբյան, ինչպե՞ս են գործերը, ձայն-ծպտուն չի լսվում Ձեզնից, կարողանո՞ւմ եք գլուխ հանել մարզպետի պաշտոնում:



- Ե՞ս պիտի ասեմ, դա ժողովրդին պիտի հարցնեք:



- Իսկ Ձեր կարծիքո՞վ:



- Դե ասում եմ՝ իմ կարծիքն այդքան էլ էական չի, ժողովրդինն է կարեւոր, իմ աշխատանքի գնահատականը ես չեմ տալիս. կամ ղեկավարությունն է տալիս, կամ՝ ժողովուրդը, երկու մարդ կա, իսկ ես կատարում եմ իմ պարտականությունները:



 - Պարոն Հակոբյան, մարզպետի նախկին տեղակալ Արա Դոլունցից բացի էլ ովքե՞ր են լքել մարզպետարանը Ձեր գալուց հետո: Այսինքն՝ կադրային փոփոխություններ արե՞լ եք:



- Ես կադրային փոփոխությունների մասին իմ կարծիքը շուտ եմ ասել: Գոյություն ունի քաղծառայության ինստիտուտ, եւ մարզպետարանի աշխատակիցները քաղծառայողներ են: Եթե մարդն իր աշխատանքը նորմալ կատարում է, ես այդ հարցում խնդիր չեմ տեսնում: Դե, իհարկե, օգնականներին եմ փոխել, իմ օգնականներին եմ բերել, բայց եթե մնացածը կատարում են իրենց աշխատանքը, խնդիր չեմ տեսնում:



- Ենթադրվում էր, որ պետք է նախեւառաջ լծվեիք նախկին մարզպետի կադրերի փոփոխությանը՝ ցույց տալով, որ չեք պատրաստվում շարունակել նրա կուրսը, բայց…



- Չհասկացա, հարցազրո՞ւյց ենք անում: Ես չեմ պատրաստվում հարցազրույց տամ, համ էլ իմ 100 օրը հեսա լրանալու ա, ասուլիս կանեմ, եւ լրագրողները հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող բոլոր հարցերը տան:



- Այնուամենայնիվ, կասե՞ք, թե ինչու որոշեցիք աշխատել Խաչատրյանի կադրերի հետ:



- Մենք ոնց որ չենք հասկանում իրար, համբերեք, էլի, դուք կարաք մի քանի օրից շատ հանգիստ ձեր հարցերը տաք: Համ էլ հազար անգամ ես կադրերի մասին հայտարարել եմ, նորից չեմ ուզում կրկնել, անիմաստ եմ համարում: Մենք իրար չենք հասկանում:



- Դժվարություն չի՞ առաջացել նախորդին հավատարիմ մարդկանց հետ աշխատելիս, ստացվո՞ւմ է:



- Իհարկե ստացվում է:



- Խաղի Ձեր կանոննե՞րն եք պարտադրել…



- Ես կատարում եմ պատվիրակված լիազորությունները, տարածաշրջանի ներկայացուցիչն եմ մարզում, ինչ ա, չեմ հասկանում, այբուբե՞նը պիտի բացատրեմ, ասեցի, չէ՞, էսօր մարդիկ իրանց գործառույթներն իրականացնում են նորմալ, գեղեցիկ, ուրիշ խնդիր չկա:



- Ձեր կարծիքով, կարողացե՞լ եք վախի մթնոլորտը ցրել, որը հաստատվել էր նախկին մարզպետի ժամանակ:



- Ի՞նչ եք, է, խոսում՝ վախի մթնոլորտ, ասենք՝ էդ ի՞նչ հետազոտությունների արդյունքում եք դուք եկել էդ եզրահանգման, եւ որո՞նք են էն չափորոշիչները, որ դուք ասում եք՝ վախի մթնոլորտ, կարո՞ղ եք դուք ինձ ներկայացնել:



- Պարոն Հակոբյան, Սյունիքի նախկին մարզպետի եւ նրա շրջապատի «հերոսությունների» եւ բռնությունների մասին իրենք՝ սյունեցիներն են մշտապես բարձրաձայնել: Գորիսի վերջին դեպքերից հետո, օրինակ, մեկ տասնյակից ավելի սյունեցիներ մամուլին պատմեցին աղմկահարույց նյութեր՝  Խաչատրյանի եւ իր շրջապատի մասնակցությամբ տարբեր ժամանակներում կատարված կրիմինալ պատմությունների տեսքով: Դուք տեղյա՞կ չեք:



- Չէ, հաստատ մեր խոսակցությունը չի ստացվում, ես նորից ասում եմ էդ նույն բաները, ինչ որ երեք ամիս առաջ ասել եմ:



- Ասեք նաեւ հիմա՝  Սյունիքում վախի մթնոլորտ նախկինում չի՞ եղել:



- Նեուժե՞լի ես չեմ կարողանում ձեզ բացատրել, որ երեք ամիս առաջ ես այս բոլոր հարցերին պատասխանել եմ, եւ հիմա ինչ-որ բան չի փոխվել, որ…



- Պարոն Հակոբյան, ինչո՞ւ եք խուսափում հարցին ուղիղ պատասխանելուց:



- Ի՞նչ եք ասում, օրինակ՝ վախի մթնոլորտ կա, թե չկա, խի՞ պիտի մարդը վախի մթնոլորտ լինի:



- Պարոն Հակոբյան, հարցն անցյալին է վերաբերում:



- Դե եթե նախկինի մասին ա, հարցն ինչի՞ ես ինձ տալիս, նախկինում գնայիք-հարցնեիք, բայց դու նույն բանը կրկնում ես:



- Ընդամենը ուզում էինք հասկանալ՝  Ձեր ղեկավարության ամիսներին ի՞նչ է փոխվել Սյունիքում, կա՞ նախկին վախի մթնոլորտը, ինչի մասին երբեւէ չեն թաքցրել սյունեցիները, թե՞ իրավիճակը փոխվել է:



- Չի եղել ըտենց վախի մթնոլորտ, որ ցրվի, ինչի՞ եք նույն հարցերն անընդհատ կրկնում: Ասեցի՝ չկա վախի մթնոլորտ, կադրային ջարդ չի եղել, կա վերջը քաղծառայության ինստիտուտ, մարզպետարանի աշխատանքը կազմակերպվում է քաղծառայության ինստիտուտի օրենքների տառին համապատասխան, մարդիկ բոլոր գործառույթները լավ կատարում են, բնականաբար, հարկ չկա այլ բաների, հիմա դուք ի՞նչ եք ուզում օրինակ:



- Պարոն Հակոբյան, տեսեք՝  գլխավոր դատախազի նոր պաշտոնակատարը նշանակվելուն պես լծվեց կադրային փոփոխությունների եւ փորձում է ձեւավորել իր թիմը: Հատկապես Սյունիքի դեպքում խոսվում էր, որ Սուրեն Խաչատրյանը հեշտ չի հրաժարվի իր անկման հետ եւ կփորձի իր ազդեցությունը դեռ երկար պահել մարզում, ինչու ոչ՝ նաեւ ի դեմս մարզպետարանում իր «վստահելիների»:



- Ձեր մտահոգությունները թող փարատվեն՝ նման բան չկա: Դուք, օրինակ, Ուստաբաշյան Արշակին ճանաչո՞ւմ եք, նա աշխատել է մարզպետարանի ստեղծման օրվանից, քաղաքաշինության վարչության պետն է՝ երկաաար ու ձիգ տարիներ։ Նույն ձեւի բազմաթիվ կադրեր կան, ինչի՞ մասին եք ասում, չեմ հասկանում, նա իր որակյալ աշխատանքը կատարում է:



- Ներեցեք, Ձեր հարաբերությունները Սուրեն Խաչատրյանի հետ ինչպիսի՞ն են:



- Նորմալ:



- Հաշվի առնելով Ձեր դրական վերաբերմունքը նրա հանդեպ, հնարավո՞ր է, որ այս ամիսներին ինչ-ինչ հարցերում դժվարացել եք եւ նրանից խորհուրդ եք հարցրել:



- (խոր հոգոց հանելուց հետո) Ոչ, չի եղել:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]