Էթիկայի գծով մերոնց հասնող չի

Էթիկայի գծով մերոնց հասնող չի

Այսօր, ժամը 10:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոնները» թեմայով խորհրդարանական լսումները կապ չունեն Զարուհի Փոստանջյանի աղմկահարույց հարցի եւ պատգամավորի պահվածքի հետ, ինչի մասին որոշ շրջանակներում մի քանի օր է, ինչ խոսվում է: Նման լսումների անհրաժեշտությունն այդ իրադարձությունից ավելի վաղ է առաջացել:



 



Հայրենի օրենսդիրներին պատգամավորի վարքագծի կանոնները սովորեցնելու համար Հայաստան են ժամանել կանադացի փորձագետներ: Հայ պատգամավորներն արդյոք ունե՞ն ուրիշներից դաս առնելու պահանջ, երբ էթիկայի մասին իրենց ուրույն պատկերացումներն ունեն: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ խոսքն այլ բանի մասին է, ինքն այդպիսի լսումներ կայացնելու որոշումից առաջ նման դիտարկմամբ է հանձնաժողովի նիստին հանդես եկել, թե եվրոպացինե՞րը պետք է գան մեզ վարքականոն սովորեցնեն, սակայն հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առարկել է. «Իրավական ձեւակերպումների մասին է խոսքը, ընդհանրապես պատգամավորի՝ Սահմանադրությունից եւ լիազորություններից դուրս եկող հարցերի, ինչպես, օրինակ, հանրային եւ մասնավոր շահերի բախումն է: Այլապես ես դեմ էի քվեարկելու, որովհետեւ ինչքան էլ ուզում է արտասահմանցին փորձ ունենա, քաղաքական գործիչ լինի, նա չպիտի գա մեզ դաստիարակություն սովորեցնի: Չնայած այս հարցերում ի՞նչ պետք է սովորեցնեն մեզ»: Պատգամավորի տեղեկացմամբ, չի քննարկվելու նաեւ էթիկայի հանձնաժողովի լիազորությունների փոփոխությունների հետ կապված հարց: