Ինչու՞ է հրաժարական տվել Ռուբեն Հակոբյանը

Ինչու՞ է հրաժարական տվել Ռուբեն Հակոբյանը

Երեկ երեկոյան երբ aravot.am-ը գրեց «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանի հրաժարականի մասին, մենք կապվեցինք կուսակցության մի շարք անդամների, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հետ: Պարզվեց՝ նրանք անտեղյակ են կատարվածից: Համենայն դեպս երեկոյան ժամը 7-ի դրությամբ, երբ դուրս էին եկել ԱԺ-ից հրաժարականի մասին ոչ մի տեղեկություն չէին ունեցել եւ դրա համար հիմքեր չէին եղել:






Մեր զրուցակիցներից մեկը հետաքրքրվեց, թե որտեղից ենք տեղեկացել եւ երբ իմացան, հայտարարեցին, որ գուցե Ռ.Հակոբյանը դրանով նախազգուշացնում է ոմանց, քանի որ նրա եւ «Առավոտ» թերթի կապն ուղղակի է եւ աշխատում է որպես կանոն այն ժամանակ, երբ պարոն Հակոբյանը մամուլով ինչ որ բան գցելու անհրաժեշտություն է ունենում: Այսօր առավոտյան արդեն հայտնի դարձան որոշ մանրամասներ: Մասնավորապես այն, որ «Ժառանգության» ղեկավարի կոնֆլիկտը հիմնականում Զարուհի Փոստանջյանի հետ է: Վերջինս նրան մեղադրել է ԵԽԽՎ ամբիոնից հնչեցված հարցի եւ դրա շուրջ ծագած աղմուկից հետո կուսակցին չպաշտպանելու մեջ:






Բացի այդ՝ կուսակցությունում տարաձայնություններ կան նաեւ ԵՄ, թե Մաքսային միություն կողմնորոշման հարցում. Ռ.Հակոբյանը հայտնի է իր ռուսաստանյան կողմնորոշմամբ, իսկ «Ժառանգությունը» արեւմտյան դիրքորոշում ունի: Այնուամենայնիվ կոնֆլիկտը ծագել է անսպասելի եւ երկու անձի միջեւ՝ Հակոբյանի եւ Փոստանջյանի: Որից հետո Հակոբյանը որոշել է ֆրակցիայի նախագահի պաշտոնից հրաժարականի միջոցով սթափեցնել «Ժառանգությանն» ու նրա ղեկավարին: Թե ինչ զարգացումներ կլինեն, դժվար է ասել, սակայն հայտնի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Զարուհի Փոստանջյանի հանդեպ շատ ջերմ զգացումներ ունի եւ նրան համարում է իրեն եւ կուսակցությանն ամենանվիրված անձանցից մեկը:






Այնպես որ այս կոնֆլիկտում դժվար թե բռնի Հակոբյանի կողմը: Այս հրաժարականը եւս վկայում է «Ժառանգությունում» տիրող ճգնաժամի մասին: Հիշեցնենք, որ կուսակցությունը պատրաստվում է փակել Ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնը եւ չի բացառվում, որ առաջիկայում նաեւ կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն տեղի կունենա: