ՀԱԿ-ում ԲՀԿ-ի մասին հարցից փախեփախ են անում

ՀԱԿ-ում ԲՀԿ-ի մասին հարցից փախեփախ են անում

ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ժամանակ առաջ սկսված, բայց հետո խամրած «սիրախաղը» կարծես նոր զարթոնքի շրջան է ապրում: Թվում էր՝ 1,5 տարի առաջ ձեռնարկված ու տապալված սիրախաղից հետո Կոնգրեսը հիասթափությամբ կլցվեր ԲՀԿ-ի հանդեպ, մանավանդ, որ դրա արդյունքում ինքը համակիրների մեծ բանակ կորցրեց, բայց, ինչպես ասում են, սերը հզոր է, եւ այն նորից բոցկլտում է Կոնգրեսի կոտրված սրտում:



ՀԱԿ-ԲՀԿ սիրավեպը նոր ելեւէջներ է ստանում. շաբաթ օրը Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, iLur.am-ի հետ զրույցում ներկայացնելով Արարատի քաղաքապետի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը, բառացիորեն հայտնել է, որ Կոնգրեսը կսատարի ԲՀԿ թեկնածուին: «Որեւէ ընտրության մասնակցության մեր սկզբունքը շատ պարզ է. ցանկացած ընտրություն, եթե հնարավոր է, պետք է օգտագործել այս ռեժիմի դիրքերի թուլացման նպատակով: Եվ մենք եթե չենք ունենում սեփական թեկնածու, աջակցում ենք այն քաղաքական ուժին, որը մարտահրավեր է նետում ռեժիմի թեկնածուին»,- ասել է Զուրաբյանը եւ թարմ օրինակ հիշատակել բոլորովին վերջերս թիվ 38 ընտրատարածքում տեղի ունեցած լրացուցիչ ընտրությունները, որտեղ Կոնգրեսը հայտարարեց «Ժառանգության» թեկնածուին աջակցելու մասին:



 



Ըստ Զուրաբյանի, նույն տրամաբանությամբ էլ առաջնորդվում են նաեւ Արարատի քաղաքապետի ընտրություններում, որտեղ, նրա կարծիքով, ՀՀԿ-ական թեկնածուին ռեալ մրցակից է ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանը: «Այստեղ նույնպես մենք կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին ակտիվորեն աջակցել նրան ընտրարշավում, ինչպես նաեւ քվեարկել նրա օգտին: Արարատում Հայ ազգային կոնգրեսն ունի բավական հզոր կառույց, գրանցված անդամների թիվը հավասար է 107-ի, ընդ որում՝ նրանք հիմնականում շարժմանը վերջին տարիներին անդամագրված ակտիվ քաղաքացիներ են, այնպես որ, մենք կարող ենք բավական լուրջ ռեսուրս ներդնել այս ընտրարշավում»,- նման կոչով է հանդես եկել ՀԱԿ ներկայացուցիչը՝ այն պարագայում, երբ ԲՀԿ-ն վերջին օրերին իշխանության կողմը թեքվելու նշաններ է ցույց տալիս:



 



Չնայած նախագահական ընտրություններից հետո եւ մինչ օրս շարունակվում է ՀԱԿ-ԲՀԿ արդեն զուսպ համագործակցությունը, եւ դա նկատելի է երկու կուսակցությունների ինչպես միմյանց օրինագծերին եւ նախաձեռնություններին ԱԺ-ում կողմ արտահայտվելով, այնպես էլ Կոնգրեսի կողմից քաղբանտարկյալ հռչակված՝ օրերս ազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի ազատության համար մղվող պայքարում: Սակայն, միեւնույն ժամանակ, փոխվել է նաեւ ԲՀԿ-ի երբեմնի  ընդդիմադիր վերաբերմունքն իշխանությունների հանդեպ: Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս որոշել է մասնակցել ԱԱԽ նիստերին, որի անդամն է ինքը, բայց այդ նիստերը բոյկոտել էր դեռ 2012թ. խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ, երբ նոր-նոր խոսակցություններ էին տարածվել, թե ԲՀԿ-ն կլքի կոալիցիան: Ծառուկյանը ոչ միայն մասնակցեց ԱԱԽ վերջին նիստին, այլեւ, իբրեւ այդ խորհրդի անդամ, այս հանգստյան օրերին գնաց օդանավակայան՝ դիմավորելու Մարթենսի թաղումից Հայաստան վերադարձող Սերժ Սարգսյանին, բացի դրանից, մեկ մարդու նման կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի ներկայացրած գլխավոր դատախազի թեկնածուին: Կարճ ասած՝ Ծառուկյանը սահուն վերադառնում է իշխանությունների գիրկը, իսկ Կոնգրեսը պատրաստակամություն է հայտնում սատարել ԲՀԿ թեկնածուին՝ համարելով, որ այդպիսով կազմաքանդում եւ խարխլում է իշխանության դիրքերը:



Երեկ Լեւոն Զուրաբյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչ սկզբունքով որոշեցին սատարել ԲՀԿ թեկնածուին, ինչու են շարունակում հույսեր կապել այդ ուժի հետ եւ արդյո՞ք ԲՀԿ-ին տարանջատում են իշխանությունից: Զուրաբյանը կտրուկ տոնով հայտարարեց, որ ինքն ամեն ինչ ասել է եւ ավելացնելու ոչինչ չունի:



- Գոնե կհստակեցնե՞ք՝ շարունակո՞ւմ եք ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին տարանջատել, թե՞ ոչ: Հատկապես հիմա, երբ Ծառուկյանը ջանուջիգյար է անում Սերժ Սարգսյանի հետ, հնարավորինս մտերմանում:



- Ես հարյուր անգամ, հազար անգամ բացատրել եմ, որ մեզ համար կարեւորը քաղաքական ուժի դիրքորոշումն է, ոչ մի ուրիշ բան:



- Եվ ինչպիսի՞ն է ԲՀԿ դիրքորոշումը:



- Էդ գնացեք իրենցից հարցրեք:



- Իսկ դուք եւս պետք է իմանաք, ի վերջո՝ որոշում ունեք սատարել այդ ուժի թեկնածուին եւ ասում եք, որ Ձեզ համար կարեւորը քաղաքական ուժի դիրքորոշումն է:



- Ես ավելացնելու ոչինչ չունեմ:



- Մամուլում ընտրությունից ընտրություն գրվում է, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին հավասար ընտրակաշառք է բաժանում, դուք կարծեմ պայքարում էիք… (հարցն անավարտ է մնում)



- Կներեք, դուք ուշադիր չեք կարդացել իմ հայտարարությունը, այնտեղ տրված են բոլոր հիմնավորումները:



- Ինչո՞ւ եք շարունակում հավատալ ԲՀԿ-ին՝  իբրեւ իշխանության այլընտրանքի:



- Հավատալը քաղաքական կատեգորիա չէ:



Զուրաբյանն անպատասխան թողեց մեր բազում հարցեր եւ ասաց, որ չի ցանկանում այս թեմայով այլեւս զրուցել: Փորձեցինք ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Արամ Մանուկյանից տեղեկանալ ԲՀԿ-ի նկատմամբ  այս անվերապահ սիրո ակունքների մասին, սակայն Մանուկյանն էլ թեմայի մասին լսելուն պես սկսեց ԱԺ միջանցքով այս ու այն կողմ քայլել եւ խուսափել հարցերից: Բազում պնդումներից հետո, այնուամենայնիվ, որոշ պարզաբանումներ տվեց:



- Մենք գործընկերներ կառույցներ ենք եւ համագործակցում ենք: Այսօր, օրինակ, 4 հատ քվեարկություն է եղել, որտեղ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» միմյանց աջակցել են, դա՝ մեկ, դա պառլամենտական գործունեության շատ լավ օրինակ է, այսինքն, մեր եւ ԲՀԿ-ի համագործակցությունը տեղի է ունեցել:



- Պարոն Մանուկյան, 2008 թվից ՀԱԿ-ը կարծեմ պայքարում է օրինական եւ ազատ ընտրությունների համար, կարծում եք ձեր պառլամենտական գործընկերը պահո՞ւմ է այդ կանոնները:



Պարոն Մանուկյանը հարցը լսեց եւ առանց պատասխանելու ժպտալով արագ հեռացավ:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]