Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահին ընտրում ենք, կապկելով Ռուսաստանին

Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահին ընտրում ենք, կապկելով Ռուսաստանին

Երբեք սպորտային միավորումները, ՀԿ-ները, ֆեդերացիաները մեզ այնքան չէին հետաքրքրել, որքան այս շաբաթ-կիրակի: Վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահի՝ Արթուր Բաղդասարյանի ընտրությունը գուցեեւ աննկատ անցներ, եթե հոկտեմբերի 19-ին, «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Սարգսյանին Բրյուսելից դիմավորող մեր բարձրաստիճան էլիտան խելոք սպասեր նախագահի ինքնաթիռին: Բայց՝ ոչ: Նախագահի վայրէջքից կես ժամ առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը լեզվակռվի, վեճի կամ, ինչպես նրա մամուլի քարտուղարն է արտահայտվում, «բանավեճի» է բռնվում ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ եւ պարզապես օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հետ: Ասում են՝ սույն «բանավեճը» փողոցային հայհոյանքներով է ուղեկցվել, որ Բաղդասարյանը Ծառուկյանին նույնիսկ հիշեցրել է հին մեղքերը՝ Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալուց հետո առյուծից կամ կատու, կամ գուցե մուկ դառնալը:



 



Ճիշտ ձեւակերպումը զրույցի ներկաներից ոչ ոք չի բացահայտել: Երեկ ԲՀԿ-ական մի պատգամավոր-տիկին հերքեց հիշոցների հանգամանքը՝ վստահեցնելով, որ դեռ չի ծնվել այն մարդը, ով Ծառուկյանի հետ կարող է բարձր ձայնով խոսել: Ակամայից միակ տղամարդուն հիշեցինք: Իհարկե, վատ է, որ ՀՀ նախագահին դիմավորելիս է հպատակների կռիվը տեղի ունեցել, ինչպես վատ էր, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հյուրասիրությունը վերջացավ լիսկայականների եւ Բուդաղյանների միջեւ տխուր դեպքերով: Վոլեյբոլային լեզվակռիվը երեկ տեղափոխվեց ԱԺ, կուսակցական շարքեր, ապա վիրտուալ տարածք, որտեղ  խմբեր ձեւավորվեցին՝ իրար դատափետող: Մյուս կողմից, էլ որտե՞ղ պետք է իրար հանդիպեին ԱԽ քարտուղարն ու ՀԱՕԿ նախագահը եւ խոսեին նույն օրը տեղի ունեցած վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության մասին, եթե ոչ նախագահին դիմավորելիս:



 



Նրանց միջեւ հակասությունները հայտնի են դեռեւս նախագահական ընտրություններին  նախորդող ժամանակահատվածից, երբ Գագիկ Ծառուկյանի առաջադրման մասին գրելիս ԶԼՄ-ները եւ ընդդիմադիր ուժերը նրա առաքելությունն ընտրություններում հաճախ համեմատում էին Արթուր Բաղդասարյանի քաղաքական ճակատագրի հետ: Սա նյարդայնացնում էր Ծառուկյանին: Այնպես որ, պաշտոնական անցուդարձից դուրս Բաղդասարյանն ու Ծառուկյանը չեն հանդիպում: Թե ոնց է սկսվել լեզվակռիվը, երեկ ոչ Ծառուկյանի, ոչ էլ Բաղդասարյանի գրասենյակներից չէին հայտնում: ՀԱՕԿ մամուլի քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը միայն ասում էր, որ կոմիտեն մեկ օրից հայտարարություն կանի: Բայց նրա կցկտուր խոսքից հետեւեց, որ ՀԱՕԿ-ը պետք է իր ներկայացուցիչն ունենար վոլեյբոլի ֆեդերացիայի կոնֆերանսին, բայց չի ունեցել: Պարզ է, որ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դժգոհ է այն բանից, որ իր կարծիքը Բաղդասարյանի՝ ֆեդերացիայի նախագահ դառնալու հարցում հաշվի չեն առել: Կոնֆերանսը տեղի է ունեցել «Զվարթնոցի» միջադեպի օրը՝ հոկտեմբերի 19-ին, Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճում, ընդամենը 34 անդամով, առանց նախապես տեղեկացնելու բոլորին: Լրագրողներին ներս չեն թողել:



 



Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը հայտնել է ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի մասին, հպանցիկ հիշատակելով, որ Հայաստանում սիրված այս մարզաձեւը վատ վիճակում է, եւ որ նոր նախագահը, որի դերում իրենք տեսնում են ԱԽ քարտուղարին, կզարգացնի այն: Թե ինչ կապ ունի Բաղդասարյանը վոլեյբոլի հետ, պարզ է դարձել ԱԽՔ խոսքից: Նա ասել է, որ սիրում է վոլեյբոլը: Ավելի ուշ Յուրի Վարդանյանը, շփոթելով անունները, Slaq.am-ին հայտնեց հետեւյալը. «Արթուր Բաղդասարյանի ռուս գործընկերը՝ Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահն է, եւ քանի որ իրենք բացի գործընկերներ լինելուց նաեւ լավ հարաբերություններ ունեն, ուստի իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ռուսաստանյան փորձը եւ մասնագիտական հմտությունները կփոխանցվեն Հայաստանին»:



 



Իրականում, վոլեյբոլի համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահը ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան է, այլ Ստանիսլավ Շեւչենկոն, իսկ Դիտորդական խորհրդի նախագահը ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշեւն է՝ Արթուր Բաղդասարյանի  գործընկերը, որին էլ, հավանաբար, մեր սպորտի նախարարը շփոթել է Բորդյուժայի հետ: Բայց սա չէ կարեւորը, այլ ռուսական իրականության կապկումը, որը մերոնց մոտ արդեն նորմ է դառնում: Մեր տեղեկություններով, կոնֆերանսից մոտ 10 օր առաջ նախկին նախագահ Սուրեն Խաչատրյանը հայտնել է իր հեռանալու մասին: Նա ընտրվել էր 2010 թվականին: Հենց այդ ժամանակ էր եղել վերջին կոնֆերանսը: Ֆեդերացիայում պատմում են, որ Սուրեն Խաչատրյանն այնքան էլ անհաջող նախագահ չի եղել՝ խոշոր ներդրումներ է կատարել ի նպաստ վոլեյբոլի՝ 15 մլն, 10 մլն եւ 8 մլն դրամի:  Երեկ, օրվա վերջում զրուցեցինք ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Ռազմիկ Սուլթանյանի հետ: Ըստ նրա, կոնֆերանսին ՀԱՕԿ ներկայացուցիչների մասնակցության հարցը կանոնակարգված չէ, ուղղակի գրված է, որ ցանկացած մարդ կարող է լինել ֆեդերացիայի կազմում: «Ճի՞շտ է, որ Սուրեն Խաչատրյանը հրաժարական է տվել»: «Նա ոչ թե հրաժարական է տվել, այլ ժամկետը լրացել էր, եւ նա նիստի ժամանակ ասել է, որ չի դնում թեկնածությունը: Սովորաբար, նախագահի ընտրությունը երկու տարին մեկ է լինում, նա նույնիսկ մեկ տարի ավելի է մնացել ժամկետից»: «Նա վա՞տ նախագահ էր»:



 



«Շատ էլ լավն էր: 2011 թվականին աղջիկների հավաքականը Բուլղարիա է ուղարկել, Բուրգաս՝ միջազգային մրցաշարի: 2012 թվականին Բուլղարիա է  ուղարկել տղաների հավաքականը, կանանց հավաքականն ուղարկել է նաեւ Ռոստով: Մարդիկ, որոնք տեղյակ չեն, երեւի մտածում են, թե բան չի արել, բայց ուղղակի Խաչատրյանն էլ, ես էլ՝ որպես գլխավոր քարտուղար, չենք սիրել ներկայացնել մեզ, ուղղակի գործն արել ենք: Բայց հիմա մարդիկ եթե նույնիսկ բան չեն անում, շոու են ցույց տալիս ու դրանով վերջացնում են»: «Պարտադի՞ր է, որ մոտ 100 մարդ մասնակցի նախագահի ընտրությանը, կա՞ քվորում ասվածը»: «Ես կարդացի այսօր կանոնադրությունը, եւ այնտեղ թիվ չի նշվում: Հիմա ես էլ այդ կազմում չկամ, բայց եթե մարդիկ գործ պետք է անեն, շատ ուրախ կլինեմ, որ կարողանան ինչ-որ բան անել, չանձնավորեն, թող մնան, աշխատեն»:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ