Հիմա դատավորների աշխատավարձը իջեցվե՞ց, թե՞ նույնը մնաց…

Հիմա դատավորների աշխատավարձը իջեցվե՞ց, թե՞ նույնը մնաց…

Վերջը չհասկացա դատավորների աշխատավարձը իջեցրե՞լ, բարձրացրե՞լ, թե՞ նույնն են թողել: Եթե ինձ նման ուզում եք ոչինչ չհասկանալ, հարցրեք կառավարության երկու պաշտոնանի Վաչե Գաբրիելյանին: Հեռուստահաղորդավար Արտակ Ալեքսանյանը, ինչքան հասկացա հաղորդումից, նույնպես բան չէր հասկանում՝ հիմա իջեցրի՞ն, թե նույնը թողեցին աշխատավարձերը,- անընդհատ կառավարության գիտակին նույն հարցն էր տալիս: Միանշանակ Վաչեն ասում էր՝ փաստացի չիջեցրին, իրենց տուն ինչքան փող են տարել, այնքան էլ տանելու են: Ա՜յ Վաչե, ասա, քո ի՞նչ գործն է, թե նրանք ինչքան փող են տարել իրենց տուն, ինչու՞ ես դատավորների տունը կռիվ գցում, նրանց փաստացի ու անփաստացի մատանու արանքը  մտնում: Հարց են տալիս՝ դատավորների աշխատավարձը իջեցրի՞ն, թե՞… Կամ այո ասա կամ՝ ոչ, ի՞նչ ես սարուքոլ ընկնում, ծամծմում: 



 



Ամբոխահաճո ես անվանում այն լրագրողներին ու քաղաքական գործիչներին, ովքեր ընդվզում են պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման դեմ. դա էլ չեմ հասկանում: Ո՞վ է ամբոխը՝ ժողովու՞րդը, թե այդպիսի մի հատուկ խումբ կա: Վատ բա՞ն է, եթե ժողովրդի սրտով են խոսում, ժողովրդի երակն են բռնում, որ սրտի զարկերը հաշվեն: Չէ՜, քեզ նման, ձեռքդ դրել ես ժողովրդի դատարկ ու գռմռացող աղիքներին ու ասում ես՝ պուլսը րոպեում 80 է խփում, նորմալ է: Ախր աղիքներն են է՜ սովից րոպեն 80 անգամ ոլորվում, ձայներ հանում, /հանկարծ չվախենաս/, դա պուլս չէ: Մի քիչ վերև բարձրացիր, սիրտը վերևում է, տես այնտեղ ինչ է կատարվում, բնորոշածդ ամբոխը ինչ է խոսում, ինչ է ուզում: Երկրի իմիջ, երկրի իմիջ եք ասում. մեր երկրի իմիջը մենակ նախագահն է,  մնացած պաշտոնյաները նախագահի իմիջի իմիջն են:



 



Գալուստը աշխատավարձի համար կոկորդ է քերում, մեկն ասի՝ երիտասարդ, դե որ իմիջ ես, մի ինքնուրույն քայլ արա: Իմիջդ պահի ու մի անգամ կոճակը պատգամավորի իմիջի համար սեղմի: Կամ ինչու՞ միայն ինքը, բոլոր պաշտոնյաները, առանց բացառության, նախագահի իմիջի իմիջն են կամ եթե անեկդոտն իմանում եք՝ խաշին խաշը: Այդ առումով առաջարկում եմ միայն նախագահի աշխատավարձը բարձրացնել, պաշտոնյաներինը կտրել  ու նախագահի աշխատավարձի վրա դնել: Ձեր ինքնուրույն արածը ո՞րն է, մի ասեք, սիրտս զովանա: Չոչ անող երեխու պես նախագահի առաջ չոչ եք անում ու երկրի իմիջի՜ց խոսում, պրիսծիժից խոսում, «հլը մի քայլելը սովորե՜ք՝ ծյա ծյա՜ռ…»: Խոսքով ընկա ու դատավորներին մոռացա: Հարգելի Վաչե, մի ջիգյարով ասա՝ հա՜, դատավորների աշխատավարձը իջել է, թող մի ժողովրդի /քեզ համար ամբոխ/ «սիրտը դինջանա, թող մի հատ այսքան վատ բաներից , թանկացումներից, սովաբուժությունից հետո մի խեր խաբար լսենք, մե խինդ, մե ուրախություն ընենք, ախր բարբառն անուշ է է՜ է՜ է՜, բարբառով մարդու սիրտը լենն է ընկնում»: Ինչու՞ մի լավ բան չես ասում, Արտակը երևի Արմնյուզի վարկանիշի համար ուզում է, որ ասես. « Տո մենակ աշխատավա՞րձն է իջեցվել, գույքն էլ է առգրավվել», ինչու՞ ես համ Արմնյուզի վարկանիշի հետ խաղում, համ Արտակի, համ էլ ժողովրդի սիրտը կոտրում ու ասում՝ փաստացի դատավորների աշխատավարձը չի իջեցվել: Խեղճ տղան էլ վերջին շյուղից է բռնում, հարցնում՝ բա որ չի իջեցվել, ինչու՞ են բողոքում ընդդեմ կառավարության: Ա՜յ քեզ Արտակ: Մեկն էլ լինի Արտակին ասի՝ ա՜յ ջանա, քո ի՞նչ գործն է հավելավճարների բաղերն ես ընկնում, դու չես իմանու՞մ, որ դատավորին ե՞րբ են աշխատավարձից 10 անգամ շատ հավելավճար տալիս, ե՞րբ են պարգևատրում… Կամ ընկնելուց հետո, ինչու՞ ես դիմադրում ու ասում՝ դատավորներն ինչու՞ են բողոքում: Ջհաննամ, թե չեն բողոքում, կերած տեղները ժողովրդի ասած քոր է գալիս, թող իրենք կառավարության դեմ բողոք գրեն, իրենք էլ իրենց ներկայացրած հայցը լսեն ու վարչապետի աշխատավարձի հարյուրապատիկը վարչապետից հաշվից իրենց հաշիվ գցեն: Թե կարող են, թող անեն, դեմ չենք: Բայց, ախր խոսքն էլ լավ չի գալիս է՜, մինչև որտե՞ղ կարող են վազել… Իրենք չգիտե՞ն իրենց թափը, չափը: Մեզ նման անճարների գլխին են թափը չափում, թող դատավորներով միանան ու կառավարությանը դատի տան:



 



ՀԳ Չնայած հաղորդումը վերջացավ ոչ մի բան չհասկացա Վաչեի ասածից: Արտակն Ալեքսանյանն  էլ չնայած վերջում մի անգամ ասաց հասկանալի է, բայց դեմքի վրա անհասկանալիի նշան էր դրոշմված: Հասկացա, որ քաղաքավարությունից դրդված է ասում՝ հասկանալի է: Հավանաբար հաղորդումից անմիջապես հետո կասի՝ արա՜ դե ինչն էր է՜ հասկանալի, չհասկացա, մի ասա տեսնեմ ինչ ես ասում ու նույն հարցը կտա՝ հիմա դատավորների աշխատավարձը իջեցվե՞ց, թե՞ նույնը մնաց: Բա որ նույնը մնաց, ինչու՞ են սև հագել:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ