Առաքելական եկեղեցին և ջազը

Առաքելական եկեղեցին և ջազը

Չափազանց կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, ժամանակակից հանրածանոթ երաժշտական մշակույթի ձևերն ու երևույթները, որոնք չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով, այլ վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից՝ գրում է qahana.com կայքը:



 



Հավանաբար՝ Էջմիածնի հոգևոր դասը որոշել է իր հոտը վերջնականապես գցել շոկի մեջ: Թվում է՝ դեռ երեկ էր որ Վեհափառը Սերժ Սարգսյանի հետ Հանրապետության հրապարակում հետևում էր կիսամերկ աղջիկների պարերին ու դիսկո լսում հայ աստղերի կատարմամբ: Եվ, ահա, այսպիսի անսպասելի գրոհ ժամանակակից երգ-երաժշտության դեմ: Ինկվիզիցիայի հոտ է փչում՝ գրել է մի աղջիկ իր ֆեյսբուքյան էջում: Բայց հոգևոր դասն անդրդվելի է. «Այս մշակույթը անընդհատ փոփոխվում է, ինչպես քամելեոնը, հարմարվելով նոր սերնդի հոգեկան վիճակների նրբերանգներին, փոխում է իր «նոր» ոճերի անվանումները, անգամ, կարծես թե, երբեմն մերժում է երեկվանը և ընդվզում ինքն իր դեմ, որպեսզի դրանով կենդանացնի հետաքրքրությունն ու ճաշակը նույն բանի նկատմամբ, բայց նրա բուն էությունը միշտ նույնն է:



 



Այս երևույթը ծայրաստիճան նողկալի է և վիրավորական յուրաքանչյուրի համար, անգամ շատ քիչ բարեպաշտ մարդու, առավել ևս անընդունելի է քրիստոնյաների համար: Հենց ռոք-էն-ռոլլի երևան գալը արևմուտքում ընկալվեց որպես երիտասարդների սեքսուալ հեղափոխության սկիզբ:



 



Ամբողջ ճանապարհը, որով անցել և անցնում է այս կործանարար «մշակույթը», որն ահռելի թվով երիտասարդների կարճ ճանապարհով տանում է դեպի խավար դժոխք, ծածկված է ամենանողկալի, ամենասարսափելի մահացու մեղքերի խայտառակությամբ. դա բազմապիսի պոռնկական այլանդակություններն են, սիրո լիարժեք «ազատությունը», այսինքն՝ ամոթի մերժում, ամեն տեսակ ստոր կրքերի ու ցանկությունների լիակատար սանձարձակություն. դա թմրամոլությունն է, որը հաճախ բերում է ամենասարսափելի հետևանքների»:



 



Չկարծեք սա վերջն էր: Շարունակեք ընթերցումը, սիրելի հավատացյալներ, բայց ոչ քնելուց առաջ, որովհետև համապատասխան երազներն անխուսափելի կլինեն:



 



Էդ.Ա.