Երբ քաղաքականության հիմքում աբստրակցիոնիզմն է

Երբ քաղաքականության հիմքում աբստրակցիոնիզմն է

Ամենահաղթական կեցվածքն այս պահին, բնականաբար ՀՀԿ-ն ունի: Իսկ ՀՀԿ-ի կեցվածքը երբեք չի համընկնում մեր հաղթանակի կամ պարտության հետ, թեև մեր սակավ հաղթանակներն ու սարսափելի պարտությունները հիմնականում հենց ՀՀԿ-ի հետ են կապված այս էլ քանի տարի: Այդ տարիների ընթացքում ՀՀԿ-ն հաղթական կեցվածքից բացի ուրիշ կեցվածք չի էլ որդեգրել: Եբեք և ոչ մի պարագայում:



 



Մի շատ հայտնի երգ կա. «Я уехал в Петербург, а приехал в Ленинград»: ՀՀԿ-ի մասին է: Չորս տարի էր՝ Եվրոպա էին գնում, բայց վերջը հասան Ռուսաստան: Եվ դեռ կեցվածքներն էլ հաղթական է: Վիլնյուսում մի հռչակագիր են տվել ձեռքները, տնային հանձնարարության նման մի բան: Կարդում ես՝ մեղքդ գալիս է, լսում ես ՀՀԿ-ականների մեկնաբանություններն ու նրանց ձայնակցող վերլուծաբանների ցնդաբանությունները՝ չգիտես ոնց զսպես քեզ, որ չպայթես: Միևնույն է, իրենք հաղթական կեցվածք են ընդունել:



 



Սրան ասում են՝ ապուշ վիճակ: Մի ամբողջ երկիր ու մի ամբողջ ժողովուրդի այդ վիճակի մեջ են դրել այսօր:



 



Դեկտեմբերի 2-ին Պուտինն է գալիս Հայաստան: Ես կասեի՝ 102-րդ ռազմաբազա է գալիս՝ իր տնտեսությունը ստուգելու: ՀՀԿ-ն, որ Եվրոպա գնալիս հանկարծ Ռուսաստանում է հայտնվել, դարձյալ ցնծում է՝ մեր առաջնորդը շատ իմաստուն որոշում կայացրեց սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարեց՝ վերջ, Բրյուսելի գնացքից Մոսկվայում իջնում ենք: Մեկ-երկու օրում բոլոր արևմտամետները, Դավիթ Հարությունյանից բռնած, մինչև հայասըտանի արտաքին քաղաքականության եվրաուղղության հարցով հանձնակատար Շավարշ Քոչարյանը, դարձան ռուսամետ, բայց, ինչպես ասում են՝ «с европейским акцентом»: ՀՀԿ-ի համար այս ամենը նույնպես ոչ մի նշանակություն չունի: Պուտինին դիմավորելու են նույն էնտուզիազմով, ինչ էնտուզիազմով այսօր գովերգում են վիլնյուսյան այս շրջագայությունը: Իսկ սա նշանակում է, որ Պուտինի գնալուց հետո ապուշ վիճակն ավելի է խորանալու:



 



Մեջտեղում ոչ մի քաղաքական ուժ չկա, եթե նկատել եք: Մի քանի հերթապահներ են միայն՝ «Ժառանգության» ութերորդ դեմքի, Պարույր Հայրիկյանի և Դավիթ Շահնազարյանի տեսքով: Եկել են հրապարակ՝ Հայաստանը Ռուսաստանին բռնակցելուց են խոսում: Նայողը կասի՝ էս ինչ դարդիման տղերք են: Բայց էս տրյուկն այլևս չի աշխատում: Հայրիկյանը շրջաններից եկող չունի, որ ոստիկանությունը ճանապարհները փակի: Ընդամենը մի ավտո լոզունգ ունի՝ դա էլ տարել են ոստիկանություն ու հանրահավաքը զրկել գաղափարական հենքից: Ավելի ապուշ վիճակ կարո՞ղ է լինել:



 



Իսկ ինչո՞ւ չկան քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, ինչո՞ւ ոչինչ չեն ասում Վիլնյուսի և Պուտինի առաջիկա այցի մասին: Ենթադրենք՝ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը շատ ճիշտ որոշում է կայացրել և ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը համամիտ են այդ որոշմանը: Դա նշանակում է պիտի լռեն ու թույլ տան, որ ՀՀԿ-ն նաև Վիլնյուսում «տարած» հաղթանակներո՞վ պարծենա:



 



Էդ.Ա.