ՀԿԿ-Ն ընդդիմության առաջնե՞կ

ՀԿԿ-Ն ընդդիմության առաջնե՞կ

Երեկ Հայաստանի խորհրդայնացման օրն էր, եւ Հայաստանի կոմկուսի ժամանակավոր ղեկավար Տաճատ Սարգսյանն օրվա խորհրդի թելադրած նոստալգիկ տրամադրությունների մեջ էր, ինչով փորձեց վարակել նաեւ լրագրողներին. «Հրաշք եք ուզում տեսնել՝ համեցեք Խորհրդային Հայաստան, այն թանգարան է բաց երկնքի տակ»:



 



Խորհրդայնացման օրը կոմունիստ ընկերներով, արթնանալուն պես, դեպի «հրաշք ժամանակների» գործիչների արձաններն են շտապել, ծաղիկներ դրել. «Գլուխ խոնարհեցինք՝ արցունքի երկիրը խոստանալով նորից դարձնել վարդերի երկիր»: ՀԿԿ Կենտկոմի առաջին անձը հույսը չի կորցնում, որ համագումարը վերջնական կնիքը կդնի, եւ ինքը կդառնա Կոմկուսի ղեկավար: Ռուբեն Թովմասյանը հեռացավ` իր տարիքը պատճառաբանելով, բայց Տաճատ Սարգսյանն էլ երիտասարդ չէ. Թովմասյանի հետ գրեթե հասակակիցներ են՝ հինգ տարվա տարբերություն, ուստի չի բացառվում այլ թեկնածուների նախագահ դառնալու հավանականությունը: Անկախ ամեն ինչից, նա ասուլիսի սկզբից մինչեւ վերջ գովերգեց Կոմկուսը եւ իրենց ժամանակները: «ՀԿԿ-ն եղել է, կա եւ կմնա հանրապետության ավանդական ընդդիմության առաջնեկը»: Այն այսօր անգամ մոդեռն տեսքի է բերվում՝ գրասենյակներն են նորոգում, որ ժամանակին համահունչ քայլեն, իսկ հովանավորում են մարդիկ, որոնք իրենց «ժամանակներում փառքի գագաթնակետին են հասել»:



 



Հետո  ընկեր Սարգսյանը համեմատեց ԱԺ պատգամավորներին ՍՍՀՄ ԳԽ անդամների հետ, իրենց ժամանակներում «ամենա-ամենաներն» էին անցնում խորհրդարան. «Ամենալավ ջուլհակը, ամենալավ ընտանիքի հայրը, ամենալավ բանվորը…»: Համեստություն չարեց՝ իր անունն էլ հիշատակեց: Մեր հարցից հետո, թե ինքը որ հարցով է «ամենա»-ն եղել, Սարգսյանը մոտ 10-15 րոպե իր ինքնակենսագրականն էր ներկայացնում, որից պարզ դարձավ, որ նա ղեկավարել է արդյունաբերությունը, կապը, շինարարությունը, տրանսպորտը, եւ այսպես շարունակ:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]