Մեր քարտուղարն էլ Բրեժնեվի երեսները չէր լիզում

Մեր քարտուղարն էլ Բրեժնեվի երեսները չէր լիզում

Եթե արեւմտամետ փոքր հատվածի շրջանում Պուտինի այցն ընդվզման, խռովության,  ծաղրուծանակի ալիք բարձրացրեց, ապա մի ստվար զանգվածի, հատկապես հանրապետական պատգամավորների համար այն պատիվ էր։



 



Ռուսաստանի  տիրապետության տակ  ապրելու, երանելի  ժամանակները վերապրելու հնարավորություն։ ՀՀԿ-ում հուզված են Պուտինի՝ Հայաստանին արժանացրած այդ պատվից։ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ զրույցն այդ թեմայով է: 



 



- Պարոն Մինասյան, ի՞նչ խորհուրդ ուներ Պուտինի այցը, Մաքսային Միությանն անդամագրվելու վերջնական ամրագրո՞ւմն էր։






- Դա նշանակում է այն, որ բարեկամ երկրի, ստրատեգիական գործընկեր երկրի նախագահն այցելեց Հայաստան, եւ շատ լուրջ հարցեր քննարկեցինք. տնտեսական, ռազմական եւ պաշտպանական, ածխաջրի հետ կապված խնդիրներ, մեր հայրենիքի, ժողովրդի վերաբերյալ համալիր խնդիրների մասին քննարկումներ եղան, եւ ես, որպես հայ մարդ, ողջունում եմ ու հեռանկար տեսնում, որ ՀՀ տնտեսության զարգացման համար որոշակի պայմաններ ստեղծվեն։



 



- Ձեր նշած զարգացման շրջանակո՞ւմ էր  «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի նվիրաբերումը Ռուսաստանին։






- Բայց մենք գազն ստանալու ենք ռուսական ներքին շուկայի գներով, եւ ավելին՝ մեր գազի խողովակաշարերը շահագործելը (ես մասնագետ եմ, շատ լավ հասկանում եմ)  բազում ծախսեր, տեխնիկա ու նյութական ծախսեր պահանջող համակարգ է, որն ամբողջությամբ դրվելու է ռուսական կողմի վրա։



 



- Դուք այդ 20 տոկոսի նվիրաբերումը դրական քա՞յլ եք համարում։






- Միանշանակ։ Եթե ՀՀ-ն այլ երկրներից երեք անգամ էժան գազ է ստանալու, դա մի՞թե ողջունելու չէ։ Մաքսային միություն մտնելու դետալներից մեկն էր էժան գազը, մենք բազում կապերով ենք կապված մեր ստրատեգիական պարտնյորի հետ, ու առաջինը մեր անվտանգության հարցն է եւ գումարած տնտեսության զարգացման հեռանկարները, չմոռանանք, որ ռուսական շուկա մտնելու լայն հնարավորություններ ենք ունենալու։ Մշակութային ընդհանրություններ կան, եւ այս շուկայում մեր ապրանքն ավելի մրցունակ է,  քան եվրոպական շուկայում, սա իրատես գնահատական է։



 



- Դուք թվարկում եք դրական սպասելիքներ, բայց Ռուսաստանը պաշտոնապես իրականացնում է  հայաթափման մեծ ծրագիր, գայթակղիչ պայմաններով  ՀՀ քաղաքացիներին տեղափոխում է Ռուսաստան՝ բնակություն հաստատելու։ Դա Ձեզ չի՞ անհանգստացնում։






- Ես կարծում եմ, որ ռուսական պետականության հետ մեր հարաբերություններն այսուհետ ավելի մտերմիկ է լինելու, եւ ցանկացած հարց, որը հետաքրքրելու ու մտատանջելու է մեզ, մեզ  համար պրոբլեմ է լինելու, կարող ենք քննարկել ու համատեղ լուծում գտնել։



 



- Արտագաղթի այս ծրագրի դեպքում համատեղ լուծումը ո՞րն է։






- Եթե դա իսկապես այնպես է, ինչպես Դուք եք ներկայացնում, ես կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը հնարավորություն կունենա ավելի արդյունավետ համագործակցել ռուսական կառավարության հետ, եթե կան ավելորդ կամ առաջին հայացքից հրապուրիչ բաներ, որոնք տրամադրում են, որ մարդիկ գնան, ուրեմն տնտեսական հնարավորություններ կստեղծեն հենց նույն Հայաստանում։ Աշխատատեղեր կստեղծվեն, որ հենց տեղում ընտանիք կպահեն։



 



- Պարոն Մինասյան, ոմանք նկատել էին, որ Վլադիմիր Պուտինն անգամ պատշաճ չողջունեց Սերժ Սարգսյանին։ Դրա մեջ դիտավորություն կա՞ր։






- Գիտեք ինչ, էդ սովետական համբույրների ժամանակն անցել է։ Տղամարդը տղամարդու հետ ընդամենը բարեւում է, ամենաշատը՝ մեջքին թփթփացնում։



 



- Բայց կադրերից տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանն ավելին էր սպասում։






- Էդ Ձեզ է թվացել, շատ ջերմ է եղել հարաբերությունները, շատ տղամարդավարի, իրար անձերը հարգող շփումներ։ Գիտեք ինչ, ամեն մեկը կարող է իր մեկնաբանություններն անել, ես տարիների փորձով ասում եմ՝ մի մոռացեք, որ մեր քարտուղարը համարվում էր ամենահարգվածներից մեկը, որ Բրեժնեւի երեսները չէր լիզում, իսկ թուրքերը, ադրբեջանցիները, վրացիները մեզ ասում էին՝ ձեզ հալալ ա։ Տղամարդուն հալալ չէ, էլի, գնա ուրիշի հետ համբուրվի։ Ինչ ա, ուզում են, որ մենք համբուրե՞նք, ինչի՞ պիտի համբուրենք, ջերմորեն, տղամարդավարի բարեւում էին, ինչի՞ եք վատ բաներ փնտրում։



 



- Պուտինին դիմավորեցին՝ պարալիզացնելով երկիրը։ Դա ստրկացման, հպատակման ժեստ չէ՞ր։






- Վայ վայ, վայ, մի մոռացեք, որ ես գյումրեցի եմ ու էսօր էլ առնչվում եմ մարդկանց հետ, էդպես չի, ինչպես որ ասում են, ուղղակի որոշ մարդիկ ուզում են ամեն ինչի մեջ վատը տեսնեն, բարեկամ պետության նախագահն այցելել է Հայաստան, բնական չի՞, որ պետական այցը, որն ամենաբարձր այցն է, պիտի վերաբերվել ամենաբարձր ձեւով։  Տրանսպորտը…  բա պիտի փակեին, բա ի՞նչ պիտի անեին։



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]