Արամ Աբրահամյանը թուրք ազգայնականին ինչ-որ բանի հետ է շփոթում

Արամ Աբրահամյանը թուրք ազգայնականին ինչ-որ բանի հետ է շփոթում

Մեր գործընկերը, վստահաբար, տեղյակ չէ, թե ինչ ասել է թուրք ազգայնական, տեղյակ չէ, որ թուրք ազգայնականությունը ծագել է այլատյացության եւ առաջին հերթին ու ամենից շատ՝ հայատյացության հիմքի վրա: Ցավում եմ, բայց նա թուրք ազգայնամոլին դիտում է նույն հարթության մեջ, ինչ թուրք սոցիալիստին եւ ազատականին: Արամ Աբրահամյանի սխալը գալիս է նաեւ Արամ Աբրահամյանի ազատական մտածողությունից:



Հարցը Արամ Աբրահամյանը հստակ է ձեւակերպել` ինչ է, մենք միայն պիտի հանդիպենք հայ ժողովրդի բարեկամների՞ հետ: Իհարկե` ոչ: Ինչ շունուշանգյալի հետ ասես` պետք է հանդիպենք: Խնդիր չկա: Բայց հանդիպումից առաջ գոնե պիտի իմանանք, թե ում հետ ենք հանդիպում, որպեսզի ճշտենք, թե ով պետք է հանդիպի, ինչ ձեւաչափով եւ ինչ տոնայնությամբ պիտի խոսի հետը: Եվ պատկերացրեք, պարոն Աբրահամյան, որ բոլորովին կարեւոր էլ չէ, թե ով է հանդիպողը: Դա կարող է լինել նախագահը, վարչապետը, կաթողիկոսը: Խնդիրը սա չէ: Խնդիրն այն է, որ հանդիպել են այդ Հասան Օքթայի հետ` չիմանալով նրա ով եւ ինչ լինելը:



Արման Կիրակոսյանը, ով նույնպես «բախտ էր ունեցել», իր ասելով, աչքերը փակ շփվելու այդ գորշ գայլուկի հետ, հետո հայտարարեց` եթե իմանայի, որ նա այդ կազմակերպության հետ կապ ունի, բնական է` չէի հանդիպի: Կիրակոսյանի դեպքում մի քիչ դժվար է հավատալ, որ կապ չունի Թուրքիայի քաղաքական շրջանակների հետ, բայց, ամեն դեպքում, նրա այդ հայտարարությունը բավականին ուշագրավ է, որովհետեւ, չենք էլ կասկածում, նույն բանը կասեն վարչապետն ու Գարեգին Բ կաթողիկոսը: Նրանց պարագայում, այո, դա արդեն խայտառակություն կլինի: Հետեւաբար, մեր գործընկեր Արամ Աբրահամյանը, չգիտեմ՝ կամա թե ակամա, մի գործ է ձեռնարկել իր այս հոդվածով (Պետք չէ վախենալ ազգայնականներից), որ ծիծաղելի վիճակից հանի հայ երեւելիներին, թե գիտե՞ք ինչ կա, այդ մարդիկ գուցե Օքթայի հետ լուրջ բաներից են խոսել եւ, ով գիտի, նրան համոզել, որ հայերն այնքան էլ վատը չեն, եւ ինքը պետք է հրաժարվի իր ծայրահեղ հակահայ գաղափարախոսությունից:



Անհեթեթ ջանքեր են, պարոն Աբրահամյան: Դատելով այն հանգամանքից, որ թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը վաղուց է, ինչ գնում-գալիս է Հայաստան եւ այստեղ արդեն իրեն ընդունող շրջանակներ ունի, խոսում է մեկ բանի մասին միայն` որ մեր իշխանություններն այնքան անտարբեր են ազգային խնդիրների ու հարցերի հանդեպ, որ նույնիսկ սեփական չափուկշիռն են կորցրել եւ հանդիպում, գրկախառնվում ու լուսանկարվում են ում հետ պատահի:



Արամ Աբրահամյանը վստահաբար գիտի, որ Հայաստանում գտնվող ԱՄՆ դեսպանատունն ամեն դիմողի վիզա չի տալիս: Կարծում եմ` դրա պատճառներն էլ լավ պատկերացնում է, ինչպես նաեւ հասկանում, թե ինչու են դիմում գրողին ամիսներ սպասեցնել տալիս, հրավիրում հատուկ հարցազրույցի եւ այլն: Եթե քո անձնագրում նշում կա ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի երկրներում եղած լինելու մասին, եթե փոքր-ինչ կասկած ես հարուցում քո ապրած կյանքով, առանց բացատրության մերժում են քեզ շատ հայտնի եւ չեզոք ձեւակերպումով` «Դուք Հայաստանում չունեք բավարար սոցիալական բազա, որպեսզի հետ վերադառնաք»: Ու էլ ավել-պակաս հարցեր չեն տալիս` ազատական ես, ազգայնական ես, թե սոցիալիստ:



Հիմա Արամ Աբրահամյանը կարող է մեզ հարց տալ` բա ինչպե՞ս է, որ Թուրքիան բոլոր հայերին էլ վիզա է տալիս: Տալիս է, այո, բայց ամեն մեկին հատուկ ծառայություններով կրնկակոխ հետեւում են, մինչեւ նրա` Թուրքիայից դուրս գալը: Կարծում եմ` Արեւմտահայաստան գնացող խմբերն ու անհատները կհաստատեն:



Եթե այդ Հասան Օքթայը Հանրապետության հրապարակում արված հատուկ ժեստով իր լուսանկարը չտեղադրեր «Ֆեյսբուքում», որեւէ մեկը կիմանա՞ր, թե նա ինչ պտուղ է, ինչ կազմակերպությունից, ինչ ծայրահեղական գաղափարների տեր: Դժվար թե: Որովհետեւ Հայաստանը եղել է, կա ու կմնա այսպիսի հարցերում ամենափնթի ու ամենադյուրահավատ երկիրը:



Արամ Աբրահամյանը մտածում է, որ Օքթայը դեռ շարունակելու է գալ Հայաստան: Մենք պիտի ամենավերջին փալաս երկիրը լինենք, որ նրան թույլատրենք եւս մեկ անգամ հատել սահմանը: Եվ, առհասարակ, այս դեպքը պետք է ազդակ հանդիսանա, որ այսօրվանից ստուգեն ու պարզեն Հայաստանում գտնվող Թուրքիայի քաղաքացիների ինչ լինելը: Նրանց երեւի 80 տոկոսը, գործարարի անվան տակ ծպտված, հերոինի գործ է անում: Դա որեւէ մեկին հետաքրքրո՞ւմ է, թե՞ ոչ:



Իսկ մեր ազատամիտ եւ ազատական երիտասարդությունն էլ պետք է ի վերջո հասկանա, որ ազգայնամոլն ազգայնականը չէ, առավել եւս` ազգայնամոլությունն ազգային գաղափարախոսություն չէ: Ազգային գաղափարախոսությունը երբեք չի նույնացվում այլատյացության հետ: Իսկ այն, ինչ արել է Օքթայը Հանրապետության հրապարակում, նույնն է, թե Իսրայելում մեկը ֆաշիստական սվաստիկան բարձրացներ: Նմանի հետ Իսրայելի իշխանությունները հաստատ Նաթանյահուի մակարդակով չէին շփվի:



 



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ