Ինչո՞ւ են Վանաձորում գաղտնի պահում ավագանու նիստի օրակարգը

Ինչո՞ւ են Վանաձորում գաղտնի պահում ավագանու նիստի օրակարգը

Այսօր՝ փետրվարի 11-ին, Գյումրու ավագանու հերթական նիստն է կայանալու, նիստի օրակարգային հարցերից մեկը երեկ բուռն քննարկումների առիթ է տվել սոցիալական կայքերում:



Ըստ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի, «Գյումրու համայնքի ղեկավարին է դիմել «Վերածնունդ» փառատոնի համանախագահ Լեւոն Սարգսյանը «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությանը դրամական նվիրատվություն կատարելու խնդրանքով: Որոշման ընդունումը պայմանավորված է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը պատշաճ կազմակերպվածությամբ եւ բարձր մակարդակով անցկացնելու նպատակով, որի համար անհրաժեշտ է 5.000.000 (հինգ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ», ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:



 



 Այս դիմումից ձեւավորվել է Գյումրու Ավագանու 2014 թվի փետրվարի 11-ի նիստի հինգերորդ հարցը եւ որոշման նախագիծը, որով նախատեսվում է հատկացնել այդ գումարը հիշյալ ՀԿ-ին»,-ասված է Բարսեղյանի գրառման մեջ: Մեկնաբանություններիմեջ ընթերցողներից մեկն առաջարկում է նշված գումարը տրամադրել այն գյումրեցի արվեստագետներին, ովքեր այդպես էլ երբևէ նույնիսկ փոքր ցուցահանդես ու ալբոմ չեն ունեցել: Մի քաղաքացի էլ նշել է, որ Գյումրին ավելի առաջնային խնդիրներ ունի, որոնց վրա արժեր ներդնել այս գումարը: Նույն այդ քաղաքացին Բարսեղյանին առաջարկում է չտալ այդ գումարը Սերժ Սարգսյանի եղբորը: Ի դեպ, մամուլում տարածված հրապարակումների համաձայն նույն այդ փառատոնը հովանավորվում է թե մշակույթի նախարարության ու թե բազմաթիվ պետական ու այլ կազմակերպությունների կողմից ու բնավ կարիք չկա Գյումրու նման թշվառ քաղաքից նման մեծ գումար «խնդրել»:



 



Կհատկացնի՞ այդ գումարը վաղը Գյումրի համայնքի ավագանին նշված կազմակերպությանը, թե ոչ, պարզ կդառնա արդեն այսօր, սակայն մի բան հստակ է, առաջարկը «ամենավերևից» է իջել:



 



Հ.Գ



Ի դեպ, այսօր ավագանու արտահերթ նիստ է կայանալու նաև Վանաձոր քաղաքում, որի մասին սակայն տեղի լրագրողներին քաղաքապետարանից չեն տեղեկացրել: Տեղեկատվությունը ի տարբերություն նախորդ նիստերի, չի հրապարակվել նաև Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Մենք փորձեցինք նիստի մասին երեկ որոշակի մանրամասներ իմանալ, մասնավորապես՝ ինչու է արտահերթ նիստ հրավիրվել ու քանի հարց է ընգրկված օրակարգում, սակայն ավագանու անդամներից շատերը հրաժարվեցին  մեզ տեղեկատվություն տրամադրել թե հարցերի քանակի ու թե օրակարգի վերաբերյալ: Վանաձորում տարածված խոսակցությունների համաձայն նույն «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությունը դրամական նվիրատվություն կատարելու խնդրանքով դիմել է նաև Վանաձորի քաղաքապետին, չնայած որ այս տեղեկատվությունը ճշտել մեզ այդպես էլ չհաջողվեց: