ԵՄ-ն չներեց Հայաստանին

ԵՄ-ն չներեց Հայաստանին

Ստրասբուրգում փետրվարի 5-6-ը տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստը սկանդալային ավարտ է ունեցել: Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ավարտին կողմերին այդպես էլ չի հաջողվել եզրափակիչ հայտարարությամբ հանդես գալ:



 



Ըստ էության, այս նիստն առաջինն էր Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, ու այնտեղ պետք է քննարկվեին Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության հնարավորությունները, սակայն այն հայկական կողմի համար, մեղմ ասած, ամոթալի ընթացք է ստացել:



Հայաստանի պատվիրակության կազմում էին ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ով պետք է զեկուցեր տնտեսական թեմաներով համագործակցության շուրջ, Թեւան Պողոսյանը «Ժառանգությունից»` Լեռնային Ղարաբաղի հարցով էր զեկուցելու, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների թեմայով, ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, ով պետք է ելույթ ունենար Հայաստանում ժողովրդավարական զարգացումների շուրջ, ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը պետք է ներկայացներ տարածաշրջանային համագործակցության մանրամասները, իսկ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Մարգարիտ Եսայանը, ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցության հեռանկարների շուրջ: Այսինքն՝ քննարկումների օրակարգը բավականին լայն էր: Սակայն ԵՄ պատվիրակությունը չի ներկայացել այն կազմով, որը նախատեսված է եղել:



Ընդամենը 4-5 հոգի են ներկա եղել՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը եւ տեխնիկական խնդիրները, մասնավորապես, դահլիճ չլինելու հետ կապված՝ առաջարկել են ելույթները մի կողմ դնել ու քննարկումներին անցնել հարցուպատասխանի ֆորմատով: Մեր պատվիրակներից որեւէ մեկին այդպիսով հնարավորություն չի ընձեռվել զեկույցով հանդես գալ: Ճեպընթաց նիստի ընթացքում ԵՄ գործընկերները մերոնցից, այսպես ասած, հաշիվ են պահանջել, թե ինչպես եղավ, որ 3-4 տարի շարունակ ասոցացվելու խոստումներ էին տրվում, բայց, ի վերջո, Մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունվեց: Օրինակ, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում Հայաստանի հետ ընդգրկուն տնտեսական համագործակցության հարցեր էին բարձրացվել ու լուծումներ առաջարկվել:



 



Ապա նա հարց է ուղղել ՀՀ պատվիրակությանը, թե Մաքսային միությանը միանալուց հետո ինչպիսի օրակարգային հարցեր է տեսնում ՀՀ պատվիրակությունը, ԵՄ տնտեսական կապերի ինչ նոր ձեւաչափ, եւ, ի վերջո, որն էր Մաքսային միությանն անդամագրվելու շահը: Այս հարցին փորձել է պատասխանել Վահրամ Բաղդասարյանը՝ հայտարարելով, թե Հայաստանին «լուսավոր ու ապահով ապագա է սպասվում Մաքսային միությունում, իսկ Հայաստանի տնտեսությունը ծաղկելու է ՄՄ կազմի մեջ մտնելուց հետո»: Բաղդասարյանի սովետական պաթոսը լսելուց հետո հարցն ուղղած ԵՄ պատվիրակության անդամն ուղղակի ցուցադրաբար լքել է նիստերի սրահը: ԵՄ մեկ այլ պատվիրակ էլ մերոնց հիշեցրել է հայաստանյան պատվիրակության նախկին պնդումները՝  խոր համագործակցության ձեւաչափի մասին, համոզելով, որ ԵՄ-Հայաստան ասոցացման գործընթացը բացասական չի անդրադառնա ՌԴ-ի հետ Հայաստանի կապերի վրա:



 



Սա ասվել է այն բանից հետո, երբ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը գովերգել է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն ու մեղադրել ԵՄ-ին այն բանում, որ բանակցությունների ժամանակ հաշվի չի առնվել ղարաբաղյան խնդրի ու Հայաստանի անվտանգության հարցը: ՀՀԿ-ական պատգամավորը բողոքել է ԵՄ-ից` մեղադրելով նաեւ, որ Եվրոպական Միությունն ակտիվ չի միջամտում ղարաբաղյան հարցին ու չի դատապարտում Ադրբեջանի գործողությունները: Ի պատասխան հնչել է, թե ՀՀԿ-ական պատգամավորը, հավանաբար, լավ չի տիրապետում ղարաբաղյան խնդրին, քանի որ դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ ԵՄ-ի կողմից եղել է առաջարկ Մինսկի խմբի կազմում Ֆրանսիային փոխարինել ԵՄ-ով, սակայն ՀՀ նախագահը մերժել է այդ առաջարկը:



 



Մի խոսքով՝ ԵՄ պատվիրակներն ընդհանուր առմամբ հայտնել են, որ ՀՀ-ի հետ նոր համագործակցությունը պետք է սկսել ուղղակի զրոյից, իսկ առավել անողոքները չեն խնայել մերոնց եւ հայտարարություն են արել, թե Հայաստանի հետ համագործակցությունը քննարկելու համար պետք է նախ համաձայնություն ձեռք բերել ՌԴ-ի հետ:



 



ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱԿԵՑ ԴՈՒՌԸ






Զավեշտն իր գագաթնակետին է հասել, երբ այս ամենից հետո մեր պատվիրակության ղեկավարը որոշել է չստորագրել համատեղ հայտարարության տակ: Սա առաջին դեպքն է, երբ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցությունն ավարտվում է առանց հայտարարության: Պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում շտապել է մեղադրել եվրոպացիներին՝ փաստաթղթում անընդունելի ձեւակերպումներ ներառելու համար, հատկապես Լեռնային Ղարաբաղին վերաբերող մասում: «Առավել մտահոգիչ է հանգամանքը, որ որոշ եվրախորհրդարանականներ կարծում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումների վերաբերյալ իրենց դժգոհության արտահայտման լավագույն միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առավել կոշտ, իրականում՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը որեւէ կերպ չնպաստող, եթե ոչ՝ ուղղակիորեն վնասող, մոտեցումների կիրառումը»,- գրել է: Իսկ մեկ այլ ՀՀԿ-ական՝ Վահրամ Բաղդասարյանը, ոչ այնքան վտանգավոր ու ոչ հայանպաստ է համարել առաջարկվող հայտարարությունը, որքան «թույլ»՝ նախորդ տարվա հետ համեմատ, ինչը, ըստ պատգամավորի, «հետընթաց» է: Հակառակ իշխանականների պնդումներին` ոչ իշխանական պատվիրակները երեկ մեզ հետ զրույցում նշեցին, թե հայտարարությունը ոչ միայն հնարավոր էր ընդունել, այլեւ անհրաժեշտ էր: Քանի որ հայկական կողմը հնարավորություն է ունեցել ներկայացված տեքստում փոփոխություններ առաջարկել: «Ինչ խոսք, իրենք ներկայացրել էին մի տեքստ, որի հետ մենք մի քիչ անհամաձայնություն ունեինք, բայց աշխատեցինք դրա վրա, եւ կարծես թե այն փոխվում էր, համենայնդեպս, այն առնվազն մեզ ու մեր երկրի շահերը չէր վնասում, ու պետք է ընդունվեր դա, քանի որ սեպտեմբերի 3-ից հետո չի կարելի փակել դուռը,- մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցությունից Ստեփան Մարգարյանը՝ հավելելով:- Այն բառերը, որոնք մեզ խանգարում էին, իրենք համաձայնեցին հանել, բայց արդյունքում նորից չստորագրվեց, եւ տպավորություն կար, որ դա քաղաքական որոշում էր»: Իսկ «խանգարող» ձեւակերպումներից մեկը, ըստ Մարգարյանի, եղել է «ձգձգվող հակամարտությունը». «Մի քիչ բանակցելուց հետո նրանք համաձայնեցին այդ բառը հանել: Հաջորդ ձեւակերպումն այն էր, որ մեր համանախագահն ասում էր, թե հայտարարությունում պետք է հստակ ձեւակերպված լինի, հարցի կարգավորումը հելսինկյան սկզբունքներից պետք է բխի, որտեղ գրված է ինքնորոշման իրավունքի ճանաչում, ուժի կիրառման անթույլատրելիություն եւ տարածքային ամբողջականություն, մինչդեռ իրենց ներկայացրած տեքստում դա ներկայացվում էր որպես Մինսկի խմբի կողմից կարգավորվող պրոցես, որը գրեթե նույն բանն է, որովհետեւ ՄԽ-ում այդ կետերը կան: Սակայն իրենց կողմից համանախագահը չքննարկեց այդ հարցը, որովհետեւ դա իրենց քաղաքական հանձնաժողովում էին ընդունել, սակայն համաձայնեցին բառերի փոփոխություն կատարել, ինչի արդյունքում ունենում էինք այն, ինչը մենք էինք առաջարկում: Մի խոսքով, ես կարծում եմ, որ կարող էինք ստորագրել»:



 



Մինչդեռ Ղարաբաղի հարցով զեկույց պատրաստած Թեւան Պողոսյանի խոսքով, ՄՄ-ին անդամակցելու որոշումը համապատասխան վերաբերմունք է ձեւավորել,  եւ եվրոպական կողմը, հասկանալիորեն, օգտագործեց նիստի ժամանակային սահմանափակումն ու հնարավորություն չընձեռեց ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող բաժնում կատարել անհրաժեշտ ու համապատասխան փոփոխություններ: Անդրադառնալով վիճահարույց ձեւակերպումներին՝ Պողոսյանը հայտնեց. «Ըստ ամենայնի, Եվրոպական պատվիրակության անդամները շատ էին ցանկանում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան փոխարինվի ԵՄ-ով: Նրանց կողմից առաջարկվող տեքստում մտահոգություն էր արտահայտվում, թե բոլորը դժգոհ են բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունից: Եվրոպական խորհրդարանականների կողմից առաջարկվող տեքստում հավասարության նշան էր դրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:



«Սակայն, լավ գիտակցելով եվրոպական կողմի ցանկությունը, հավասարեցնել մեզ Ադրբեջանին եւ չստորագրել որեւէ փաստաթուղթ, մենք՝ պատվիրակության անդամներս, նույնպես չկարողացանք լեզու գտնել եւ միասնաբար այնպիսի ձեւակերպումներ տալ, որոնք մի կողմից չէին հարվածի հայկական դիրքորոշմանը, մյուս կողմից՝ կլինեին ընկալելի եվրոպացիների համար, եւ, ի վերջո, նրանք պարտադրված կլինեին ընդունել դրանք: Դրանով կհավաստեինք նաեւ, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը շարունակվում է: Սակայն ակնհայտ է, որ մեր իշխանություններն ամեն կերպ խուսափում են ստորագրել եվրոպական կառույցների հետ որեւէ փաստաթուղթ, որը կարող է «գրավել» Ռուսաստանի ուշադրությունը»,- եզրակացնում է Պողոսյանը: Պատգամավորի խոսքով, այժմ մի իրավիճակ է ստեղծվել, «եթե նախկինում Հայաստանը պետք է կատարեր իր տնային աշխատանքները եւ արդարացներ այն բոլոր խոստումները, պարտավորությունները, որոնք անցած 3-4 տարիներին տվել էր, ապա այժմ դրանք պետք է միայնակ կատարի»:



 



Մինչդեռ, հիշեցնենք, 2012-ին երկկողմ հանդիպման ընթացքում վերահաստատել էին 1987 թվականին ԵԽ-ի կողմից ընդունված ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Ղարաբաղի հարցով նույնպես երկուստեք եկել են ընդունելի ձեւակերպումների, եւ Հայաստանի պատվիրակները  գլխավոր ձեռքբերում  համարեցին Եվրախորհրդարանում ընդունված փաստաթղթում հատկապես Լեռնային Ղարաբաղի օդանավակայանին վերաբերող դրույթի ներառումը: 



 



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]