Հիմա հասկանու՞մ եք՝ Հեղինեն ինչու՞ է փեշերը վեր քաշել ու տրնգի պարում

Հիմա հասկանու՞մ եք՝ Հեղինեն ինչու՞ է փեշերը վեր քաշել ու տրնգի պարում

… Որ ՕԵԿ-ն էլ մեջտեղ ընկավ, էստեղ հեքիաթի պառավը մատը կծեց՝ պահո՜, էս ինչ նոր զուլում է նախապատրաստվում, «Անուշ» օպերայում էս ի՜նչ նոր դերակատար է հայտնվել: Ի դեմս Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանն ինքն էլ պարզաջրում է. «Օրինաց երկիր» կուսակցությունը կողմ է երկխոսությանը և գիտի երկխոսության արժեքը։ 2008-ին տեղի ունեցավ նմանատիպ երկխոսություն, երբ նախագահական ընտրություններից հետո, երբ երկրում հեղափոխական իրավիճակ էր, և կար ներքաղաքական լարվածություն, և ինչու չէ՝ նաև արտաքին ագրեսիա կարող էր տեղի ունենալ, առաջարկություն եղավ երկրի նախագահի կողմից, երկխոսության կոչ, «Օրինաց երկիր» կուսակցությունն այդ կոչն ընդունեց հանուն այն բանի, որ երկրում տեղի չունենա քաղաքացիական պատերազմ և արտաքին ագրեսիա»։



Մալադեց ՕԵԿ, որ մեզ փրկել է արտաքին ագրեսիայից ու քաղաքացիական պատերազմից, հիմա էլ նույն տեմպով շարունակում է փրկարարական աշխատանքը: ՕԵԿ-ը դեռ վառվում է իր ԱԽՔ քայլից և ամեն ինչի մեջ ջուր է փնտրում, որ սև երեսը լվանա: Բայց դե ժողովուրդը մի լավ ասացվածք ունի՝ սևին սապոնն ինչ անի… Ինչևէ, Հեղինեի ասածի մեջ կարելի է գտնել ներկա իրավիճակի գնահատականը՝  երկրում հեղափոխական իրավիճակ է, այդ առումով ՕԵԿ-ը կարևորում է երկխոսությունը: Իսկ ՕԵԿ-ի երկխոսության գինը տեսել ենք.  նույն գինը սպասում է նաև մյուս կուսակցություններից: Եվ ընդհանրապես Հայաստանի ժողովուրդը շատ լավ  է հասկանում, թե ինչ է նշանակում երկխոսության սեղանին նստել: Դա ստացել է ճաշի սեղանի շուրջ նստելու նշանակություն: Թեման կարևոր չէ, կարևորը դեռ ճաշի սեղանի շուրջ միասնաբար նստելն է: Հետո նստողներին կսևացնեն, խայտառակ կանեն ու երկխոսությունը կկայանա: Կամ էլ ուտեստի ընդհանրության մեջ եզրեր կգտնեն…



Ինչ վերաբերում է հայերի արտագնա աշխատանքին, ՕԵԿ-ը ձեռ ու ոտով կողմ է, որ Պուտինը նրանց ընդունի, գոնե այս հեղափոխական իրադրությունում պադեռժկա անի: Պակասում է միայն նամակը՝ Պուտին ջան մեզ այս հեղափոխական իրադրության մեջ պադեռժկա արա: Նրանց որ հետ ուղարկես, մեր հալը հալ չի լինելու: Պուտինն էլ երկու ոտքը դրել է ռուսական չստում ու ասում է՝ լինող բան չի: Տիգրան Սարգսյանը ժամանակին ճիշտ է իրադրությունը գնահատել՝ գնացող մասսային թողնե՞նք, որ հեղափոխություն անե՞ն… Հիմա հասկանու՞մ եք, որ գնացողները պոտենցիալ հեղափոխականներ են և իրենց գնալով հեղափոխությունը խեղդում են բնում: Հիմա հասկանու՞մ եք՝ Հեղինեն ինչու՞ է փեշերը վեր քաշել ու տրնգի պարում:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ