Մտածում եմ այս երկրից հեռանալու մասին

Մտածում եմ այս երկրից հեռանալու մասին

Դեկտեմբերի 28-ին Քաղաքագետների միությունը, Հմայակ Հովհաննիսյանի ջանքերով, գումարել էր նախաձեռնող խորհրդի նիստ՝ «Հայաստանում քաղաքացիական հասարակություն» ձեւավորելու նպատակով։



Նախաձեռնող խմբի մեջ են Ազատամարտի հրամանատարների խորհուրդը, Քաղաքագետների միության վարչության անդամները, հասարակական գործիչ Անդրիաս Ղուկասյանը, «Սարդարապատ» շարժումը, մի շարք հասարակական կազմակերպություններ ու ակտիվ անհատ քաղաքացիներ։



 



Նույն օրը, պարոն Հովհաննիսյանի փոխանցմամբ, հարձակվել են Քաղաքագետների միության շենքի վրա եւ ավերել մուտքը՝ այդպիսով արգելափակելով իրենց գործունեությունը։ Խոսքը «Հայհիդրոնախագիծ» ընկերության հետ ունեցած վեճի մասին է: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, որն ընդունվել է 2012թ. մարտի 1-ին, Սենիկ Ջուլհակյանին սեփականաշնորհվել են ոչ միայն «Հայհիդրոնախագիծ» ՓԲԸ զբաղեցրած 2-րդ եւ 3-րդ հարկերը, այլ նաեւ ընդհանուր օգտագործման տարածքները՝ մուտքը եւ աստիճանավանդակները, որոնք շենքի 4 սեփականատերերի ընդհանուր սեփականությունն են։ Դրանով խախտվել, ոտնահարվել են բոլոր սեփականատերերի իրավունքները։ Ինչպես Հմայակ Հովհաննիսյանն է պարզաբանում, սա ապօրինի որոշում է։



«Հունվարի 26-ին երկրորդ անգամ կատարվեց ավերածություն Քաղաքագետների միության դեմ, այդ քանդիչ գործողությունների արդյունքում ավերվեցին աստիճանավանդակը, սյուները, վտանգվեց շենքի սեյսմակայունությունը։ Այդ ավերածությունն անհնարին է դարձրել Հայաստանի քաղաքագետների միության գործունեությունը, եւ մենք այսօր շատ ծանր վիճակում ենք»,- տեղեկացնում է Հմայակ Հովհաննիսյանը։ Իսկ ուրբաթ օրը Հովհաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին եւ Երեւանի քաղաքապետին. «Որտեղ հայտնում եմ նրանց, որ Պետգույքի կառավարման վարչությունը կատարել է հանցագործություն իմ օրինական սեփականության իրավունքի նկատմամբ, քանի որ առանց մյուս սեփականատերերի համաձայնության ընդհանուր օգտագործման տարածքներն օտարել, վաճառել է Սենիկ Ջուլհակյանին։ Մարդու իրավունքների պաշտպանը 2012թ. որոշում է կայացրել եւ ուղարկել կառավարությանը կից Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ առաջարկելով նրան անհապաղ վերականգնել իմ խաթարված սեփականության իրավունքը եւ Սենիկ Ջուլհակյանի սեփականության վկայականից հանել ընդհանուր օգտագործման տարածքները։ Ինչը չի արվել, այսինքն՝ Արման Սահակյանն անտարբեր հանցագործություն է ցուցաբերել։ Այդ մեխանիզմը հանցագործ ձեւով տվել է Պետգույքի կառավարման վարչությունը, ուստի Արման Սահակյանը հանցագործ է»։



 



Այս ամենի արդյունքում Հովհաննիսյանը ոչ միայն չի կարողացել քաղաքացիական հասարակություն ձեւավորելու նպատակով նախաձեռնող խմբի երկրորդ նիստն անցկացնել, այլ նաեւ իր վրդովմունքն է հայտնում, որ Քաղաքագետների միությունը ենթարկվել է սիստեմային հարվածի, կազմալուծված է, զրկվել է իր գրասենյակից, նստավայրից եւ չի աշխատում։ «Ես էլ մտածում եմ այս երկրից հեռանալու մասին»,- իր զայրույթն այսպես ձեւակերպեց Քաղաքագետների միության նախագահը։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ