Աշոտյանի կրկնակի հմայքը

Աշոտյանի կրկնակի հմայքը

Վերջին շրջանում Աշոտյանին կծողական հարցեր շատ են տալիս և այդ կծողականներից ինձ սուպեռ  դուր է եկել Կարմեն Դավթյանի հարցը. « Դուք խոսում եք տիկին նախարարից, կրթության ոլորտից, որպեսզի քողարկեք ամենակարևո՞րը: Խնդրում եմ «ցրողականությամբ» հանդես մի եկեք և ասեք` ինչո՞ւ եք հանդիպել Վրաստանի նորընտիր նախագահ Մարգվելաշվիլիին, ով դեռ չի հանդիպել մեր երկրի նախագահի հետ, բայց հանդիպում է ինչ-որ կրթության նախարարի հետ»: Հարցը ինչ առումով եմ սուպեռ համարում: Լրագրողը հարձակողական դիրքի մեջ մտնելով, Աշոտյանի ուշադրությունը սևեռում է պաշտպանության վրա: Աշոտյանը պաշտպանվում, տեղ-տեղ էլ լոպազանում . « Թույլ տվեք անհամեստություն անել` ես «ինչ-որ» նախարար չեմ, ես ՀՀ կրթության և գիտության նախարարն եմ: Ավելին ասեմ` «ինչ-որ» կուսակցության, այն է` «Հանրապետականի» անդամ, մի քիչ էլ գլուխ գովեմ ու ասեմ` կուսակցության վեց փոխնախագահներից մեկն եմ` արտաքին կապերի գծով: Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը, ապա շատ ջերմ հանդիպում էր, հանդիպմանը կրկնակի հմայք էր հաղորդում այն, որ Վրաստանի նախագահը նախկին կրթության և գիտության նախարարն էր »: Ա՜յ քեզ բան. սեփական պաշտպանությամբ զբաղվելով, Աշոտյանը հանրությանն է  ներկայացնում նախագահության ճանապարհին սեփական ցանկության կրկնակի հմայքը: Ահա թե ինչ է լինում, երբ քամուց պաշտպանվելու փոխարեն ծածկում ես դեմքդ, մոռանալով, որ այն թռցրել է հագուստդ ու բացել մարմնիդ ու հոգուդ կրկնակի հմայքը:  



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ