Հրազդանի գրեթե բոլոր դպրոցներում ջրծաղիկ կա

Հրազդանի գրեթե բոլոր դպրոցներում ջրծաղիկ կա

Ձմռան-գարնան ամիսներին, որպես կանոն, նկատվում է ջրծաղիկ հիվանդության սեզոնային ակտիվացում: Սա օդակաթիլային վարակ է, բարձր վարակելիությամբ եւ պատվաստում չի ենթադրում: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով հիվանդանում է մինչեւ 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը՝ վաղ մանկական տարիքում:



 



Հրազդանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սարգսյանի խոսքով, ջրծաղիկի դեպքեր են արձանագրվել Հրազդան քաղաքի գրեթե բոլոր դպրոցներում: Դեկտեմբեր ամսին թիվ 11 դպրոցում ավելի շատ են եղել դեպքերը: Հունվար  ամսին գրանցվել է ջրծաղիկով հիվանդության 58 դեպք երեխաների մոտ, իսկ մեծահասակների մոտ դեպքերը եզակի են: Ինչ քայլեր են ձեռնարկվում հիվանդության կանխարգելման համար: «Գիտենք, որ ջրծաղիկ կա դպրոցներում, բուժքույրերն ամեն առավոտ այցելում են դասարաններ, եթե կասկածելի դեպքեր են լինում, ուղարկում են տուն:  Մանկապարտեզները չեն գործում, դա էլ է նպաստում, որ հիվանդության բռնկում չլինի, քանի որ փոքրիկներն  ավելի շատ զգայուն են ցրտի նկատմամբ, տանն են, իրար հետ չեն շփվում:  Հիվանդ երեխաները տանը մնում են 21 օր, մենք տալիս ենք ամբուլատոր քարտի քաղվածքը, որ երեխան հիվանդ է ջրծաղիկով:  Հիվանդության ծանր  դեպքեր չունենք, բռնկումներ չեն արձանագրվել»:



 



Նշենք, որ Հրազդան քաղաքում ոչ միայն ջրծաղիկով հիվանդության դեպքերն են շատ, այլ նաեւ տրավմաները եւ կոտրվածքները: Փողոցների առավել բանուկ հատվածներում ձյունը վերածվել է հայելանման մերկասառույցի:  Քաղաքի առավել քիչ երթեւեկելի հատվածներում ճանապարհները  դարձել են խորդուբորդ: Սա հատկապես դժվարություններ է ստեղծում տարեցների համար, ովքեր դժվարությամբ են քայլում: Վիճակը  վատ է նաեւ մայթերի վրա:



Այստեղ էլ մերկասառույց է գոյացել շենքերի տանիքներից հոսող հալոցքաջրերից:  Չնայած համայնքի ղեկավարի կարգադրությամբ  ամեն առավոտ  բակերում ավազ են շաղ տալիս նաեւ մայթերի վրա, սակայն դա չի օգնում, եղանակը նպաստավոր չէ, եւ մարդիկ հաճախ հայտնվում են հիվանդանոցում: Հրազդանի բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ միայն հունվար ամսին իրենց մոտ գրանցվել է 147 կոտրվածքի դեպք, իսկ տարբեր հիվանդություններով եղել է  688 կանչ:



 



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ