Ստրասբուրգյան կրքերի մարումը Երևանում

Ստրասբուրգյան կրքերի մարումը Երևանում

Այսօր համատեղ ասուլիսին, Հայաստան-ԵՄ խորհրդարանական նիստին մասնակցած` Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» , «Բարգավաճ Հայաստանի» և «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչներ Աղվան Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ Հայաստան–ԵՄ փաստաթղթի հարցում, որն այդպես էլ չստորագրվեց վերջին 14–րդ նիստին, պետք է անպայման ընդունվեր համաձայնությունների գալու ճանապարհով, սակայն պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը համաձայն չէր այդ տեսակետին։



 



Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստան ԵՄ հարաբերություններում սեպտեմբերի 3-ից հետո հաստատված է գաղջ մթնոլորտ, ինչի պատճառով Բրյուսելն ու Երևանը տապալեցին միասնական փաստաթղթի ընդունումը ևս մի կորսված հնարավորություն է և որ այդ համատեղ փաստաթղթին կարելի էր հասնել բանակցություններով ընդունելի տարբերակ գտնելով:



 



«Հայկական կողմը չի ցանկացել ընդունել հայտարարություն, որպեսզի Ռուսաստանում բացատրություններ տալու անհրաժեշտություն չլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ այս գործընթացը կառավարվել կամ գուցե ուղղորդվել է Երևանից:



 



Նա այս առնչությամբ նաև ավելացրել է. «Մենք Ստրասբուրգում ենք եղել, բայց եկել, պարզել ենք, որ Հովիկ Աբրահամյանն ու Էդվարդ Նալբանդյանն էին բանակցում»։



 



Մինչդեռ պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն իր խոսքում հասկացնել տալով, որ որպես պատվիրակության ղեկավար փաստաթղթի չընդունման հարցում պատասխանատվությունը մինաձնյա վերցրել է ու կրում, քանի որ գտել է, որ երկու իրավահավասար կողմերի տեսակետների համադրությունից են ծնվում համատեղ հայտարարությունները:



 



«Մեզ չի հաջողվել գալ ընդհանուր համաձայնության եզրափակիչ տեքստի շուրջ»,- ասել է Սամվել Ֆարմանյանը և նկատել. «Բացարձակ համաձայն չեմ, որ տեղի ունեցածը ըստ մամուլի որակումների՝ ներկայացվում է սկանդալային, տապալված»: Ըստ նրա՝ փաստաթղթի եզրափակիչ տեքստի շուրջ եղել է անարդյուավետ ելք, ինչը սակայն չի կարելի համարել Հայաստան-ԵՄ հարաբերություններում փակվող դուռ: Սա մի երևույթ է, որը չպետք է ո՛չ գերագնահատել, ո՛չ թերագնահատել:



 



Նշենք, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Եվրախորհրդարանի առաջարկությունների մասին է, որոնք անսպասելիորեն վատացել են Հայաստան-ԵՄ ԽՎ 2012 թվականի հայտարարությունից հետո, որը այն ժամանակ չէր ընդունվել:



 



ԼՂՀ–ին վերաբերող մասում վիճահարույց կետերն են, «…հաստատապես շեշտում է, որ չի կարող այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը և խորապես ափսոսում է, բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության, ինչպես նաև հրադադարի խախտման բոլոր դեպքերի կապակցությամբ, հատկապես դատապարտելով ամենավերջին դեպքերը, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջնորդվող բանակցություններում ներգրավված բոլոր կողմերին կոչ է անում ավելի մեծ քաղաքական հանձնառություն, և այս կապակցութամբ հիշեցնում է վստահության մթնոլորտի ձևավորման միջոցառումների կարևորությունը՝ ներառյալ շփման գծից դիպուկահարների հետքաշումը՝ համաձայն ԵԱՀԿ առարկությունների»:



 



Եղել է նաև մի առաջարկ, որով ԵՄ-ից ակնկալվում է ավելի մեծ դերակատարում բանակցային գործընթացին հետայսու:



 



Պատվիրակության մյուս անդամները պնդում էին, որ այդ կետերը այնքան էլ վատը չեն և ի վերջո, կարելի էր բանակցել:



 



«Որևէ ողբերգական բան տեղի չի ունեցել, և հարկավոր չէ հայտարարություն չստորագրելուն որևէ շրջադարձային նշանակություն տալ, բայց մենք ավելի շատ ոչ թե շահեցինք, այլ կորցրեցինք»,- իր հերթին ասել է Աղվան Վարդանյանը:



 



Աղվան Վարդանյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, թե ինչ մթնոլորտում հայկական խորհրդարանական պատվիրակությունը գնաց Ստրասբուրգ: Մասնավորապես՝ սեպտեմբերի 3-ի՝ ՄՄ-ին միանալու հայտնի որոշումից հետո, երբ Եվրոպայում կար Հայաստանի հանդեպ ակնհայտ չհասկացվածության մթնոլորտ:



 



Աղվան Վարդանյանի խոսքով՝ հայկական պատվիրակության նպատակն էր փորձել բացատրել եվրոպացիներին իրավիճակը, Հայաստանի առկա հնարավորությունները և դժվարությունները, նաև այն, որ թեև ՄՄ-ին ինտեգրումը կատարված փաստ է, բայց Հայաստանը դռները բաց է պահում ԵՄ-ի հետ հարաբերություններում և փորձում առաջ գնալ: