Չստորագրելու որոշումն ո՞վ է կայացրել՝ Ֆարմանյա՞նը, թե՞ ՀՀ իշխանությունը

Չստորագրելու որոշումն ո՞վ է կայացրել՝ Ֆարմանյա՞նը, թե՞ ՀՀ իշխանությունը

Ստրասբուրգում փետրվարի 5-6-ը տեղի ունեցած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական սկանդալային նիստի հայաստանյան պատվիրակների «առերեսումից»` ասուլիսից, երեկ պարզ դարձավ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Ստրասբուրգում, եւ ինչն է խանգարել կողմերին եզրափակիչ համատեղ հայտարարությամբ հանդես գալ:



Մինչ այդ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ եվրախորհրդարանականների կողմից իրենց ներկայացված փաստաթղթում տեղ են գտել ԼՂ հակամարտությանը վերաբերող ոչ հայանպաստ ձեւակերպումներ, ինչն էլ խոչընդոտել է համաձայնության գալ, իսկ ոչ իշխանականները պնդում էին, թե հնարավոր էր որոշակի շտկումներից հետո հասնել ցանկալի տարբերակի:



 



Հիշեցնենք, որ առաջին դեպքն է, երբ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցությունն ավարտվում է առանց հայտարարության: Սա նաեւ առաջին նիստն էր Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումից հետո, ու այնտեղ պետք է քննարկվեին Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության հնարավորությունները: Այս համատեքստում է, որ ընդդիմադիրները մեղադրում են պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանին համատեղ փաստաթուղթը չստորագրելու համար՝ համարելով, որ պետք չէ փակել դռները Եվրոպայի առաջ:



 



Պատվիրակության համատեղ ասուլիսին երեկ ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցության, «Բարգավաճ Հայաստանի» եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Աղվան Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Թեւան Պողոսյանը հայտարարեցին, որ փաստաթուղթը պետք է անպայման ընդունվեր, քանի որ հնարավոր էր համաձայնության գալ: «Ոչ Հայաստանում եւ ոչ էլ առավել եւս ԱԺ-ում հավաքված ուժերը դժվար թե ԼՂ հարցում պատրաստ էին զիջումների գնալ»,- հայտարարեց  Թեւան Պողոսյանը:



 



Մինչդեռ պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը չհամաձայնեց. «Մեզ չի հաջողվել գալ ընդհանուր համաձայնության եզրափակիչ տեքստի շուրջ»: Ֆարմանյանն ասաց, որ փաստաթղթի եզրափակիչ տեքստի շուրջ եղել է անարդյունավետ ելք, ինչը, սակայն, չի կարելի համարել Հայաստան-ԵՄ հարաբերություններում փակվող դուռ: Սա մի երեւույթ է, որը, ըստ Սամվել Ֆարմանյանի, չպետք է ոչ գերագնահատել, ոչ թերագնահատել: Նշենք, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Եվրախորհրդարանի առաջարկությունների մասին է, որոնք անսպասելիորեն վատացել են Հայաստան-ԵՄ ԽՎ 2012 թվականի հայտարարությունից հետո, որն այն ժամանակ չէր ընդունվել:



 ԼՂՀ-ին վերաբերող մասում վիճահարույց կետերն են. «…հաստատապես շեշտում է, որ չի կարող այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորմանը, եւ խորապես ափսոսում է բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության, ինչպես նաեւ հրադադարի խախտման բոլոր դեպքերի կապակցությամբ, հատկապես դատապարտելով ամենավերջին դեպքերը, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջնորդվող բանակցություններում ներգրավված բոլոր կողմերին կոչ է անում ավելի մեծ քաղաքական հանձնառություն եւ այս կապակցությամբ հիշեցնում է վստահության մթնոլորտի ձեւավորման միջոցառումների կարեւորությունը, ներառյալ շփման գծից դիպուկահարների հետքաշումը՝ համաձայն ԵԱՀԿ առարկությունների»:



 



 Կա մի կետ եւս, որով ԵՄ-ից ակնկալվում է ավելի մեծ դերակատարում բանակցային գործընթացին: Թե ինչն է իրենց համար անընդունելի այս կետերում՝ Սամվել Ֆարմանյանը պատասխանեց, որ չկա ԼՂ վերաբերյալ որեւէ փաստաթուղթ, որը ՀՀ անունից է, եւ որտեղ հղում արված չէ միջազգային իրավական այն հիմնարար փաստաթղթերին, որոնք հիմնավորում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտությունների կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը:



 



«Չառաջնորդվելով խելագարության կանխավարկածով, պետք է հասկանալ, որ գործ ունենք մի կողմի հետ, ով նույնիսկ պատմական, իրավական, բարոյական բոլոր փաստարկներն է ենթարկում մանիպուլյացիայի եւ շահարկման, իսկ ի՞նչ, եթե դրա բացակայությունը մեկնաբանվի իբրեւ համաձայնության լուծման սկզբունքներ այլ միջազգային փաստաթղթերում որոնելու համար, մենք դրա նախադեպերը տարբեր միջազգային ատյաններում ունեցել ենք,- ասաց Ֆարմանյանը՝ հավելելով:- ԵԱՀԿ Մինսկի խումբն իր ամբողջ գործունեության ընթացքում նախագահների մակարդակով բազմիցս կրկնել է միեւնույն ձեւաչափը՝ նշելով երեք կարեւոր սկզբունքները: Նրբությունները կարելի է շատ երկար ներկայացնել, շատ մասնագիտորեն խոսել, ես հարգում եմ իմ գործընկերների տեսակետը, եւ այստեղ հայրենասիրության դրսեւորման խնդիր էլ չկա»: Սամվել Ֆարմանյանն ասում էր, որ ինքն առաջարկել է տեքստում ավելացնել ձեւակերպում, ըստ որի՝ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա. այն է՝ ուժի կիրառման կամ կիրառման սպառնալիքի բացառում, ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչում:



 



Ինչ էին սրան հակադարձում ոչ իշխանականները: ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանն ասում էր, որ այս փաստաթղթի ստորագրումը կարեւոր էր այնքանով, որ սեպտեմբերի 3-ից հետո ԵՄ-ում առաջացել էր անակնկալի եւ չհասկացվածության մթնոլորտ, ուստի, փաստաթղթի ստորագրումն անհրաժեշտ է, որպեսզի եվրոպացի գործընկերներին ցույց տրվի, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ. սեպտեմբերի 3-ով ամեն ինչ չէ, որ ավարտվել է: Վարդանյանը վստահ է, որ հնարավոր էր բանակցությունների միջոցով հասնել փոխզիջման, ավելին՝ կարծում է, որ փաստաթուղթը, նույնիսկ առանց Ֆարմանյանի առաջարկած ուղղման էլ, կարելի էր ստորագրել: Ինչ վերաբերում է նշած 3 հայտնի սկզբունքներին, ապա, ըստ Վարդանյանի, փաստաթղթում նշված է, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարվող բանակցություններում, իսկ Մինսկի խմբի համանախագահները մշտապես հայտարարել են, որ խնդիրը պետք է լուծվի այս 3 սկզբունքների շրջանակներում:



 



Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ հարցադրման մեջ թյուրընկալում կա, քանի որ անցած տարվա հայտարարությունն ընդունվել է ամենավերջին վայրկյաններին: «Ինչպե՞ս են ընդունվում փաստաթղթերը, գալիս են առաջարկությունները, եւ սկսում են դրանք քննարկել։ Երբ կողմերից մեկն ասում է, որ սա իմ առաջարկությունն է եւ վերջ, արդեն անիմաստ է դառնում նույնիսկ քննարկումը»: Փաշինյանն ակնարկեց նաեւ, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե Եվրախորհրդարանի պատվիրակության հետ բանակցություններ է վարում ոչ թե իրենց պատվիրակությունը, այլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նման ակնարկ արեց նաեւ Աղվան Վարդանյանը, ով լրագրողներին խորհուրդ տվեց շատ չփորփրել այդ պատմությունը, այլապես իրենք ստիպված կլինեն ասել բաներ, որոնք չպետք է ասվեն: Հավանաբար, պատգամավորներն ակնարկում էին այն, որ նախօրեին ԱԺ նախագահն իր մոտ է հրավիրել բոլորին եւ հանդիմանել «ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելու» համար:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]