Հեշտամոլություն՝ հայկական ձևով

Հեշտամոլություն՝ հայկական ձևով

«Հարգելի հանդիսատես, «Սինեմա Սթար» կինոթատրոնը որոշել է հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց: Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ»:



 



Երեկ ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսպիսի «պարզաբանում»  տվեց Դալմա Գարդեն Մոլում գործող «Սինեմա Սթար» կինոթատրոնի ղեկավարությունը, որի տակ բուռն քննարկում ծավալվեց, եւ ոչ ոք այդպես էլ չհասկացավ, մեղմ ասած, այս անհեթեթ պարզաբանման բնույթը: Ովքե՞ր են այդ մի շարք քաղաքացիներն ու հասարակական խմբերը, ինչո՞ւ է ֆիլմը դիտելու բազմաթիվ քաղաքացիների ցանկությունն անտեսվում:



 



Այս հարցի պատասխաններն առկախ են մնում: Ֆեյսբուքում արդեն էջ է բացվել` «Բոյկոտում ենք Սինեմա Սթարը»: Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր էջում գրում է. «Առաջարկ «Սինեմա Սթար» կոչեցյալ կինոթատրոնին. ձեր ստանձնած դերին եւ գործունեության բնույթին շատ ավելի կսազեր, եթե անվանափոխվեիք ՍՈՎԻԵԹ Սթարի. կարծում եմ՝ էդ դեպքում ամեն ինչ տեղը կընկներ»: Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը հետեւյալ մեկնաբանությունն է տալիս. «Ես բոյկոտում եմ Cinema Star Armenia-ն, քանի որ իրենք զբաղված են կեղծ բարեպաշտությամբ: Ուրեմն՝ երկու վարկած կա Լարս ֆոն Թրիերի «Հեշտամոլը» չցուցադրելու իրենց առաջ քաշած հիմնավորման հանդեպ, որոնցից որեւէ մեկն իրենց օգտին չէ: Նախ ինձ համար անհասկանալի էր eMedia.am կայքին Cinema Star Armenia-ի տնօրինության տված հարցազրույցը, որում նրանք ֆիլմն անվանում են պոռնոդրամա, այդպիսի ժանր կամ ժանրային դրսեւորում գոյություն չունի, քանի որ պոռնոն արդեն իսկ ժանր է: Ավելին՝ այդպիսի բնորոշում ֆիլմին տրված է միայն ռուսական կայքերում: Ցավում եմ, որ իրենք, հանդիսանալով ֆիլմի ցուցադրման հեղինակային իրավունքները գնած կազմակերպություն, չգիտեն, թե ինչ են գնել եւ ինչ են պատրաստվում ցուցադրել: Սա մարքեթինգային մեծ տապալում է, որով էլ գուցե պայմանավորված էր «հասարակության» որոշ շերտի դժգոհության դրսեւորումը, եթե, իհարկե, այդպիսին գոյություն ուներ, ինչին խիստ կասկածում եմ (այդ մասին՝ ավելի ուշ), հակառակ դեպքում պահանջում եմ փաստեր: Եթե դուք ձեր կինոթատրոնը համարում եք «Սուրբ օջախ», համարյա թե Եկեղեցի կամ, ինչպես ինքներդ եք ձեւակերպում, Ընտանեկան վայր (ականջդ կանչի, Գոռ Թամազյան կամ ռուսական Խթը), ապա ինչո՞ւ եք ցուցադրում Մարտին Սքորսեզեի «Գայլը Վոլ Սթրիթից» ֆիլմը, թե՞ դա պոռնոCOCK դրամա չէ: Ակնհայտ է, որ Սինեմա Սթարի տարածած հիմար վարկածն աշխատում է իրենց դեմ: Ինչն էլ իր հերթին վկայում է այդ կինոթատրոնի հայեցակարգային գործունեության բացակայությունը: Ֆիլմը դիտելու էին այն մարդիկ, որոնք գնելու էին տոմս: Այսինքն՝ ամբողջ աշխարհում կինոթատրոններն ունեն գործունեության մշակված կանոնակարգ, որտեղ կարեւոր տեղ ունի նաեւ տարիքային սահմանափակումը: Ակնհայտ է, որ այս կինոթատրոնը, ադմինիստրատիվ վատ աշխատանքի պատճառով, չի կարող կիրառել այդ գործառույթը եւ մտահոգություն ունի հետագայի հանդեպ: Եթե այդպես է, ուրեմն բացահայտ ասեք, որ դեռ կայացած չեք, եւ ոչ թե մեզ ներկայացրեք պապուասներ: Ամոթ է, Cinema Star Armenia, լավ չեք աշխատում»:



 



Ֆիլմի ցուցադրումը կոմերցիոն տեսանկյունից նույնպես Սինեմա Սթարի համար շահեկան կլիներ, որովհետեւ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Ֆիլմի վերաբերյալ լույս են տեսնում հոդվածներ, վերլուծություններ, ծավալվում բանավեճեր: Բայց արի ու տես, երբ բանը հասնում է «պատշաճությանն» ու «ընտանեկան» միջավայրին, նույնիսկ փողն է անտեսվում: Բանաստեղծ Մհեր Արշակյանն իր «Նիմֆոմանուհին»  եւ  քաղքենին» հոդվածում ակնարկում է եկեղեցուն. «Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» Երեւանում չի ցուցադրվելու: Պաշտոնական պատճառաբանությունն է՝ հանրության լայն շրջանների կողմից բարձրացված բողոքի պատճառով: Հանրության լայն շրջանն էլ եկեղեցին է»:



 



Մանավանդ որ հոգեւորականի կողմից արդեն կա արձագանք: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի կարծիքով, նման ֆիլմերի ցուցադրությամբ վտանգվում է հայ ապագա սերնդի մտածողությունը: Բայց քահանան սա ասում է՝ առանց ֆիլմը դիտելու (որտե՞ղ պիտի դիտեր), որը պարզ անգիտությունից ծնված խոսքի է վերածվում: Որտեղ «էրոտիկ» եւ «պոռնո» բառերը լսում են, հանկարծ մտահոգվում են հայ ապագա սերնդի մտածողությամբ, իսկ ո՞վ իմանա՝ գուցե նույն ակնթարթում հայ ապագա սերնդից մի ստվար զանգված համացանցում պոռնոդիտում է անում, որն անչափ մատչելի է բոլորին: Զավեն Բոյաջյանն իր մտահոգությունը հայտնեց՝ նաեւ կապված ֆիլմի հայերեն անվան հետ: «ՀԵՇՏԱՄՈԼԸ. սա է Լարս ֆոն Թրիերի առաջիկայում ցուցադրվելիք նոր ֆիլմի վերնագիրը, իսկ «Նիմֆոմանուհին» շինծու ու անճոռնի բառը, որ հայտնի չէ, թե ինչ լեզվով է, եւ ով է մոգոնել, թողնենք նրանց, ովքեր Թրիերին մանկամտորեն համարում են պոռնոգրաֆ, նրա ֆիլմն էլ՝ այսպես կոչված, պոռնոդրամա»: Հայագետ, թարգմանիչ Արամ Թոփչյանի՝ Զավեն Բոյաջյանի գրառման տակ արված մեկնաբանությունից. «Բառի հայերեն ճշգրիտ համարժեք գտնել հնարավոր չէ, այնպես որ, Զավեն Բոյաջյանի առաջարկած «Հեշտամոլը» երեւի լավագույն տարբերակն է: Թերեւս կարելի է գրել «Հեշտամոլ կինը», որպեսզի իգական սեռի իմաստն ավելի հասկանալի լինի»:



 



Այսպիսի բաներ: Հեշտամոլություն՝ հայկական ձեւով: Նրանք, ովքեր սպասում են ֆիլմին, ուշ թե շուտ համացանցում կտեսնեն: Մհեր Արշակյանի ասած քաղքենիները նույնպես իրենք իրենցով անպայման կդիտեն ֆիլմը: Մնացին կեղծ «ադաթավորները»: Բայց նրանք մտածելու շատ բան չունեն: Համացանցը ողողված է պոռնոֆիլմերով, որոնք հանգիստ կարելի է վայելել, բայց այնպես, որ հանկարծ ընտանիքը չիմանա:



 



Արամ ՊԱՉՅԱՆ