Մաքսային պնակալեզության առաջին գրական հուշարձանի առիթով

Մաքսային պնակալեզության առաջին գրական հուշարձանի առիթով

Եթե հավատալու լինենք Գեղամյանի նոր գրքի անոնսներին, թե դա գիրք է` հիմնված քաղվիպասանի նախկինում հրապարակած հոդվածների, ինչպես նաեւ մի շարք երկրների առաջնորդների ելույթների վրա, ապա այս ժանրի նորույթ չես անվանի այն:



Իսկ թե ինչու էր Սերժ Սարգսյանը գնացել այդպիսի մի աննորույթ գրքի շնորհանդեսի, ոչ ոք դեռ միանշանակ պատասխան չի տվել: Մեր կարծիքով, օրինակ, Սերժ Սարգսյանի մասնակցությունը շնորհանդեսին այնքան էլ կապ չունի Գեղամյանի հանճարի հետ: Գեղամյանն ավելի լավ գրքեր էլ է գրել:



Հարցը դա չէ: Պարզապես այս մեկը պլանային էր, ու նախագահի մասնակցությունն էլ` տրաֆարետային: Բանն այն է, որ մեր քաղաքական օրակարգի առանցքում է հայտնվել Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ տակավին պահպանվող սառը մթնոլորտը, որի հաղթահարման, այսինքն՝ ջերմացման համար սկսել ենք արագացված ճիգեր գործադրել: Եթե չենք սխալվում` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններն անցել են 24-ժամյա աշխատանքային ռեժիմի, մաքսակետերում ռուս կոնսուլտանտներ են հայտվել, ռուս-հայկական բարեկամության կլուբներն անվանակոչվում են տառացիորեն միայն ռուս պատմական դեմքերի անուններով, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համատեղ հայտարարություններ ենք տապալում, ԵՄ անդամ երկրներում (Չեխիա) հայտարարում ենք, որ մենք բողոքող տեսակ չենք, եւ մեզ ինչ ասում են` անում ենք արագ` իսկ ինչո՞ւ չանենք, ինչո՞ւ արագ չանենք…



 



Եվ անում ենք: Մենք ՄՄ-ի ճանապարհին արդեն այնպիսի արագություն ենք զարգացրել, որ մեզ հասնել չի լինի: Եվ, չնայած դրան, ականջներս ԵՄ-ի ձայնին է: Ասում են` այնտեղ նոր փաթեթ են պատրաստում Արեւելյան գործընկերության երկրների համար, որի մեջ, ինչպես ասել է Գեղամյանը, հաշվի են առնված Սերժ Սարգսյանի բոլոր առաջարկները: Մենք կասեինք` այդ փաթեթում ոչ թե Սերժ Սարգսյանի առաջարկներն են հաշվի առնված, այլ այն օյինները, որ Սերժ Սարգսյանը բերեց ԵՄ-ի գլխին մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը եւ դրանից հետո` մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողով: Վիլնյուսում ԵՄ-ն ճիշտ Ռոբինզոնի վիճակում էր. կտրել էր կղզու ամենահաստաբուն ծառը, նավակ էր պատրաստել, բայց չկարողացավ այդ նավակը հասցնել ծովին: Նոր փաթեթում ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, իր ձախորդություններն է հաշվի առել եւ ոչ թե իրեն մոլորեցնողների ելույթները: Ինչեւէ, եվրոպական էջը փակած Հայաստանն իր` Մաքսային միություն մտնելը հայտարարել է քաղաքականության գերակա ճյուղ, եւ Հայաստանին կանգնեցնելն այլեւս դժվար է:



Մենք, ի դեպ, երբեք էլ ռուսների հետ վատ չենք եղել: Ինչ ուզել են` տվել ենք, ինչ տարել են` լռել ենք, նույնիսկ երբ գազն են թանկացրել, մեր կառավարությունը մեզնից ծածուկ է պահել, որ ռուսների վրա չզայրանանք: Բայց արի ու տես, որ դա քիչ է: Պուտինը գալիս է Հայաստան մի այնպիսի շարժուձեւով, որ ասես 40 տարվա խարջ ենք պարտք իրեն: Այդ դեպքից ուղիղ երեք ամիս առաջ մենք հստակ ասել էինք` մտնում ենք ՄՄ: Բայց նա չէր հավատացել երեւի, այլապես մեկ անգամ կժպտար Հայաստանում:



Տեսա՞ք ուր հասանք: Գեղամյանին ու իր գիրքը համարյա մոռացանք արդեն: Բայց ստիպված ենք վերադառնալ շնորհանդեսի եւ այդ հանդեսին Սերժ Սարգսյանի մասնակցության փաստին: Սեղանին էր մի գիրք, որի վերնագիրն սկսվում է «Հայաստանը՝ Մաքսային միությունում» բառակապակցությամբ: Դա պիտի ցնցող ազդեցություն թողներ հանդիսությանը ներկա ՄՄ անդամ երկրների դեսպանների վրա: Մենք պետք է առաջինը լինեինք եւ եղանք: Ասենք, որ դեռ չեն  տպագրվել «Ռուսաստանը՝ Մաքսային միությունում», «Բատկան ու Մաքսային միությունը», «Մայդանը` Մաքսային միության փորձաքար», «Ղազախական թենգեն արժեզրկվում է հանուն ՄՄ-ի» պլանային գրքերը, եւ կարող ենք հպարտանալ, որ մեր ազգի աննկուն ռուսալեզ որդու գրչին է պատկանում մաքսային պնակալեզության ոլորտի առաջին գրավոր հուշարձանը: Ո՞վ իմանա, գուցե հենց դա էր պատճառը, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը շնորհանդեսի ժամանակ բացականչեց` սա կարեւոր գիրք է: Բնական է՝ Վոլինկինը հենց նույն օրն իր հուզմունքը փոխանցեց մեծ տերության մայրաքաղաք՝ նշելով, անշուշտ, որ անձամբ Սերժ Սարգսյանն է յուր ներկայությամբ պատվել այդ կարեւոր գրքի շնորհանդեսը:



 



Մեր կարծիքով` շատ կարեւոր շնորհանդես էր, որ անպայման իր ազդեցությունը կունենա ՄՄ ճանապարհին մեր ընդդիմախոսների եւ չուզողների գաղափարաբարոյահոգեբանական ներաշխարհի վրա, պայմանով, իհարկե, եթե կա այդպիսի բան` ՄՄ, որտեղ, ինչպես Գեղամյանի գրքի վերնագիրն է մեզ համոզում, հայտնվել է Հայաստանը:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ