Համացանցը դուրս է մղել ձայնասկավառակների պահանջարկը

Համացանցը դուրս է մղել ձայնասկավառակների պահանջարկը

Վերջին շրջանում երաժշտության ասպարեզում ակնահայտորեն անկում է ապրել ձայնասկավառակներ թողարկելու ավանդույթը։ Մի կողմից հասկանալի է, որ սոցիալական խնդիրները երաժիշտների կողքով էլ անտարբեր չեն անցել, մյուս կողմից էլ ցանկացած երգ ժամեր անց օրինական թե անօրինական ճանապարհով հայտնվում է համացանցում ու դրանով ի չիք դարձնում ձայնասկավառակ թողարկելու անհրաժեշտությունը։



 



«Էմփիրեյ» խմբի երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանից հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, որ ձայնասկավառակներ այլեւս երաժիշտները չեն թողարկում՝ պահանջա՞րկ չկա, «պիռատնե՞րը», թե՞ համացանցն է մեղավոր։ Ըստ երաժշտի, ձայնասկավառակներ չթողարկելն այսօր համաշխարհային տենդենց է, որի առաջին պատճառն ինտերնետն է. «Ձայնասկավառակները քիչ են վաճառվում, որովհետեւ ինտերնետային վաճառք գոյություն ունի, կայքեր կան, որտեղ տեղադրվում են ամբողջական ձայնասկավառակներ, երգեր, եւ ցանկացողները կարող են գնել թե առանձին երգեր եւ թե ամբողջական ալբոմներ։ Կարծում եմ՝ հիմնական պատճառը դա է։ Կա հեղինակային իրավունքների կազմակերպություն, որին մասմեդիաները, ռադիոկայանները, հեռուստաընկերությունները պարտադիր վճարում են ինչ-որ գումար ամեն հեռարձակման համար, որոնք, ճիշտ է՝ շատ չնչին են, բայց փոխանցվում են հեղինակի հաշվին։ Դա ռեալ աշխատող բան է, ես գրանցված եմ եւ ստանում եմ գումարներ։ Այլ խնդիր է, թե այդ գումարներն ինչքանով են համապատասխանում միջազգային ստանդարտներին, որը համեմատելու բան չէ»։ Գիսանե Պալյանը նշեց, որ ֆիքսված գումար չի կարող ասել, քանի որ կախված է ամսից, եթե տվյալ ամսում զանգվածային լրատվամիջոցներով շատ են հնչել երգերդ, գումարի չափն էլ շատ է լինում, եթե քիչ՝ ուրեմն քիչ։ 



 



Թե ինչքանով է լավ կամ վատ երաժշտի համար ձայնասկավառակ չթողարկելը, ըստ Գիսանեի, դա նույն բանն է, եթե գիրք չհրատարակվի, եւ մարդիկ օգտվեն միայն էլեկտրոնային գրքերից. «Նույնն էլ ձայնասկավառակը, դա ոչ միայն լսելու համար է, այլ նաեւ առանձին մշակույթ»։



 



Հետաքրքրվեցինք, թե համացանցում տեղադրված ալբոմների, երգերի դեպքում կա՞ երգիչների համաձայնությունը, եւ պահպանվո՞ւմ են նրանց հեղինակային իրավունքները, մասնավորապես «Էմփիրեյ» խումբն իր ալբոմները տեղադրե՞լ է համացանցում։ «Մենք մեր երգերը նախեւառաջ «Էմփիրեյի» պաշտոնական կայքում ենք տեղադրել, բացի դրանից, մեր երգերը կան նաեւ միջազգային «այթյուզ» կայքում, որտեղից կարող են ձեռք բերել։ Բայց եղել է նաեւ, երբ առանց մեզ ասելու մեր երգը տեղադրվել է ինչ-որ հավաքածուի մեջ, նույնկերպ տարբեր կայքերի դեպքում, որը չի համաձայնեցվում մեզ հետ»։



 



Վերջինս ընդգծեց նաեւ, որ ձայնասկավառակ թողարկելը բավականին ծախսատար պրոցես է, որովհետեւ պատվիրում ես երգ, հետո գործիքավորում, մեծ գումարների հետ է կապված նաեւ ձայնասկավառակի տպաքանակը։ «Հաշվի առնելով, որ գնողունակությունն ընկել է, այդ գումարը նրանք հետ բերել չեն կարող, հետեւաբար, ձայնասկավառակ էլ չեն թողարկում։ Բացի այդ, ձայնասկավառակն իր մեջ գոնե 10 երգ պիտի պարունակի, որը նշանակում է ծախս 10 երգի համար, այն ժամանակ, երբ երգիչը կարող է այդ գումարով մեկ երգ ձայնագրել ու այդ գումարն էլ ծախսել տեսահոլովակ նկարելու վրա։ Այսինքն՝ կոմերցիոն առումով եկամտաբեր չեն, եւ դրա համար շատ երգիչներ ձայնասկավառակներ չեն թողարկում»,-ընդգծեց նա։   



 



Երգիչ Արամոյի կարծիքով, խնդիրը նախ համացանցի մեջ է, որովհետեւ ամբողջ աշխարհում երգերը ներբեռնում են համակարգիչներում, հետո էլ ակցիզների խնդիրը կա, որը, ըստ օրենքի, պիտի ձայնասկավառակներն ունենան։ Երգիչը նաեւ նշեց, որ այդ հանգամանքն ամբողջ աշխարհում նկատելի է, երբ ձայնասկավառակներին փոխարինելու է գալիս համացանցը, որտեղից կարելի է ներբեռնել ամեն երգ. «Երգչի համար լավ է, որ ձայնասկավառակը վաճառվի, որովհետեւ աշխատանք ես տանում, դիզայն է, սիդի է, գումարած դրան՝ եթե ամեն ինչ օրինական է ու լավ է ընթանում, մեր եկամուտն է, համացանցից էլ կա որոշ եկամուտ, բայց դիսկից ավելի շատ է գալիս»։ Երգիչը հավելեց, որ չգիտի՝ իր ձայնասկավառակը համացանցում կա՞, թե՞ ոչ, եւ լինելու, ներբեռնելու դեպքում իրեն գումար հասնո՞ւմ է, թե՞ ոչ։ 



 



Արթուր Իսպիրյանն էլ նշեց, որ երգիչները շատ մեծ գումարներ են ծախսում ձայնասկավառակների արտադրման, ձայնագրման համար, որն այսօր չի վաճառվում.«Հիմա չեն առնում ձայնասկավառակներ, հետո այնպիսի օրենքներ են, որ իմաստ էլ չունի, չնայած ես ձայնագրվում եմ, անցած տարի ոչ մի դիսկ չթողարկեցի, բայց այս տարի պատրաստվում եմ թողարկել եւ հաշվի չեմ առնում վաճառքները, որովհետեւ չեմ կարող պարապ նստել եւ իմ աշխատանքն ուզում եմ ժողովրդին հասցնել։ Հետո այս ստրուկտուրան, վերաբերմունքը, վաճառքի կուլտուրան չկա, օրենքներն այն չեն, նախանցած տարի ձայնասկավառակ թողարկեցի, խանութները զանգեցին, ասեցին՝ եկեք հետ վերցրեք ձայնասկավառակները, որովհետեւ ակցիզներ պետք է խփվի վրան, հետո նոր բերեք։ Այսինքն՝ մի բան էլ դու պիտի վճարես, որ ձայնասկավառակդ վաճառեն, մինչդեռ այսքան ժամանակ ես խանութներին բաժանել եմ ու ոչ մի գումար չեմ էլ վերցրել, ծիծաղալու բան է ստացվում։ Կարաբալայի դերում ենք գտնվում, բացի նվիրելուց, ուրիշ բան չի վաճառվում, բացարձակ շահութաբեր չի, նույնիսկ կասեի՝ շահութակեր է։ Մարդիկ չեն ուզում ձայնասկավառակ թողարկեն, ուզում են ընդամենը երգ ձայնագրել, դրա վրա տեսահոլովակ նկարել. դրանով ավելի մեծ ճանաչում են ձեռք բերում, ավելի մեծ գումար են հետ գցում, իսկ մի հատ դիսկը երաժիշտի վրա մոտավորապես 30 հազար դոլար փող է նստում ու մինչեւ հարսանիքներում, չգիտեմ որտեղ ու ինչ փնթի տեղերում երգիչները չերգեն, այդ գումարը չեն հանի։ Իմ  պարագայում ես խնջույքի երգիչ չեմ, իմ ոճը ջազային է, դա իմ համար եկամտի աղբյուր չի եղել եւ չի էլ լինի»։ Բայց իրավիճակն ուրիշ է ռաբիզ երգիչների դեպքում, ովքեր, ըստ Իսպիրյանի, ամեն մի ձայնասկավառակից հետո մի հարսանիքի, մի հյուրախաղի հրավեր են ստանում։ Իսպիրյանը նշեց, որ հայկական տիրույթում կայքեր կան, որտեղ բոլոր երգիչների ձայնասկավառակները ներբեռնված են, եւ անվճար կարող ես լսել. «Ես ուրախանում եմ նույնիսկ, եթե տեսնում եմ, որ պիռատները տպում, խանութներում բաժանում են, բայց իմ երգերը հիմնականում վաճառվում են ամերիկյան «այթյուզ» կայքում, ամենաշատը վաճառվել է «ինսպիրեյշն» ալբոմը։ Իսկ մեզ մոտ ոչ ոք մեզնից ոչ մի բան չի հարցնում, ոչ ստորագրում ենք, ոչ համաձայնություն ենք տալիս, նման բան չի էլ եղել, այդ կուլտուրան դեռ չկա այստեղ, չի էլ լինի, մինչեւ չկարգավորվի այս շուկան»։



 



Հեղինակների իրավունքների պաշտպանության «Հայհեղինակ» ՀԿ-ից փորձեցինք ճշտել, թե ինչ իրավիճակ է դաշտում եւ համացանցում, երաժիշտների ու նրանց ալբոմների հեղինակային իրավունքները որքանո՞վ են պաշտպանված, բայց «Հայհեղինակ»-ի ներկայացուցիչ, իրավաբան Կարինե Պետրոսյանը տվեց շատ կտրուկ եւ «պատրաստված» պատասխան. «Ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ ստատիստիկան չեմ կարող ասել։ Համացանցը վերահսկելը բարդ խնդիր է»։ Ապա անջատեց հեռախոսը։ Ահա եւ ողջ պատկերը։ 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ