«Դ!եմ եմ»-ի շնորհակալական խոսքը` մարտի 22-ի հանրահավաքի կապակցությամբ

«Դ!եմ եմ»-ի շնորհակալական խոսքը` մարտի 22-ի հանրահավաքի կապակցությամբ

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է.  «Մարտի 22-ին Երևանի Ազատության հրապարակում մենք համախմբվեցինք ընդդեմ մի «օրենքի», որի կիրառումը, մեր բոլորի խորին համոզմամբ, կործանարար հետևանքներ կունենա մեր սիրելի հայրենիքի տնտեսության համար:



 



  Բեմահարթակին կանգնած՝ «Դ!ԵՄ ԵՄ» թիմը ապավինում էր միայն ձեզ, մեր ժողովրդի կամքին և միասնականությանը, ինչի պայծառ դրսևորմանն էլ մենք բոլորս ականատես դարձանք, քանզի «Դ!ԵՄ ԵՄ»-ը մենք ենք … դուք եք … բոլորս ենք … Հանրահավաքի կազմակերպումը դյուրին չէր, և սույնով «Դ!ԵՄ ԵՄ» թիմը իր շնորհակալական խոսքն է հղում այն աշխատանքային կոլեկտիվներին և վերջիններիս անդամներին, ում կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում հնարավոր եղավ կազմակերպել այս հանրահավաքը և վճարել բոլոր անհրաժեշտ ծախսերի՝ ձայնային տեխնիկայի, էլեկտրաէներգիայի և այլնի համար:



 



Այս ամենը հնարավոր դարձավ այս պայքարի նվիրյալների ինքնակազմակերպման վառ օրինակի շնորհիվ, որը դրսևորվեց նաև սեփական նախաձեռնությամբ գալիք հանրահավաքի մասին իրազեկման աշխատանքների կազմակերպմամբ: Մեր պայքարն արդար է, իսկ մենք՝ միասնական, և ետդարձի ճանապարհ չունենք: Առաջ՝ դեպի գալիք հաղթանակ»: