Ոստիկան, սթափվիր. ոչ մի իշխանություն չարժե քո ժողովրդի մի կաթիլ արյանը

Ոստիկան, սթափվիր. ոչ մի իշխանություն չարժե քո ժողովրդի մի կաթիլ արյանը

Գելի գլխին Ավետարան կարդացին, ասաց՝ ոչխարը սարն անցավ: Հիմա մեր այս ոստիկանների պահվածքը գելից պահվածքից տարբերվու՞մ է: Ոստիկանապետն ուզում էր, որ նրանք այնպիսին լինեին, որ մարդիկ վստահեին, ընդունեին, սիրեին նրանց: Մի սրան նայեք, սրան վստահել կլինի՞… Հարգելի Վովա, դու քո երեխայի կյանքը կվստահեի՞ր այս ոստիկանին: Եթե չէ, ինչու՞ էիր դրանց գլխին Ավետարան կարդում, թե՞ ասացվածքը գիտեիր ու վստահ էիր, որ ազգովի գելերի ձեռքին ոչխար ենք: Պիտի չդիմադրենք: Անկեղծ եմ ասում, տասնյակ դեպքերի եմ ականատես եղել, երբ քաղաքացին ձեռքերը խելոք-խելոք բարձրացնում ու հանձնվում է ոստիկանի հայեցողությանը: Քաղաքացին որևէ ոտնձգություն չի անում ոստիկանի նկատմամբ ու նույնը պահանջում է նրանից: Բայց գայլը չի կարող չհարձակվել ոչխարի վրա: Ինչքան քաղաքացին իրեն կոռեկտ, խելոք է պահում, այնքան գայլն ակտիվանում է ու ժանիքներով քրքրում նրան: Ահավասիկ, այս նկարը շրջում է սոցիալական ցանցերում, տակն էլ մի հետաքրքիր գրառում տեսա՝ հիմա սրա երեխան կասի՝ պապաս գործի է գնում: Ամոթ է, ոստիկաններ, վերջ տվեք: Մի տուն ժողովուրդ ենք մնացել, ի՞նչ եք այդ մի տան մսին ելել: Մենք Ուկրաինա չենք, որ մեզ նման շռայլություն թույլ տանք: Ուշքի եկեք: Ոստիկան, սթափվիր, ոչ մի իշխանություն չարժե քո ժողովրդի մի կաթիլ արյանը:  



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ