Անհամբերությամբ եմ սպասում բանակցությունների շարունակությանը. Ուորլիք

Անհամբերությամբ եմ սպասում բանակցությունների շարունակությանը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին կոչ են անում խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակն ու վնասել խաղաղ գործընթացը. այդ մասին Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով շփման գծում հրադադարի խախտումների դեպքերը։




Ուորլիքը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կկազմակերպվի ևս մեկ գագաթաժողով՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի նախագահների երկխոսության կառուցողական շարունակություն։



 



«Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը՝ Փարիզում հանդիպելու վերաբերյալ»,-ասել է ամերիկացի համանախագահը։



 



Ուորլիքը նշել է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող։
 



«Նման դիվերսիաները շփման գծում արգելակում են հակամարտության կարգավորումը, որը մեր ընդհանուր նպատակն է և կարող է հանգեցնել շրջանի բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը»,- ասել է նա։



 



Պատասխանելով համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք հերթական այցի մասին հարցին՝ Ուորլիքը նշել է, թե անհամբերությամբ է սպասում բանակցությունների շարունակությանը՝ կամ տարածաշրջանում, կամ այլ վայրում։ «Դեռևս աշխատում ենք հերթական հանդիպումը ծրագրելու վրա»,- ասել է Ուորլիքը։