Ինչու է պետք կարդալ

Ինչու է պետք կարդալ

ՀՀ վաստակավոր արտիստ, Հանրային ռադիոյի «Գիշերն անույշ է» հաղորդման հեղինակ Սարգիս Նաջարյանն առաջարկում է կարդալ «Փոքրիկ իշխանը»։



Առաջին անգամ «Փոքրիկ իշխանը» կարդացի, երբ դեռ 7-րդ դասարան էի, այն ժամանակ՝ ռուսերեն լեզվով, եւ այն, կարելի է ասել, դարձավ մի գիրք, որ ուղեկցեց ինձ ամբողջ կյանքիս ընթացքում։ Տղայիս անունը Անտուան դրեցի։ Շատ փոքրուց սկսեցի պատմել, իսկ հետո նաեւ կարդալ նրա համար այդ հրաշք գրքույկը։ Տղաս դարձավ կինոլոգ, ռազմական շներ վարժեցնող։ Ինքը թերեւս վերցրեց փոքրիկ իշխանի ընտելացնելու հատկությունը... այսօր ես թոռնիկիս եմ պատմում փոքրիկ իշխանի մասին։ Ճիշտ է՝ նկատելի է ընկալումների տարբերությունը։ Տղաս 70-ականների սերունդ է։ Դա մի սերունդ էր, որ տրանսպորտում տեղ էր զիջում մեծահասակ մարդուն։ Տղաս, իհարկե, ավելի ներշնչանքային եւ խոհափիլիսոփայական էր ընկալում փոքրիկ իշխանի պատմությունը, քան այսօր թոռնիկս։



«Փոքրիկ իշխան»-ը կարդալն ու լիարժեք ընկալումը շատ բան կփոխեր մեր կյանքում...



Յուրաքանչյուրն ունի իր տունը, իր մոլորակը։ Փոքրիկ իշխանը գիտակցում էր, որ ամեն օր իր մոլորակից պետք է մաքրի բաոբաբները եւ պաշտպանի վարդին, որպեսզի գառնուկը չուտի նրան։ Դա ի՛ր տարածքն էր։ Այսօր մեր փոքրիկ Հայաստանն արդյո՞ք մեր տունը, մե՛ր մոլորակը չէ, եւ քանի՞ հոգին է, որ գիտակցում է, որ պետք է ամեն օր մաքրել բաոբաբները, որ պետք է սիրել ու գուրգուրել այն մարդուն, որին մենք ընտելացրել ենք։ Պատկերացնո՞ւմ եք, որ այս պարզ, բայց հանճարեղ քայլերը յուրաքանչյուրն աներ ի՛ր տարածքում, որքան ավելի լավը կդառնար մեր մոլորակը։ Ցավոք սրտի, դա շատերը չեն հասկանում։



Եթե ուժ ունես, փոխի՛ր ինչ-որ բան քո տարածքում եւ մի թող ու գնա, սա էլ է գրքի դասերից մեկը։ Քանի քանիսն են թողնում ու գնում իրենց «մոլորակը», իրենց տարածքը։ Փոքրիկ իշխանն էլ թողեց իր մոլորակը, գնաց Երկիր մոլորակ, բայց չհարմարվեց այնտեղ։



Գիրքը սովորեցնում է սիրելու արվեստը։ Փոքրիկ իշխանը  տեսավ իր վարդի պես այլ շատ վարդեր, բայց նա տարբերակում մտցրեց իր վարդի եւ իր տեսած հազարավոր վարդերի միջեւ։ Իսկ մենք կարող ենք հազարավոր ծաղիկներ տեսնել, վարդեր, նարգիզներ, հիանանք նրանցով, բայց երբեք չընտրենք մեկին։ Այ, սա է նաեւ մարդու ողբերգությունը, մարդը չի կարողանում ընտրել ու սիրել մեկին, բոլորին նայում է նույն աչքով։ Մենք մարդկանց միջեւ տարբերակում չենք դնում... Սրատես աչքն է տեսնում ամենակարեւորը՝ ըստ փոքրիկ իշխանի։



Այդ սիրո պակասից չէ՞ արդյոք, որ ընտանիքներն սկսել են պակասել։ Մարդկանց հոգեբանության մեջ ընտանիքի նկատմամբ վերաբերմունքը պակասում է, ես իմ դիտարկումներով հասել եմ այն եզրակացության, որ շուտով ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում կպակասեն ընտանիքները։ Շատ ցավալի բան եմ ասում, բայց դա այդպես է։ Մարդիկ կսկսեն սիրել իրար հեռախոսով, համակարգիչով եւ այլն։ Այսպիսի ժամանակ է եկել արդեն ու դեռ կշարունակվի։



Փոքրիկ իշխանը սովորեցնում է չլինել անտարբեր, ինչն այդքան խորանում է 21-րդ դարի մարդու մեջ։ 22-րդ դարի մարդիկ լրիվ ուրիշ տեսակ կլինեն. գլոբալիզացված մարդու ժամանակն է գալիս։