Պատրաստում են Ռուսաստանի քաղաքացիներ

Պատրաստում են Ռուսաստանի քաղաքացիներ

Հայաստանում արդեն 2-3 տարի է, որ տարբեր ռուսական էմիսարների, այդ թվում՝ մոսկվաբնակ Անդրանիկ Նիկողոսյանի թեթեւ ձեռամբ, ռուսաֆիկացման գործընթաց է ծավալվում: Սա ռուսացման երկրորդ շնչառությունն է, հավանաբար՝ ընդառաջ Մաքային միությանը, որ կառուցվածքով աղճատված Սովետ է լինելու։ Նախ ռուսական գրքի տներ բացվեցին տարբեր քաղաքներում, հետո դպրոցների ռուսերեն դասավանդող ուսուցիչներին հանձնարարվեց խմբեր հավաքել եւ երեխաների հետ արտաժամյա պարապել ռուսաց լեզու։ Ուսուցիչներին վճարում է Նիկողոսյանի ղեկավարած «Երիտասարդ եվրասիացիներ» կազմակերպությունը, առձեռն՝ առանց փաստաթղթերի, ամեն դասաժամի համար՝ 1000 դրամ։ Որպեսզի կենսունակ համարվի կենտրոնը, պահանջն է, որ ամեն ուսուցիչ ամենաքիչը 3 խումբ հավաքի եւ ամեն խմբի հետ պարապի շաբաթը 3 անգամ, այսպիսով՝ ուսուցչին վճարվող ամսական գումարը կազմում է 36 հազար դրամ։ Բացի այդ, անընդհատ պետք է խմբերը համալրվեն, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ ընդգրկվեն։



 



Այս ամենն առաջին հայացքից անվնաս ու նորմալ է, նույնիսկ դրական վերաբերմունք կարելի է ցուցաբերել, քանի որ լեզվի իմացությունն ու բնագրով գրքեր կարդալը հարստացնում են միտքն ու իմացությունը։ Այս ռուսամետության ճիգ ու ջանքը հենց այդպես էլ կընկալվեր, եթե չպարզվեր դրա իրական նպատակակետն ու թիրախը։



 



Հունիսի 23-28-ը Ռուսական կողմը կազմակերպել էր կազմակերպել է արտաժամյա ռուսաց լեզու պարապող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Այդ առիթով Երեւան են ժամանել Մոսկվայի «ԺՐցՋոՈ վՈՐՏՊՏՉ» համալսարանի 3 պրոֆեսոր՝ պատմության, սոցիոլոգիայի, իրավունքի մասնագետներ, իբրեւ վերապատրաստման դասընթացներն անցկացնելու համար։ Դասընթացի մասնակից ուսուցիչների փոխանցմամբ, պրոֆեսորները ոչ թե ռուսերեն լեզվի իմացության գիտելիքներն են խորացնում, այլ բացատրում են, թե ինչպես պատրաստել Ռուսաստանի պոտենցիալ քաղաքացիներ։ Ինչպես սովորեցնել Ռուսաստանի պատմությունը, սահմանադրությունը, օրենքները: Ինչպես պատրաստել, որ կարողանան քննություն հանձնել այս գարնանը Պետդումայի ընդունած նոր օրենքի համաձայն եւ դառնալ Ռուսաստանի քաղաքացիներ: Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ արտագաղթի քարոզ, որով ուզում են նպաստել դեպի Ռուսաստան արտագաղթին։ Քաղաքակիրթ արտագաղթ, ի տարբերություն թրքական եւ պարսկական տեղահանության։



 



Ռուսական կողմի այդ նրբանկատ մտահոգության առիթն այն է, որ Ռուսաստան տեղափոխվող հայերը տեղյակ լինեն այդ երկրի պատմությանն ու օրենքներին եւ հեշտությամբ հարմարվեն բնիկների կյանքին ու կենցաղին, իսկ ամենակարեւորը՝ անհանգստություն ու բեռ չդառնան ռուսների համար։ Համենայնդեպս, իրենց առաքելության կարեւորությունն այդպես են բացատրել հարգարժան պրոֆեսորները դասընթացներին մասնակցող ուսուցիչներին։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ