Բանակ մը գացած ենք, օ՜…

Բանակ մը գացած ենք, օ՜…

Առաջ այդպես էր: Հիվանդասենյակ  մտնելու համար բժշկի խալաթ պիտի հագնեիր:



Թե ում խալաթն էր, չիմացա, բայց հագա: Վրաս լավ նստել էր, ոնց որ իմը լիներ: Մինչ հիվանդասենյակը հասնելը, մեկը, ձեռքերով շրջափակելով ինձ, գերի վերցրեց ու գոռաց.



-Բժշկուհի ջան, հիվանդը մեռնում է, շուտ, շուտ փրկեք:



Դիմադրել չկարողացա, ինձ համարյա գրկած հասցրին պալատ: Հիվանդը շնչահեղձ էր լինում: Ջահել աղջիկ էի, վախից սկսեցի դողալ: Հիվանդատերը համարյա ոռնում էր.



-Մի բան արա, հիվանդը ձեռքից գնում է,- ասում ու ինձ հրում էր դեպի հիվանդը:



Վերջը դիմադրություն ցույց տվի ու դուրս պրծա հիվանդատիրոջ շրջափակումից՝ գնա կորի՜ է, ես բժիշկ չեմ: Հիվանդատերը այնպես հրեց ինձ, որ հիվանդի հետ նույն մահճակալում հայտնվեցի.



-Ռադդ քաշիր, բա ինչու՞ ես եկել մեր պալատ…



Հիմա մեր պաշտոնյաներն են, մեր երգչուհիները, պատգամավորները: Մեկ էլ տեսնում ես՝ զինվորական համազգեստ են հագել ու դիրքերում ֆռֆռում են: Ու՞մ ինչ են ուզում ասել, հասկացնել, գլխի չես ընկնում: Նկարողները, անմահացողնողներն էլ անպակաս չեն: Հետո թերթերն են գցում ու մեծ-մեծ պատմում, որ զինվորի ճաշից են կերել: Վա՜յ,- զարմանում են, որ կերել ու չեն թունավորվել: Զարմանում են, որ համարձակվել են խրամատով քայլել ու չզոհվել: Հետո էլ այդ լուսանկարը հիմք են համարում ու արիության, ռազմական խիզախության  համար մեդալներ  ստանում: Հաջորդ մի քանի օրերը ողջ մամուլը այդ պաշտոնյայի զորամաս գնալու մասին է գրում: Ոնց որ Աբիսողոմ աղաները լինեն, դիրքում զինվորի հետ նկարվելու համար խելքներն իրենցը չի.



-Ամեն զորամաս եկողներուն անունները ձեր թերթին մեջ կը գրե՞ք:



-Գրեթե ամենն ալ, եթե ձեզի պես պատվավոր ազգայիններ ըլլան:



- Շատ լավ, իմ անունս ալ գրեցե՛ք, ես ալ պատվավոր ազգային մ՚ եմ։ Մեր քաղքին մեջ դղյակներու, հողեու, օբյեկտներու և ագարակներու տեր եմ․․․



-Հոգ մի՛ ընեք․ խղճի և արդարության պարտք մը կատարելու համար անոնք ալ կը գրեմ:



-Երկու երեք հատ զինվորու հետ հաց մը կերա․․․ անոնք ալ լրագրույդ մեկ կողմը կրնա՞ս անցունել:



-Ինչո՞ւ չէ:





Զինվորի համազգեստ հագնելը դարձել է ազգային հերոսություն: Հագնում ու նկարվում են, հագնվում ու տարբեր լրատվամիջոցներով փողփողացնում են՝ բանակ մը գացած ենք, օ՜… Վերջում էլ հանձնարարում են՝  անունս խոշոր գիրերով թող գրվի: Կրակոցն է պակասում, որ մի կրակոց լինի, կգոռան՝  մենք զինվոր չենք…



 



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ