Լոռու մարզի Փամբակ գյուղում տեղի ունեցավ յուրահատուկ մշակութային միջոցառում

Լոռու մարզի Փամբակ գյուղում տեղի ունեցավ յուրահատուկ մշակութային միջոցառում

Հունիսի 28-ին Լոռվա մարզի Փամբակ համայնքում տեղի ունեցավ «Լոռվա oրրան» հայկական մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային տան բացման արարողությունը։ Միջոցառումը կազմակերպել էր «Սոսե» բարեգործական ՀԿ-ն: Կենտրոնը բացվեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի շրջանակներում:



Բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական կազմակերպություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանատների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև Լոռվա մազրեպատարանի աշխատակիցներ՝ երկու փոխմարզօետների գլխավորությամբ:



«Սոսե» ՀԿ-ի տնօրեն Նելլի Սեդրակյանն իր խոսքում ասաց, որ այս ծրագիրն ուղղված է տեղի բնակչության շրջանում գործազրկության վերացմանն ու սոցիալական վիճակի բարելավմանը։



«Մենք անցկացրինք ուսումնասիրություն՝ պարզելու, թե գյուղական զբոսաշրջության որ ոլորտներն ունեն առավել մեծ պահանջարկ։ Դրա արդյունքում կազմվեց ճամփորդական ուղեցույց, որը մոտ ժամանակներում կտրամադրվի տուրիստական գործակալություններին։ Դրանց միջոցով Հայաստան ժամանած զբոսաշրջիկները կտեղեկանան Լոռու և Տավուշի մարզերում մշակութային ժամանցի հնարավոր տարբերակների մասին ու անմիջական կապ կհաստատեն տեղի բնակիչների հետ։ Ծրագրի շրջանակներում մենք նաև անցկացրել ենք անգլերենի դասընթացներ՝ ապահովելով նվազագույն շփումը զբոսաշրջիկների հետ»,-ասաց նա:



Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն է; բարձր գնահատեց ծրագրի իրականացման մակարդակը՝  նշելով, որ ԵՄ օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում աղքատության դեմ պայքարը։



 



«Այս ծրագիրը շատ լավ օրինակ է, թե ինչպես է Եվրոպական միությունն օգնում է հայերին  ստեղծել աշխատատատեղեր և նոր հնարավորություններ։ Ամեն տարի մենք իրականացնում ենք մի շարք փոքր ծրագրեր սոցիալապես անապահով շրջանների համար։ Հուսով եմ՝ մեր համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում կլինի շարունակական»,- ասաց Ջոն Բարքերը։



 



Գերմանիայից ժամանած զբոսաշրջության ոլորտում էքսպերտ Ռեյներ Թիենելն էլ կիսվեց իր տպավորություններով և իր հիացմունքն արտահայտեց տեղի բնակիչների սրտաբացության ու բարության վերաբերյալ՝ նշեց զբոսաշրջության հիմնական ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրել ժամանակակից եվրոպացի զբոսաշրջիներին։



 



Միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացվեցին հայկական հացի պատմությունն ու խորհուրդը, պատրաստման արարողությունը, Լոռվա մարզի ուտեստները։ Հյուրերին ներկայացվեց նաև հայկական տարբեր երաժշտական գործիքների և ազգային պարի պատմությունը: Նրանց ներկայացվեցին հայկական հարսանիքի ավանդույթները, ինչպես նաև հատուկ պարուսույցի կողմից տեղի ունեցավ փոքրիկ ներկայացում-դասընթաց, որի ընթացքում ներկաները սովորեցին որոշ հայկական ավանդական հարսանեկան պարեր, որոնք առավել տարածված են եղել հենց Լոռվա շրջանում։ Բացի այդ, միջոցառման հյուրերը հնարավորություն ստացան դիտելու տեղի բնակիչների ձեռքի աշխատանքները։



Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 150,000 եվրոյով: Այն իրականացվում է Լոռու և Տավուշի մարզերում:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ