Փակագիծ

Փակագիծ

Նարե Աթոյան գրավաճառ-խորհրդատու



 



- Ինչպիսի՞ն պետք է լինի պետական պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը:



Դժվարանում եմ պատասխանել, քանի որ նախ փորձում եմ ինքս ինձ պատկերացնել այս դերում: Պատասխանատվությունն ամենակարեւոր հատկանիշն է այս դերն ընդունելու համար: Ես կարող եմ լինել պատասխանատու, բայց մյուս կողմից հարց է ծագում, արդյո՞ք պետական պաշտոնյան, ներքուստ լինելով պատասխանատու անձնավորություն, կփորձի լինել այդպիսին նաեւ պաշտոնն ստանալուց հետո: Կասկածում եմ: Եթե լինի այդպիսին, չի կարող հարցեր մերժել, խնդիրներ ձգձգել, բոլոր առաջարկները միանգամից կիրականացնի, կլինի խոստումնալից… ու դրանից կտուժի իր աթոռը, քանի որ, ենթադրում եմ, ղեկավարությանն անհրաժեշտ են ավելի ծույլ ու ավելի համր ներկայացուցիչներ…



 



Եթե այսօր որեւէ գյուղում տրանսպորտի խնդիր կա, մյուսում՝ ջրի, երրորդում՝ ճանապարհների եւ այլն, մենք բոլորս էլ գիտենք, որ այս հարցերը պետք է պետական պաշտոնյաները լուծեն՝ համայնքի ղեկավարները, բայց այդ հարցերը տարիներով ձգձգվում են, մարդիկ բողոքում են, լքում են իրենց համայնքները, բայց խոստումները տրվում են, ու ոչ մի փոփոխություն. ամեն ինչ մնում է նույնը: Իսկ երբ ղեկավարը խոստումնալից է, պատասխանատու է իր ամեն մի խոսքի համար եւ տեսնում է, որ չի կարողանում տվյալ հարցին լուծում տալ, նա, վերջիվերջո, դադարում է պաշտոնյա լինել, թողնում է աթոռն ու զբաղվում այլ գործով…  ինքը պատասխանատու է, իսկ բոլորը չէ, որ իր նման են, եւ հարցերը մնում են անլուծելի:



 



Ուրեմն, սրանից էլ ենթադրություն, որ քաղաքական դաշտում բոլոր շերտերի աշխատողները պետք է լինեն պատասխանատու, իսկ այդպես չի կարող լինել, քանի որ ի ծնե ոչ բոլոր մարդիկ են այդպիսին:



 



Իշխանավորներից ոմանք գործում են լավ, ոմանք՝ վատ, այսինքն, մենք չենք ընդունում նրանց քայլերը: Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր որպես պաշտոնյա գուցե կատարում են իրենց պարտականությունները, ու դա մեր կողմից որպես վատ քայլ է դիտարկվում, բայց իրենք լավ մարդիկ են կյանքում: Ես գոնե  ճանաչում եմ այդպիսի պաշտոնյաների:



 



Գիտեք, ես չեմ սիրում շատ մեղադրել, իհարկե, երբ մարդը վերցրել է այդ պաշտոնը, նա պետք է կարողանա իրականացնել մարդկանց սպասումները, բայց, մյուս կողմից, երբ քաղաքացուն հարցնում ես՝ ինչո՞ւ ես աղբը դեն նետում բնակարանից, ասում է՝ լավ եմ անում, կամ հերթական ուղեւորին ասում ես, մի ուրիշ երթուղային նստիր, որը նույնպես հասնում է ձեր տան մոտ, բայց՝ չէ, ինքը պետք է խցկվի այն մեկի մեջ, որն իրենց ՊԱԴԵԶԴ է մտնում… 



 



Այնքան հարցեր կան, որոնք չենք կարող փաթաթել պաշտոնյաների վզին, բայց մերոնք սիրում են անել:



 



Իմ առաջին պահանջը պաշտոնյաներից սահմանային գյուղերի բնակիչներին հողի հարկից, կոմունալ վճարումներից եւ այլ պետական վճարումներից ազատելն է, որ մարդիկ ցանկանան գնալ ու ապրել այնտեղ, ոչ թե լքեն սահմանները:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ