Թալիշից փախնելուց հետս մենակ մի մեշոկ հաց եմ տարել

Թալիշից փախնելուց հետս մենակ մի մեշոկ հաց եմ տարել

Սահմանից 3 կմ բաժանող ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում 2 ժամանակագրություն կա. կյանք 92 թ. բռնատեղահանումից առաջ եւ կյանք 94 թ. ազատագրումից հետո։ Թալիշի 66-ամյա բնակիչ Ռուբիկ Հովհաննիսյանն էլ իր կյանքը պատմում է ըստ այդ ժամանակագրության։ Ասում է՝ նախկինում գյուղի կթվորն էր, հիմա՝ պատերազմից հետո, գյուղապետարանում աշխատում է համայնքի մասնագետ։ Առավոտյան անասուններին կերակրելուց հետո գնում է գյուղապետարան, որտեղ «մի պատառ զրուց ենք անում, մի պատառ նալոգների մասին խոսում, մի բաժակ էլ կոֆե ենք խմում»։ Ռուբիկ պապին հիշում է, որ հարուստ գյուղ է եղել Թալիշը, նախկին գյուղապետն էլ՝ ընկեր Սահակյանը, մինչեւ կռիվը «Ադրբեջանի դեբուտատ» է եղել։ Պատերազմից հետո գյուղացիների համար օրհասական խնդիր է դառնում ջրի հարցը, որը մինչ այդ Ինջի գետից էին ստանում, իսկ 92-ից հետո «թորքերի» ձեռքն է անցնում։ Չնայած այսօր ջրի հարցը մասամբ լուծվել է, բայց Ռուբիկ պապին ասում է, որ շատ քիչ է, արտերից եկամուտ չեն ստանում, իսկ իր անասունների մի մասն էլ վարկի դիմաց է տվել։ «94թ.-ին որ եկանք Թալիշ, 2 կինարմատ ա եղել, 30 տղամարդ, բոլոր տները քանդված, վառված, հայաթները նապաստակ, աղվես, շատ նեղ ենք ապրել»,-ասում է Ռուբիկ պապին ու ավելացնում, որ հիմա էլ են նեղն ապրում ու ոչ մի արտոնություն չունեն. տարվա մեջ 1 կովի դիմաց 2 հազար 500 դրամ «նալոգ» են տալիս, 10 ոչխարի համար՝ 2 հազար 500, 1 մեքենա խոտի համար էլ՝ 2 հազար դրամ։ Հետո հիշում է ու ավելացնում, որ անցած տարի վարչապետն անասուններին կեր է տվել, 1 կովին՝ 10 տուկ խոտ։



 



Ռուբիկ պապին ապրում է կնոջ, տղայի, հարսի ու 2 թոռների հետ, ստանում է 44 հազար դրամ թոշակ, որը, իր իսկ խոսքերով, «մենակ կոֆեի ա հերիքում», այդքանով հանդերձ, Ռուբիկ պապի լավատեսությունը չափ ու սահման չունի. «Վատ ենք ապրում, բայց կորած չենք»։ Նա հիշում է, որ Թալիշում իր տունը 70-ին է սարքել, լավ տուն-տեղ է դրել, բայց 92-ին, երբ կռիվն սկսվել է, թողել է ամեն ինչ՝ ոսկի, փող, ունեցվածք, ու գյուղից փախչելուց առաջ հետը մի մեշոկ հաց տարել։ Ռուբիկ պապին նաեւ իմաստուն մարդու փիլիսոփայությունն ու պարզությունն իր մեջ կրող մարդ է, ասում է. «Ղարաբաղցին վախիլ չի, վախ կա, բայց մենք վախիլ չենք»։     



 



 - Ռուբիկ պապի, հավատո՞ւմ ես քաղաքական գործիչներին, ի՞նչ ես կարծում, եթե ուզենան, չե՞ն կարող այնպես անել, որ պատերազմ չլինի։ Ընդհանրապես, այդ պատերազմներն ո՞ւմ ձեռքում են։






- Պատերազմը պետության ձեռքն ա, մեծերի, թե չէ մեր կամ թորքի ձեռքին ի՞նչ կա, քի մատաղ, պատերազմը լավ բան չի, պատերազմը փիս բան ա, թոռներս, ծոռներս տեսնալ ոչ (Ռուբիկ պապին լցնում է աչքերն ու դադար առնում)։



 



- Ի՞նչ ես կարծում, ադրբեջանցիներն է՞լ են վախենում պատերազմից։






- Այ ցավդ տանեմ, բա խի՞ վախում չի, նա էլ իմ պես քո նման մի լրագրողի հետ զրուց ա անում, նա էլ ա աչքերը լցնում, հիշում բարեկամությունը։ Մեր ամենափիս հային անգամ ամենալավ թորքի հետ փոխիլ չեմ, բան չունիմ ասելու, նրանք էլ են ժողովուրդ, քե մատաղ, մեր սահմանին՝ ստեղ, կանգնած են հայ զինվորները, էն մի 50 մետր էլ ինքն էնտեղ իր բաղումը գործ ա անում, վախում ա, խղճի վրա ա, յա կրակեն, յա կրակել չեն, տենց ա։ Մեր սահմանը, որ հիմա սենց դուզ աշում ես, սկի 1 կմ էլ չկա։ Արտերը հնձելու ժամանակ կրակ տվեցին, եկավ ոտիս տակ ընկավ պատրոնը, դիմացի ատամներս փշրվեցին։ Առաջ ամեն գիշեր արտը պաժառ էին տալիս, 10-20 հոգով հավաքվում էինք, գնում, տեղ-տեղ հանգցնում պաժառը։



 



- Հեչ հանդիպած կա՞ս իրենց։






- Թորքի՞ն, չէ, չէ, ցավդ տանեմ…



 



- Եթե հանդիպեիր, կկրակեի՞ր, ի՞նչ կանեիր։






- Երեւի… (մտածում է), բայց իրանք կկրակեին եւ կտանեին։



 



- Ի՞նչ կուզես ասել, որ մարդիկ բոլորը կարդան ու իմանան Ղարաբաղի մասին, Թալիշի մասին, կամ գուցե կուզեիր Ալիեւի՞ն մի բան ասել։






- Ես Բաքու Ալիեւի հետ պարել եմ՝ մեծ Ալիեւի։ 75-76-ին էր, քյացել էի Բաքու ժողովի՝ կոլխոզի համագումարի։ Գյուղից մենակ ես էի։



 



- Բա ո՞նց ստացվեց, որ պարեցիր։






- Պերերիվ էր, պատահական ինձ էլ ձգեց՝ պարեցինք։ Էն ժամանակ լավ էր, խաղաղ վախտ էր, լավ կամանդիրովկա էինք ստանում, լավ փող։ 



 



- Իսկ հիմա որ հանդիպեիր Ալիեւին, ի՞նչ կանեիր։






- Ե՞ս՝ կբարեւեի, էն ժամանակ ինքը բարի էր, հիմա չեմ գիդում։



 



- Բայց եթե պատերազմ ա անում, ուրեմն չար ա։



- Դե, չար ա լի…



 



- Ռուբիկ պապի, ո՞նց ես մտածում, թշնամու մեջ բոլո՞րն են չար, թե՞ իրանց մեջ էլ բարի մարդիկ կան։






- Դե, թշնամու մեջ էլ բարի կա, խի բարի չկա՞, ժամանակին էս արտերը հնձելիս կրակում էին, լինում էր, որ չէին կրակում… նրանց մեջն էլ բարի կա լի, խի մեր մեջ բարի չկա՞…, ընտանիքում բոլորը բարի՞ են՝ չէ… ըլնում ա՝ մեկը չար ա լինում։



 



- Իսկ ի՞նչ ես կարծում, քաղաքական գործիչները մտածո՞ւմ են ժողովրդի մասին, թե՞ չէ։






- Դե, հենց ա մտածում են, մեր վարչապետը հենց ա Թալիշի մասին մտածում ա, ես կխնդրեի, որ բոլորն էլ Թալիշի մասին մտածեն։ Մենք հեչ, ես, ասենք 5, 10 տարի էլ ապրեցի, բա մնացածը, թող բարի լինեն, իրար սիրեն ու հարգեն։



 



- Ի՞նչ ես կարծում, Սերժ Սարգսյանն ի՞նչ պիտի անի, որ պատերազմ չլինի, խաղաղություն լինի։






- Ես ցավը տանեմ Ռոբերտի, էս գյուղում էնքան անասուն, ոչխար կա, չէ՞, սաղ էն Ռոբերտի շնորհքն ա։ Սերժն ինձ ոչ վատություն ա արել, ոչ լավություն, բայց մի պյան չենք տեսել… սահմանամերձ գոտի ա, այ ցավդ տանեմ, կտորվում ենք։



 



- Հիմա գյուղում բոլորն ունե՞ն կով, անասուն։






- Կա՝ էլել ա, բայց ծախել ա, ո՞վ ա մեղավոր, մարդ կա՝ սկի հավ էլ չունի, ո՞վ ա մեղավոր, ես հավ էլ ունեմ, կով էլ ունեմ, ոչխար էլ ունեմ, բայց մարդ կա՝ ավելի շատ ունի, շատ ա աշխատում։ Բաբաթ ենք ապրում, բայց մի օգնություն չի գալի։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]