Մշակույթի նախարարի միապետական դրսեվորումները

Մշակույթի նախարարի միապետական դրսեվորումները

Մեկ տասնամյակից ավելի է՝ կառավարությունն ամեն տարի բյուջեից մասնաբաժին է հանում ոչ պետական, հատկապես մարզային, մարզական եւ ազգային փոքրամասնությունները ներկայացնող թերթերին: Այս ցանկում ընդգրկվում են շուրջ 5 տասնյակ պարբերականներ, որոնք ստանում են տարեկան միջինը մոտ 500 հազար դրամ պետական աջակցություն: Հատկացումները կատարվում են ֆինանսների նախարարության միջոցով: Վերահսկողությունն իրականացնում է մշակույթի նախարարության տեղեկատվության եւ գրահրատարակչության գործակալությունը, որին էլ հաշվետու են պետական աջակցությունից օգտվող լրատվամիջոցները: Սակայն ավանդույթն արդեն խախտել են, եւ այդ պարտականությունը գործակալությունից խլվել ու դրվել է մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի վրա:



 



Պարզվում է՝ այն, ինչ կատարում էր մի հսկա գործակալություն, այժմ պետք է կատարի  ընդամենը մեկ մարդ: Դրանում երեւի վստահ է նախարարը, որ այդ քայլին է գնացել, սակայն այլ կարծիքի են լրատվամիջոցների ղեկավարները, ովքեր դրա հիմքերն ունեն: Նրանց ներկայացմամբ, այս տարվա առաջին եռամսյակին նորանշանակ փոխնախարար Նշան Տեր-Վարդանյանը ինչ-որ օյիններ է մոգոնել՝ մեկ նախադասություն պետք է փոփոխեր պայմանագրի մեջ, ու այդ մոգոնած-փոփոխածի  պատճառով աջակցությունը նախորդ տարիների համեմատ տրամադրվել է ավելի քան մեկ ամիս ուշացումով: Ի դեպ, աջակցությունը նպատակային է, եւ թերթն այն չի կարող ծախսել  ցանկացած կարիքի համար: Կարող է այդ գումարը փոխանցել միայն որեւէ տպարանի՝ որպես թերթի տպագրության ծախս, իսկ հաշիվ-ապրանքագիրը տպարանից պարտավոր է ներկայացնել գործակալությանը: Պայմանագրի որեւէ կետ խախտելու դեպքում թերթը զրկվում է պետական աջակցությունից:



 



 



Ինչպես տեսնում ենք, պետական աջակցությունը փող է, չոր փող՝ թեկուզ փոխանցումով: Ու, պատկերացրեք, այդ փողն ստանում է 40-50 լրատվամիջոց եւ դրանից ոչ մի կոպեկ կաշառք չի տալիս: Ինչ վերաբերում է երկկողմանի պայմանագրերին, ապա թերթերը պարտավորություններ ունեն՝ հաստատված թերթի համարների թիվ, տպաքանակ, ծավալ, ժամկետ: Սրանից ցանկացածի խախտումը փաստի առաջ կարող է կանգնեցնել տվյալ լրատվամիջոցին: Ցանկության դեպքում խախտում կարելի է հայտնաբերել կամ մոգոնել ու թերթը զրկել պետական աջակցությունից: Կարող են ուրիշին տալ այդ գումարը, բայց ոչ հենց այնպես: Ստացվում է՝ 15 տարի բյուջեից անընդմեջ հենց այնպես գումար են տրամադրել: Չլսված բան մեր երկրում: Կամ էլ գուցե նախարարը գործակալությանը չի վստահում, սկզբում ինքն է ուսումնասիրում թերթերի թղթաբանությունը, հետո ուղարկում գործակալություն: Հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի մշակույթի նախարարությունը մարզային, մարզական թերթերի հետ. նրան արժեք տվեք, որ արժեքը ոչնչացնի, եւ այժմ հերթը հասել է մարզային թերթերին, որոնցից շատերը ավելի շատ մշակույթ են ներկայացնում, քան մշակույթի նախարարությունն ամբողջությամբ վերցրած:



 



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ