Համերգ՝ հիպոթերապիայով բուժվող երեխաներին օգնելու համար

Համերգ՝ հիպոթերապիայով բուժվող երեխաներին օգնելու համար

Հուլիսի 6-ին, ժամը 18։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ժողովրդական երգի բարեգործական համերգ, որին մասնակցելու են ժողովրդական երգի կատարողներ Արաքսյա Ամիրխանյանը, Սուրեն Ավոյանը, Գրիգոր Միրզոյանը, Եվա Թաշչյանը, Նարեկ Պողոսյանը, Դավիթ Խաչատրյանը, Եվա Եգանյանը, Նշան Մանուչարյանը, Արմեն Դավթյանը: Համերգն անցկացվելու է ժողովրդական գործիքների կենդանի նվագակցությամբ: Ողջ հասույթը տրամադրվելու է հաշմանդամ երեխաների՝ ձիերի օգնությամբ անվճար թերապիային, «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնում, որն ստեղծվել է 2008 թվականին եւ մինչ այժմ միակն է Հայաստանում: «Կենտավրը» իրականացնում է ձիերի օգնությամբ թերապիա ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ:



 



Մասնագիտությամբ հիպոթերապիստ Հասմիկ Հովհաննիսյանը «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնի նախագահն է, բարեգործական համերգի նախաձեռնողը: Ասում է՝ դրական արդյունքն արդեն մի քանի պարապմունքից հետո է զգացվում, եւ բոլոր վերականգնողական միջոցներից դա ամենաարագն է ազդում: Հասմիկի կարծիքով, հիպոթերապիայի առավելություններից մեկն էլ այն է, որ այն որպես բուժում չի ընկալվում երեխայի կողմից, մինչդեռ, երբ երեխան ինչ-որ կենտրոնում ինչ-որ բուժական, մարզական շարժումներ է անում, շատ դեպքերում նեղվում է: «Հետո այն, որ ձիու քայլը նման է մեր քայլին, իմպուլս է փոխանցում չքայլող երեխային, հզոր ջերմային մերսումներ են ստանում բոլոր մկանները, այսինքն՝ շատ էֆեկտիվ է թե էմոցիոնալ, թե ֆիզիկական առումով»:



 



Թե քանի երեխա ներգրավված կլինի հիպոթերապիայի բուժման կուրսում, դա կախված է այն բանից, թե ինչքան շատ կվաճառվեն տոմսերը: Բայց 5 երեխա, վստահաբար կարելի է ասել, արդեն ներգրավված է ծրագրում: Կենտրոնը գործում է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում, եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնելու համար որոշվել է ծրագրում ընդգրկել հենց Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող երեխաներին: «Արագածոտնի մարզի գյուղերում վիճակն ահավոր է, եթե քաղաքում գոնե ամենաանապահով երեխաները կարողանում են ինչ-որ ռեաբիլիտացիա ստանալ, գյուղերում բավական չէ վիճակն ահավոր է, մի հատ էլ մենթալիտետն է ահավոր: Մարդիկ կարող են հաշմանդամ երեխային ուղղակի տարիներով փակել տանն ու ոչ մի աշխատանք չտանել նրանց հետ։ Դրա համար որոշեցինք գյուղերի երեխաներին ընդգրկել, հատկապես որ կենտրոնն էլ գործում է Արագածոտնի մարզում»: Հասմիկն ասում է, որ թե երաժիշտները, թե իրենք եւ թե երեխաները մեծ ինտուզիազմով են աշխատում եւ պատրաստվում համերգին: Համերգից մոտ 200 տոմս արդեն տրամադրել են սոցիալապես անապահով երեխաներին եւ մանկատներին:



 



Հասմիկը պատմում է, որ, դահլիճի վարձակալությունից սկսած, ամեն ինչ իրենք են հոգացել, փորձել են հովանավոր գտնել, նամակներ են գրել տարբեր խոշոր կազմակերպությունների, որ յուրաքանչյուր կազմակերպություն որոշակի քանակությամբ տոմս գնի իր աշխատողների համար կամ դրանք նվիրի սոցիալապես անապահով երեխաներին: Միակ կազմակերպությունը, որ արագ արձագանքել է, Երեւանի կենդանաբանական այգին է եղել եւ հետո նաեւ Վիվասելը: Ինչ վերաբերում է մշակույթի նախարարությանը, ապա լռությունն է եղել արձագանքը:



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]