Չեմ կարող ինքնագործ խմբի մակարդակով անընդհատ կռիվ տալ

Չեմ կարող ինքնագործ խմբի մակարդակով անընդհատ կռիվ տալ

- Պարոն Խառատյան, այս օրերին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում որակավորումներ են գնում, այդ թվում՝ բալետային խմբում, կարելի՞ է ասել, որ Օպերան առողջացման փուլ է մտնում, որակական փոփոխություններ նկատելի՞ են։






- Այդ հարցին կարելի է 2 աչքով նայել. հանդիսատեսի, որ դրսից է նայում, եւ ներսի մարդու աչքերով, որտեղ ինչ-որ բաներ կատարվում են, բայց չգիտենք, թե կոնկրետ ինչ է կատարվում, որն է նպատակը, եւ ուր ենք գնում, դա ամենակարեւոր հարցն է թատրոնում։ Երբ հայտարարվի մեր միսիայի մասին, որ պետք է սա-սա բեմադրվի, ու դրանով հարստացնելու ենք հայկական բալետը, ազգային օպերան, նոր այդ ժամանակ կարելի է եզրակացություն անել, թե ուր է գնում բալետը, եւ ում հետ կարելի է համեմատել հայկական բալետը։ Առաջ ես գոռում-ճչում էի, որ 8-9 ներկայացումը շատ քիչ է, ու անընդհատ ուզում էի ավելացնել խաղացանկը, բայց այսօր բալետից ընդամենը 2 անուն է մնացել՝ «Գայանե» եւ «Սպարտակ»։ Այսօր շատ ավելի տխուր է վիճակը, չեմ ուզում ոչ մեկին մեղադրել, երեւի սա էր ամբողջ իմաստը, որպեսզի բալետ չլինի, ինչի համար ուղղակի ափսոսում եմ։



 



- Այսինքն, բալետային խմբում որակավորումը մակերեսային ձեւո՞վ է իրականացվում։






- Չեմ ուզում ասել՝ մակերեսային է, թե մակերեսային չէ, պարողները գալիս են որակավորման, թե կարող են իրենց թույլ տալ չգալ, ովքեր են որակավորում, ինչ մակարդակի վրա. համեմատած Մեծ թատրոնի, Գրանդ օպերայի՞, թե՞ պարի անսամբլների։ Դա նման է նրան, որ մի մեքենայի անիվը փոխում ենք մյուսով, բայց ուր ենք գնում՝ անհայտ է, նույնն էլ Օպերայում, ստացվում է՝ ինչ-որ բաներ ենք փոխում, բայց չգիտենք ուր ենք գնում։ Ես գլխավոր նպատակը չեմ տեսնում։



 



- Իսկ ովքե՞ր են անցկացնում որակավորումը։






- Այն նույն մարդիկ, ովքեր այստեղ են եղել վերջին 20-30 տարին անընդմեջ։ Եթե առաջ հնարավորություն կար, ապա ինչո՞ւ չեն արել, եթե հնարավորություն չեն տվել, հիմա ո՞վ պետք է տա։ Ես կասկածի տակ չեմ դնում իրենց պրոֆեսիոնալիզմը, ես էլ չկարողացա, 4 տարի կռիվ էի տալիս, բայց ոչ մի բան էլ չեղավ։



 



- Դուք չկա՞ք որակավորման հանձնաժողովում։






- Ոչ, որովհետեւ պիտի ասեի՝ սա այսպես չէ, այնպես է, այսինքն՝ նույն խստությանը պետք է վերադառնայի, որովհետեւ նույն խնդիրը միշտ ինձ մոտ կա՝ կարգուկանոն, սա միակ բջիջն է, որ այս երկրին պետք է։ Մինչեւ մարդու հոգեբանության մեջ չդնես, որ կամ ինքն աշխատում է, կամ չի աշխատում, մինչեւ չհստակեցվի դա, մնացած բոլոր բաները խոսակցություններ են։ Այստեղ մարդկայինի մասին չենք խոսում, այլ աշխատանքի, որի դիմաց վարձատրվում են, իսկ մեր մոտ դա դեռ հստակ չի։ Գիտեմ, որ բավականին մարդիկ չեն եկել, չեն ներկայացել, այսինքն՝ ինձանից հետո հանգստացան, իրենց ուզածը եղավ, ես էլ կարծես թե այդ բոբոն էի, որ իրանց պիտի վախեցնեի։ Ես ընդամենը ցավում եմ մեր երկրի համար։



 



- Երբ մի քանի ամիս առաջ գլխավոր բալետմայստեր նշանակվեց Վիլեն Գալստյանը, ասում էին, որ դա ժամանակավոր լուծում է, եւ որակավորումն անցկացնելուց հետո նորից վերադառնալու եք գլխավոր բալետմայստերի պարտականություններին։ Հիմա այդ որակավորումն ի՞նչ լուծում տվեց խնդրին, եւ ի՞նչ կարգավիճակով կվերադառնաք։






- Այս վերջին տարին ուղղակի ոստիկան էի դառել բալետում, ես կորցնում էի իմ պրոֆեսիոնալ մակարդակը, որովհետեւ անընդհատ ասում էի՝ ինչո՞ւ աշխատանքի չես գալիս, ուրիշի ֆունկցիաներն էի անում։ Հիմա, երբ կողքից նայում եմ, իմ անձն ազատվել է այդ բաներից, ու բավականին հետաքրքիր պլաններ ունեմ, որը պետք է իրագործվի։ Ու այլեւս կարեւոր չի՝ օպերային բալետի խմբի հետ, թե հրավիրյալ խմբի։ Ես Վաշինգտոնում բալետային խումբ ունեմ, ուզում եմ նաեւ այստեղ մի խումբ ձեւավորել եւ համատեղ բալետային ծրագրեր իրականացնել, որը կարդարացնի Հայաստանում բալետ ունենալու գաղափարը։ Ես չեմ կարող ինքնագործ խմբի մակարդակով անընդհատ կռիվ տալ, ու ոչ մի արդյունք չլինի։ Ինձ պետք է, որ մի մակարդակ լինի, ովքեր կսովորեն ու կմրցեն բարձր պրոֆեսիոնալների հետ։ Արդեն աջակցություն կա նախարարի կողմից, անգամ ինքն է խրախուսում, որ իմ պատկերացրած ձեւով, իմ ուզած մարդկանցով արվի այնպիսի գործ, որը ներկայացնենք թե Հայաստանում, թե դրսում։ Ես նեղացած չեմ, ուղղակի ցավում եմ, որ այդ ինստիտուտը չի կայանում, ու հասկանալի չէ, թե ուր ենք գնում։



 



- Այսինքն, այս պահի դրությամբ, որպես գլխավոր բալետմայստեր, չեք տեսնում Ձեր վերադարձը Օպերա։






- Անիմաստ է, հիմա եթե խնդրեն, պիտի սկսեմ նորից մտածել, բայց ինձ պետք չէ, որովհետեւ չի ստացվի։ Ես մտել էի ու ասում էի՝ պետք են այս-այս ներկայացումները, որպեսզի դուրս գանք միջազգային մակարդակ, բայց այդ բաները չեղավ ու չի էլ լինի՝ ոնց հասկանում եմ։ Ամեն դեպքում, մինչեւ այսօր ոչինչ չի ներկայացվել, մինչդեռ գեղխորհուրդը պետք է ասի, որ մենք գնում ենք այստեղ, ադմինիստրացիան պետք է որոշի, թե ոնց ենք գնում, բայց ոչ մի կոնկրետ որոշում չկա, հակառակը՝ խաղացանկը շատ տխուր վիճակում է։ Սեպտեմբերին Քաթար պետք է տանենք իմ «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը, ու իբրեւ թե պարողները չեն ուզում գալ, նման պատմություններ։ Բայց ո՞րն է իրանց աշխատանքը, իրե՞նք են որոշում՝ գնա՞ն, թե՞ ոչ, ո՞նց կարող է զինվորը որոշի, թե ինչ է պետք անել։



 



- Նորանշանակ տնօրենի դիրքորոշումն ինչպե՞ս է արտահայտվում նման դեպքերում, ավելի շատ դիտողի կարգավիճակո՞ւմ է, թե՞ հաջողվում է ինչ-որ հարցեր լուծել։ 






- Հուսով եմ՝ ինչ-որ քայլեր անում է, որովհետեւ եթե այսօր չկարողանա ղեկավարել, վաղն իրեն կթելադրեն նորից նույն բաները, կասեն՝ մեզ էս ա պետք, ու վերջում էլ կավելացնեն՝ ախպեր։ Թատրոնում դեռ այս հարաբերություններն են։



 



- Իսկ այդ թելադրողները թատրոնի ներսի՞ց են, թե՞ դրսից։






- Եվ ներսից են, եւ դրսից, կապ չունի արդեն, երկիրն է այս վիճակի մեջ։ Այս ձեւն է թելադրվում, իսկ պրոֆեսիոնալիզմի մասին դեռ չենք խոսում։



 



- Ձեր նախաձեռնությունը՝ սեփական բալետային խումբ ձեւավորելու, ե՞րբ ավելի շոշափելի կդառնա։






- Սեպտեմբերի վերջին ավելի հստակ կլինի, արդեն կիմանանք՝ կա մի խումբ, որը կներկայացնի «բալետ» հասկացողությունը Հայաստանում ու կներկայացնի հայկական ոգով բալետ, այսինքն՝ բալետը բալետ է, ինքը միայն հայերի ոգին կարող է ցույց տալ, ոչ թե հայկական շարժուձեւ, գաղափարը սա է։ Առաջին ներկայացումն ուզում եմ Արտո Թունջբոյաջյանի հետ անել, արդեն հանդիպել ենք, խոսել, որի մեջ այսօրվա, ժամանակի, մեր գրականությունից բխող գաղափարներ կլինեն։ Չեմ ուզում ավելին ասեմ, բայց արդեն 4-5 ներկայացման ծրագիր ունեմ, անգամ 100-ամյակի հետ կապված պլաններ ունենք, որը շատ հետաքրքիր խորեոգրաֆիա եւ ռեժիսուրա կունենա, կլինի նաեւ հետաքրքիր ճարտարագիտություն, ու հանդիսատեսն էլ պետք է տեսնի այն հնարքները, միտքը, որ պետք է առաջ տանեն կյանքը։ Արվեստի միսիան դա է, որ ցույց է տալիս, թե վաղն ինչ է լինելու, ոչ թե գնանք տրեխի, ցեղի ու ինչ-որ տրիվիալ հարաբերությունների ուղղությամբ, այլ ուրիշ մակարդակի հասնենք։ Այս բաներն է պետք ցույց տալ, թե Հայաստանն ինչպես կարող է մասնակցել համաշխարհային մշակույթի այս գործընթացներին, որն է իր առանձնահատկությունը՝ էմոցիոնալ շարքը, պատմական, մշակութային արժեքները, որ կմշակվեն ու ցույց կտան վաղվա աչքերով։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]