Գյորգիսյան չէ, Գորգիսյան Է

Գյորգիսյան չէ, Գորգիսյան Է

«Հուշարձանի բացման պատիվը տրվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Մովսես Գյորգիսյանի կնոջը՝ Ռուզան Գյորգիսյանին…»,- հայտարարեց հաղորդավարը, իսկ հետեւում կանգնած մի տղամարդ նկատողություն արեց. «Անունն էլ չես կարողանում ճիշտ ասել: Գյորգիսյան չէ, Գորգիսյան է»:



 



Երեկ Շիրակի 14 եւ 16 շենքերի բակերում տոնական աժիոտաժ էր տիրում: Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի կիսանդրու բացման արարողությունն էր: Մռայլ շենքերի մեջտեղում գտնվող վառ գույներով այգում հոծ բազմություն էր հավաքվել: Նրանց մեջ կարելի էր տեսնել տարբեր կուսակցությունների անդամների, «լաթիկներով» բակ իջած տատիկների, Րաֆֆի Հովհաննիսյանին, ով եկել էր հատուկ ձեռքսեղմման համար, մեր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով դեմքի անհաղորդ արտահայտությամբ կանգնած էր այնտեղ, եւ Գորգիսյանի նկարով շապիկներ կրող երիտասարդների:



 



«Անկախության բանակ» ջոկատի հիմնադրի կինը՝ Ռուզան Գորգիսյանը, իր ամուսնու հիշատակին նվիրված կիսանդրու բացմանը եկել էր թոռնիկի հետ, ով կրում է պապի անունը՝ Մովսես: «Այս կոթողն ավելի շատ սթափության կոչ է, որպեսզի մենք ամենքս մեկ անգամ եւս արժեքավորենք եւ գնահատենք մեր հայոց անկախ պետականությունը: Սա պատմական ու  քաղաքական ժառանգություն է: Այստեղ այսօր կան նաեւ քաղաքական կուսակցության ղեկավարներ, որը եւս մեկ անգամ հավաստում է՝  Մովսեսն իր պայքարով համախմբում էր գաղափարական կուսակցություններին»,- ասաց Ռուզան Գորգիսյանը:



 



Ի դեպ, մեր ազգային հերոսի կիսանդրու բացման արարողությունն առիթ էր քաղաքապետարանը «գովազդելու» համար, քանի որ հաղորդավարը մարտական երաժշտության ելեւէջների ներքո հանկարծ որոշեց, որ մինչ բուն արարողությանն անցնելը տեղին կլիներ «հիշելու եւ հարգելու» 2013 թվականի դեկտեմբերի 25-ին Երեւան քաղաքում ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվամբ զբոսայգի ստեղծելու մասին թիվ 98 որոշումը. վա՛յ, ապրի մեր քաղաքապետը, շատ ապրի: Արարողության ընթացքում մի բառ անգամ քաղաքապետը չարտասանեց, չժպտաց, ոչ մի էմոցիա չարտահայտեց: Մի կին շատ տեղին ասաց. «Բացման արարողություն ա, բա քաղաքապետ ես, մի բան ասա, ծպտունդ չլսեցինք»:



 



Շենքերի պատուհաններից կախված բնակիչները վայելեցին ազգային պարը, լսեցին Գորգիսյանի հիշատակին գրված երգերը, եւ երբ վերջապես սպիտակ կտորը քաշեցին, բոլորը տեսան մեր հերոսի կիսանդրին: Կիսանդրու հեղինակը Հայկ Թոքմաջյանն է: Սպիտակ կիսանդրին, որը, անկեղծ ասած, այդքան էլ նման չէր Մովսես Գորգիսյանին, չէր արտահայտում այն հզորությունն ու չէր համապատասխանում այն իդեալին, որ երիտասարդների ամենասիրելի հերոսին է արժանի: Արարողությունից հետո կիսանդրու կողքին անհագ նկարվող մարդկանց հարցնում էի՝ ձեզ դուր եկա՞վ կիսանդրին: Մեծամասամբ մարդիկ անտարբեր էին արձանի նկատմամբ, նրանցից ոմանք հարցս լսելուց հետո էին շրջվում՝ տեսնելու արձանի տեսքը, ոմանք էլ ասում էին. «Դե, արձան ա, էլի»:



 



Երեւի «դե արձան ա, էլի» սկզբունքով է առաջնորդվել քաղաքապետարանը, որ որոշել է արձանախեղդ անել մեր քաղաքը եւ անգամ սովետական շրջանի գործիչների արձանները տեղադրել: Միկոյանասեր Տարոն Մարգարյանը պահը չկորցրեց, արարողության վերջում փորձեց, այսպես ասած, PR քայլ անել: Ամբողջ ժամանակ ձանձրացող դեմքի արտահայտությամբ կանգնած՝ «հանկարծ որոշեց» մոտենալ նարդի խաղացող տղամարդկանց՝ երեւի որոշել էր ասել. «Բարեւ, երեւանցինե՛ր: Ո՞նց եք, ի՞նչ գանգատներ ունեք, ի՞նչ առաջարկություններ», սակայն կեսից մտափոխվեց, միայն մարդկանց ձեռքերը սեղմեց եւ արագ հեռացավ: Գնաց էլիտար քաղաքի կենտրոն, որպեսզի չտեսնի «չկենտրոնի» բակերի մեջտեղում կուտակված աղբակույտերն ու անողոքաբար մեքենաներն «ամորտիզացնող» վատ ճանապարհները:



 



Սիրան  ՀՈՒՆԱՆՅԱՆ