Երկու ժողովուրդների միջև հարաբերությունները շատ ավելի կարևոր են

Երկու ժողովուրդների միջև հարաբերությունները շատ ավելի կարևոր են

Հարցազրույց թուրք հրատարակիչ, Հայաստանի «Հակոբ Մեղապարտ» պատվո շքանշանակիր, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ  Զարաքոլիի հետ



 



- Դուք կրկին Հայաստանում եք, ո՞րն է այս անգամ Ձեր այցի առիթը եւ նպատակը։






- Իմ այցի առիթը «Վշտապատում» գրքի թուրքերեն հրատարակության հետ է կապված, որը Ցեղասպանությունից փրկված 600 հայորդիների վկայությունն է, եւ որի հրատարակիչն եմ։ Այս գիրքն ավելի վաղ 3 հատորով հայերեն հրատարակվել էր, հետո էլ անգլերենով էր հրատարակվել, իսկ այժմ թուրքերենով հրատարակվեց։ Այս գիրքն իրականություն դարձավ գլխավորապես «Վան» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ, շատ մեծ գործ կատարեցին, որն իհարկե Հայաստանի ազգային արխիվի եւ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ կատարվեց։ Հենց «Վան» կազմակերպության, որի կենտրոնը Մոսկվայում է, եւ Հայաստանի ազգային արխիվի հրավերով էլ իմ այս այցն իրականացավ։ Այս գիրքը, իմ կարծիքով, Անգլիայի պառլամենտի կողմից 1916թգ հրատարակված Կապույտ գրքից հետո ամենաօրիգինալ եւ ամենաօրակարգային կերպով ներկայացված վկաների ցուցմունքներն են։ Էական է այն առումով, որ վկայությունները 20-30-50 տարի հետո չեն արձանագրվել, այլ անմիջապես դեպքից հետո, մի տարվա մեջ հավաքվել են, տաք-տաք գրանցված փաստեր են։ Այդ պատճառով շատ կարեւոր մանրամասնություններ են իրենց մեջ պարունակում, հատկապես տեղացիների, ականատեսների վկայություններ են հայերի ունեցվածքի, իրենց կարողությունների, հարստության մասին, նաեւ մարդասպանների անուններն են նշված, նրանց գործելաոճի մասին է։ Եթե այս փաստաթղթերը հնարավորություն լիներ ներկայացնել, եւ եթե 1915-ի վերջին նյուրնբերգյան դատավարություն կատարվեր, դրանք շատ կարեւոր փաստեր կարող էին ներկայացնել իրենցից։ Սակայն, ինչպես գիտենք,  մարդկության դեմ կատարված հանցագործությունները ժամանակային սահմանափակումներ չունեն։ Ցեղասպանության հետեւանքների դեմ՝ իրավաբանական առումով պայքարելու տեսակետից, շատ մեծ եւ կարեւոր նշանակություն ունեն այդ վկայությունները։



 



- Դուք տասնամյակներ շարունակ պայքարում եք թուրք հասարակությանն իր պատմության մութ եւ փակ էջի՝ Հայոց ցեղասպանության հետ առերեսելու ուղղությամբ։ Ես Ձեր գործունեությունը միշտ համեմատել եմ Հրանտ Դինքի գործունեության հետ, որ փորձում էր երկխոսություն սկսել երկու ժողովուրդների միջեւ։ Մենք, ի վերջո, հարեւաններ ենք եւ պետք է հարաբերություններ ունենանք. Դուք համարո՞ւմ եք, որ Ձեր գործունեությունը հենց այդ հարաբերությունները կարգավորելուն է ուղղված։






- Պետությունների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար սպասելու ժամանակ չունենք մենք, երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները շատ ավելի կարեւոր են։ Մենք ոչ թե պետական դիվանագիտության, այլ ժողովրդական դիվանագիտության կողմնակից ենք։ Օրինակ, Արեւմտյան Հայաստանի հետ կարճ ժամանակամիջոցում շատ կարեւոր եւ ջերմ հարաբերություններ են ստեղծվել, որովհետեւ 20 տարի է՝ մարդու իրավունքների պաշտպան լինելով, շատ զոհեր էլ տվեցինք Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի օրակարգ բերելու ճանապարհին, սակայն այլեւս դրա արդյունքը մենք պետք է ստանանք։ Այդ արդյունքն իրավունքի ի հայտ գալն է, եւ, պետություններին չսպասելով, անհրաժեշտ քայլերը պետք է սկսենք կատարել։ Երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար պետք է ոչ թե սպասել պետությունների միջեւ հարաբերությունները լավանալուն, այլ մենք արդեն սկսել ենք ժողովուրդների միջեւ դիվանագիտությունը զարգացնել, եւ, իմ կարծիքով, ժամանակն արդեն եկել է իրավական դաշտի վրա բերելու այդ ամենը՝ Ցեղասպանության ճանաչումը եւ դրա հետեւանքների վերացումը։



 



- Իսկ այսօր մտավորականության կողմից լուրջ քայլեր նկատվո՞ւմ են այդ երկխոսության եւ Ցեղասպանության հետեւանքները վերացնելու ուղղությամբ։






- 20 տարվա աշխատանքի արդյունքում Թուրքիայի իսկական մտավորականների միջեւ այս խնդիրը, իմ կարծիքով, արդեն լուծված է, հասարակության մեջ փոփոխությունը միայն մտավորականության մեջ փոփոխություն կրելով կարելի է սկսել։ Սրա ամենատիպիկ օրինակը Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հայկական խնդրի հետ կապված գիրք գրելն է եւ ցույց տալը։ Նա մեզնից ավելի կարեւոր է, քանի որ մենք ոչ պետական մտավորականներ ենք, իսկ Հասան Ջեմալը ճանաչված անուն է։ Մեր գործը փակ դուռը կոտրել, ներս մտնելն է, դրանից հետո էլ ավելի ազդեցիկ աշխատանքը նման ճանաչված մտավորականների ի հայտ գալն է, որ այս ամենն ավելի արագացնեն։ Օրինակ, Օրհան Փամուկը, չնայած ինքը հետո վախեցավ, սակայն Հայոց ցեղասպանության մասին խոսելը, Նոբելյան մրցանակ ստացած թուրք գրողի կողմից Ցեղասպանությունն ընդունելը իրականում մեր բոլորի ընդհանուր հաջողությունն է։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ