Ինչու է պետք կարդալ

Ինչու է պետք կարդալ

Բանաստեղծ Նշան Աբասյանն առաջարկում է կարդալ Բակունց






Ճառերի, ելույթների, բանավեճերի առատության մեր ժամանակներում զարմանալիորեն ավելի սուր ես զգում Խոսքի բացակայությունը: Բառերի տեղատարափը երբեմն ասես խելագարության է հասցնում, եւ լեզվանիության՝ երկիրը բռնած այս աղմուկի մեջ սիրտդ կեղեքում է քաղցը կիսաձայն մի զրույցի, հանդարտ մի երկխոսության, որտեղ գուցե թե բառերն էլ այնքան կարեւոր չեն, որքան փոխըմբռնումի խաղաղ լռությունը: Նման պահերի ես դարձյալ ու դարձյալ վերադառնում եմ Բակունցին: Արտասովոր այդ գրականությունը բացառիկ երեւույթ է մեր արձակում։



 



Այդքա՜ն սակավ երկխոսություններով այդքա՜ն առատ խոսք մարդու, աշխարհի, գեղեցիկի մասին: Որքա՜ն կշահեր ժամանակակից հասարակությունը, եթե խորությամբ ճանաչեր խոսքի եւ գեղագիտության այն աշխարհը, որ Բակունցն է մեր առջեւ բացել: Ո՛չ մի բոցաշունչ մենախոսություն, ո՛չ մի պաճուճապատ միտք... Մեկ-երկու պարզ երկխոսություն, հերոսին վերաբերող մի զուսպ մակդիր, եւ ահա քո առջեւ բացվում է սիրո եւ տառապանքի, երջանկության ու ցավի, հոգեկան խորը զգացումների մի անսահման աշխարհ, որտեղ արեւի պես շողարձակում են մարդն ու մարդկայինը, խոնարհությունն ու արիությունը, կորովն ու ոգու ամրությունը: Ակսել Բակունցի արձակը մի վիթխարի գանձարան է, մի ամբողջ մտածողություն: Նրա փոքրիկ պատմվածքներից ընդամենը օրական մեկն ընթերցելով՝ յուրաքանչյուր ոք կարճ ժամանակում կբացահայտի խոսքի եւ խոսելու բարձր մշակույթը, կզգա լռելու հմայքը, կսովորի տեսնել պարզ մարդու մեծ հոգին, կհղկի իր ճաշակը, գեղեցիկի իր ընկալումը, օրվա հասարակ ակնթարթների մեջ կկարողանա կյանքի հրաշքը նկատել: