Այսպես խոսեց Ֆրունզիկը

Այսպես խոսեց Ֆրունզիկը

«Դերը պետք է դերասանի երակներում տրփա արյան հետ, տրփա՜ ու եփվի, ինչպես նոր դրած գինին: Հետո պետք է հանդարտվի՜, զուլալվի՜ եւ նոր միայն խաղացվի»:



Մհեր Մկրտչյան



 



Հուլիսի 4-ին Մհեր Մկրտչյանը կդառնար 83 տարեկան



 



  Մհեր Մկրտչյանի բանավոր խոսքը... քանի՞սն ունեցան արտիստի` տարբեր տարիների, տարբեր առիթներով արված ձայնագրությունները լսելու վայելքը, քանի՞սն ըմբռնեցին, որ այդ փառահեղ դերասանի մեջ երկրորդ Մհերը կար` մտածող, դատող, վերլուծող, համադրող, երեւույթներն ու վիճակները հրաշալի մեկնաբանող մարդը:  Մհեր Մկրտչյանի  ֆիլմերը կան, այո, բայց արդյոք դրանք բավարա՞ր են լիովին պատկերացնելու, ճանաչելու  այն արտիստին, ում երկրորդ, այսպես ասենք` երեսը, փակ մնաց սերունդների համար: Մհերի զրուցելը... հրաշալի մենախոսություն` ուսանելի, սերտելի դաս որպես: Ռոբերտ Մաթոսյանը եղավ այդ գործի նվիրյալը` ամեն հնարավոր առիթով ձայնագրելով ու պահ տալով Ազգային ռադիոյի ֆոնդին, եւ Խաչիկ Շառոյանը` տպագիր հարցազրույցները սրբությամբ ու խնամքով պահպանողը:



 



Ահավասիկ, լսենք իրեն` Մհեր Մկրտչյանի բանավոր խոսքը` որպես դաս ու պատգամ: Դա մի ամբողջ դասագիրք է բոլոր ժամանակների դերասանների համար, դա մի պատմություն է, որ թատերա եւ կինոգետները որպես բանալի պիտի օգտագործեն, թե իրեն հարգող դերասանն ինչպես է իր հետ կռիվ տալիս ¥նրա բառերն են¤, ինչպես է իրեն քրքրում, որ դերով իրեն զարդարի ու ինքը զարդարվի դերով:



...Էսպիսի մի ճանապարհ կա, որով ես առաջնորդվում եմ, էլի: Իմ բանալին էս է` դերը, որ ստանում եմ, կարդում եմ սցենարը, ու կռիվ է սկսվում իմ մեջ: Ահավոր կռիվ է գնում հակառակվելու: Այսինքն՝ մի կռիվ է գնում իմ մեջ, էլ չեմ ասում՝ հեղինակի հետ: Հակառակվելուց շատ նոր բան է ծնվում, կոնտրաստ է առաջանում: Հակառակը էն բանալին է, որտեղ եթե փնտրես, ուրիշ բաներ են առաջանում, եւ երեւակայությունդ  սկսում է աշխատել: Եվ հետո անցնում եմ արդեն ինքս ինձ հետ կռիվ տալուն` կարո՞ղ եմ, թե՞ չէ: Կռիվ է, սարսափելի կռիվ: Հետո ռեժիսորի հետ է կռիվը` «էս կտորն էսպես անենք»: «Չէ՜, չէ՜, չէ»: Բայց հետո ընդունում են, էս ինձ համար չի գրված, հետո են ինձ գտել ու համաձայնում են իմ ասածներին: Էդպիսին է Դանելիան, էդպիսին է Հենրիկը: Ինձ հետ կռվից հետո (հլը չեմ խաղացել,  է՜), արդեն պատրաստ է սցենարը, որովհետեւ կռվե՜լ եմ  ու  սիրել պիեսը, էպիզոդ չկա, որ չսիրեմ, որովհետեւ կռվել եմ, ու հոգուս մոտ է, իմ ուզածի պես է կերպարը: Ինչպես, ասենք, երեխայիս հագցրել եմ` իմ ճաշակով, իմ ուզածով, արդեն ես կարող եմ նրան դուրս տանել, արդեն ցույց տալ, արդեն սիրում եմ երեխային, հաշտվել եմ հետը: Եվ  ռեժիսորին եմ սիրել արդեն, որովհետեւ ռեժիսորի հետ, իր մտահղացումների հետ կռվել եմ: ...Երբ դերասանը խաղում է` ահավոր սիրում է իրեն էդ րոպեին, սիրում է ոչ թե կողքից, այլ երկուսով սիրում են իրար, երբ որ երկուսով սիրում են`  չտեսնված հաճելի բան է ստացվում: Երբ որ արդեն անցնում եմ ստեղծագործելուն` խաղալուն, սկսվում է սիրո բացատրությունը. դերի հետ սեր եմ բացատրվում: Սիրտս խտուտ է գալիս: Առանց ծայրից ծայր սիրելու հնարավոր չէ խաղալ. սիրով սպասում եմ էս էպիզոդին, վա՜յ, հիմա էս էպիզոդն եմ խաղալու: Այսինքն, քո հնարավորությունները լրիվ դրսեւորում ես` սիրելով:



 



...Ես իրավունք չունեմ հենց էնպես խաղալու: Դերասանը պիտի ունենա մի դեր, իր խաղացած հազարների մեջ, որը լինի իր օթեւանը: Հիմա նոր եմ հասկանում, թե Փափազյանն ինչու է  2 հազար անգամ խաղացել Օթելլո:



 



...Ինձ կանչում են որպես ազգային հետաքրքիր տեսակ, ազգային հետաքրքիր խարակտեր, ջերմ խարակտեր: Եվ որքան ազգային ես լինում, այնքան պահանջված ես լինում: Նատուրալ, ճիշտ, նուրբ, գեղեցիկ եւ ճաշակով, բայց օրիգինալ իր ամեն ինչով, որ նման չի ոչ մեկին, իսկ որ ոչ մեկին նման չի` արդեն շատ հետաքրքիր է: Էս մտայնությունը, էս հոգսերն են, որ միշտ ուղեկից են ինձ:



 



...Սիրում եմ աշխատել ա՛յն ռեժիսորների հետ, ովքեր դերասան են սիրում: Նրանք, դերասան սիրողները, տաղանդավո՛ր ռեժիսորներ են: Նրանք զգում են, որ դերասանը նուրբ մեխանիզմ է: Ռեժիսորն այդ բանը չզգա` դերասանը տեղնուտեղը կխռովի, կկորցնի արդյունք տալու, արվեստ ցուցադրելու իր կարողությունը: Նա պիտի զգացմունք տա, իսկ զգացմունք ստանալու համար նրան փայփայել է պետք: Դերասանն էլ մի երեխա է` գիտի խռովել, արգելակվել: Բայց գիտի նաեւ ոգեւորվել: Այ, սա՛ պիտի ստանա, սրա՛ն պիտի հասնի ռեժիսորը` դերասանի հանդեպ ունեցած  իր վերաբերմունքով: Շատ դժվար է հատկապես սովորեցնո՜ղ ռեժիսորների հետ, ովքեր միշտ մտածում, իրենց պահում են այնպես, որ դերասանն առնվազն... գործիք է: Նրանք սովորեցնո՜ւմ են:



 



...Ինձ համար չափազանց կարեւոր է իմ ազգային կերպարը: Իմ ազգային կերպարն ինձ համար եղել է ինքնահոսի, բայց կամաց-կամաց կազմավորվել, դարձել է իսկական իմ մեծ ձգտումը, լուրջ ձգտումը: Ես դա իմացա էն ժամանակ, երբ որ չդավաճանեցի իմ ինտուիցիային: Եվ դա էր պատճառը, որ օտար ստուդիաները, կինոստուդիաները կամաց-կամաց նկատում են էս տեսակը, մարդ, որի վրա ուրիշի ոչ մի պլակատ  չկա: Պահել մարդու էս տեսակը` շատ դժվար բան է: Դրա համար մինչեւ կյանքի վերջ պետք է, որ ինքդ քեզ լավ ճանաչես: Ամենադժվար բանը, որ ամբողջ կյանքում ուղեկցելու է քեզ, ինքնաճանաչումն է: Ինքնաճանաչողությամբ են դառնում մեծ բանաստեղծ, մեծ ղեկավար: Եվ, Աստված ոչ անի, երբ մարդը չգիտի եւ ավելին է տեսնում իրեն կամ իր միջոցները չգիտի` ուրիշից է վերցնում, կամ մեջն ունի, բայց չի տեսնում: Այ, էս դժվար ճանապարհների մասին եմ մտածում ես հիմա:



 



...Թատրոնի մի դերը չեմ փոխի կինոյի հարյուր դերի հետ:  Թատրոնը քուրմերի իսկական տաճար է, որտեղ ծես է կատարվում, արարողություն է կատարվում, Աստծու հետ, տաղանդի, մուսայի հետ  շփում է կատարվում:  Թատրոնը արժանապատվությունից զուրկ, փառամոլ ու ստորաքարշ, եսամոլ ու դեմագոգ, անտարբեր ու անշնորհակալ, ծույլերի ու անբանների տեղ չէ: Թատրոնը հմայիչ հիմարների եւ անհրապույր «խելոքների» տեղ չէ: «Ճաշակով»-ի համբավ հանած եւ գռեհկության տակ թաքնված անդաստիարակների տեղ չէ: «Տաղանդ», բայց չգնահատված հիվանդությամբ թունավորված հաշմանդամների տեղ չէ: Նահատակի դրոշով սուրբ ժողովներում մարտնչելով` իրեն բեմում բզկտելով, Պառնասի բարձունքին հասնելու կարճ ճանապարհը փնտրողների տեղ չէ:            Գետնահարկերի հասարակության առանց այն էլ խուլ ականջներն աղեկտուր ճիչերով պատռողների տեղ չէ:



 



Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ