Անդրադարձ արձանների թեմային

Անդրադարձ արձանների թեմային

Առաջին հերթին կցանկանայի անդրադառնալ Երեւանի արձանների վիճակին։ Նայեք «Այրարատ» կինոթատրոնի մոտ գտնվող Գրիբոյեդովի արձանին, գեղեցիկ, հետաքրքիր, ներշնչող քանդակ է, բայց անհիշելի ժամանակներից չի լվացվել։ Նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանի ժամանակ սկսեցին արձանները լվանալ, թարմացնել քաղաքի շենքերը: Վերականգնվեց մեր վարդագույն քաղաքի նախնական տեսքը, աշխատանքները շարունակվեցին Կարեն Կարապետյանի, ապա Տարոն Մարգարյանի կողմից, սակայն մեր քաղաքի արձաններն անտեսվեցին, մնացին գորշ, կեղտի հաստ շերտով ծածկված։



 



Հիմա խոսենք արձանների՝ որպես արվեստի գործ արժեքի մասին։ Մենք չպետք է մոռանանք մեր մեծանուն, տաղանդավոր քանդակագործ Երվանդ Քոչարին, մեր քաղաքը զարդարող ամենագեղեցիկ, անձեռակերտ արձանները ստեղծել է նա։ Ես կասեի՝ նրա գործերը ոչնչով չեն զիջում Ֆրանսիայի աշխարհահռչակ քանդակագործ Օգյուստ Ռոդենի գործերին։ Քանդակը, արձանը վիճելի չպետք է լինի, կարծիքները չպետք է բաժանվեն, այն պետք է լինի անթերի, ներշնչող, վեհ, շքեղ՝ ինչպես, օրինակ, Սասունցի Դավթի արձանը եւ մյուս կոթողները, որ թողել է Երվանդ Քոչարը։ Նրա մասին պետք է իմանա մեր երիտասարդ սերունդը՝ թե որպես քանդակագործի, թե որպես մեծատառով մարդու։ Նա երբեք չկոտրվեց Սովետմիության ռեպրեսիաներից, ճնշումներից, նա արվեստագետ էր մեծատառով եւ մտավորական՝ բառի լայն իմաստով։



 



Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում քաղաքում հայտնվեցին բազմաթիվ անճաշակ, անորակ արձաններ։ Երկուսը հենց նախագահական նստավայրի առջեւ՝ քաղաքական առումով երկու անիմաստ, անդեմ կերպարներ։ Լավ էր, որ Սերժ Սարգսյանը հանել տվեց դրանք։ Հաջորդը Էրեբունի թանգարանի մուտքի մոտ է. մի ձիապան՝ բազմած մի հսկա սայլանման քարակույտի։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սկզբնամասում Անդրանիկ Զորավարի արձանն էլ մի բանի նման չէ։ Պետք չէ ձիու օրգանները փնտրել փորի տակ, երբ նրա վրա նստած ազգային հերոսը ձիապան է հիշեցնում։ Որքան էլ մեր ռոմանտիկները մի լավ բան գտնեն Առնո Բաբաջանյանի արձանի ոճի մեջ, մեկ է՝ եթե նա տեսներ իր չռած անբնական մատները եւ հսկա փայլող քիթը, հաստատ կճնշվեր, կնեղվեր եւ այլեւս չէր ցանկանա այդ կողմերով անցնել։ Նայեք Մարշալ Բաղրամյանի արձանին, այն հսկա, թիկնեղ մարդը անհամաչափ փոքր է կերտվել, եւ ավելի շատ ձին է աչքի ընկնում, քան ինքը։ Այսպես շատ կարելի է թվարկել։



 



Արձանը, կիսանդրին գնահատելու համար պետք է մասնագետի հարցնել, կարեւորել նրա կարծիքը, թե չէ նստարանին նստած հոգնած, սոված, խեղճ ու կրակ մարդկանց կարծիքով՝ եթե ձիու օրգանները տեղում լինեին, այն կատարյալ կլիներ։ Խոսքս վերջացնում եմ խնդրանքով քաղաքապետարանին. լվացեք արձանները, հատկապես Գրիբոյեդովի, նաեւ այգիներում սպիտակ մարմարից կառուցվածքները. շատ անմխիթար վիճակում են։ Ծաղկաբուծությամբ զբաղվելը չի ծածկում արձանների կեղտը, քաղաքը գեղեցիկ է առաջին հերթին իր մաքրությամբ։



 



 



Վալյա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ