Մահացել է նկարիչ Հենրիկ Մամյանը

Մահացել է նկարիչ Հենրիկ Մամյանը

Երեկ՝ հուլիսի 17-ին, 80 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը:



 



Հենրիկ Մամյանը ծնվել է 1934 թ. ապրիլի 24-ին, Երևանում: 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:



 



Հ. Մամյանը ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի ոլորտում: Գրքի նրա ձևավորումներից են Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» (1968-77 թթ.), Լևոն Շանթի «Հին աստվածներ» (1969-74 թթ.), Դանիել Վարուժանի «Հարճը» (1979 թ.), Աստվածաշունչ մատյանից՝ «Երգ երգոց Սողոմոնի» (1992 թ.), Ավ. Իսահակյանի «Աբու-լալա Մահարի» (1987 թ.), Հովհ. Թումանյանի «Անուշ» (1987-2005 թթ.), «Գիրք Դավիթ Սաղմոսացի» (2003-2004 թթ.) և այլն: 




Հենրիկ Մամյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 18-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հուլիսի 19-ին, Հայաստանի նկարիչների միության շենքում` ժամը 12:00-14:00: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: