Վերջին քաղաքացին

Վերջին քաղաքացին

Շենքը, որ վերածվել էր երկրի կենտրոնի, որովհետեւ իրավիճակի թելադրանքով այնտեղ էին հավաքվել պատգամավորները, կառավարության անդամներն ու անգամ նախագահը, բոլոր կողմերից շրջապատված էր. երկրի ոստիկանական եւ ռազմական բոլոր ուժերը նետվել էին շենքը պահպանելուն: Արդեն քանի օր Շենքը կտրված էր արտաքին աշխարհից. օրենսդիրներն ու գործադիրները հասցրել էին մշակել, լրամշակել ու կյանքի կոչել մի շարք օրենքներ, որոնք ուղղված էին նախեւառաջ իրենց աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ապահովելուն: Սկսել էին միանգամայն ավելորդ Սահմանադրական դատարանի լուծարումից, որովհետեւ, ճիշտ է` Սահմանադրական դատարանը միշտ էլ վճռական պահերին իրենց թելադրանքով է որոշումներ կայացնում, բայց ամեն դեպքում որոշում կայացնելու ընթացքն անկառավարելի է դառնում. Սահմանադրական դատարանում հիշում են, որ իրենք իրականում անկախ են, որովհետեւ ցմահ են եւ համակվում են արդարության եւ օրենքի ոգով, այնքան, որ հետո որքան էլ մեկնաբանելիս իրենք իրենց ժխտելու գնով էլի կանգնում են օրիշխանների թիկունքին, մի տեսակ նստվածք է մնում: Մի խոսքով` Սահմանադրական դատարանը ցրել-հարցը լուծել էին այն պատճառաբանությամբ, որ ցմահները շատ երկարակյաց դուրս եկան, եւ բյուջեն ուղղակի ճաքճքել է դրանց պատճառով:  



 



 Հետո անցել էին ռադիոյի, հեռուստատեսության, զանգվածային լրատվության բոլոր միջոցների արգելափակմանը, իսկ Ֆեյսբուքն ընդհանրապես հատուկ հրամանով հայտարարել էին օրենքից դուրս: Էլ չասած Թվիթերի նման թիթիզության մասին: Երկիրն այս վիճակից փրկելու նույն ազնիվ նկատառումներով օրենքից դուրս էին հայտարարվել բոլոր գործող  կուսակցությունները` բացի ուղղորդող միակից, եւ բոլոր նրանք, ովքեր ի ծնե-ի բնե կուսակցական ջիղ ունեին` կապ չունի որ կուսակցության մասին է խոսքը` աջ-ձախ-պահպանողական-ազատական եւ այլն, բոլորն իրար հրմշտելով՝ ձեռք էին բերել միակ կուսակցության անդամատոմսը:



 



 Արտասահմանյան գործուղումների ծախսերն ապահովելու նպատակով հորինել էին նոր հարկատեսակ, որից չէր հաջողվի խուսափել ոչ մի քաղաքացու` անվանահարկ: Ըստ այդմ, ցանկացած մարդ ենթակա է հարկման  ցանկացած անուն կրելու համար, իսկ անունից հրաժարվելու դեպքում նախատեսվում է լրացուցիչ տուգանք: Իրենց բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար սահմանվել էր նաեւ կենսահարկ. յուրաքանչյուր մարդ` անկախ սեռից եւ տարիքից, իր ծննդյան առաջին օրից մինչեւ կյանքի վերջին օրը ենթակա է հարկման` ապրելու համար: Սահմանել էին պրոֆեսիոնալ հարկեր. կոշկակարները` կոշկակարության, հացթուխները` հացթուխության, անասնապահները` անասնապահության, ուսուցիչները` ուսուցչության, վարորդները` վարորդության, եւ այսպես, մինչեւ ամենաբարձր հարկատեսակը. գրողների եւ լրագրողների համար սահմանվել էին այնպիսի հարկեր, որ այսուհետ նրանք աշխատանք փնտրեին ամենացածր հարկատեսակի ենթաբաժիններում` ՀՀՄԿ` Հայաստանի Հանրապետության Միակ Կուսակցության փառաբանման գրասենյակներում աշխատանքի անցնեին իբրեւ պրոպագանդիստներ եւ ագիտատորներ: Դա ամենագայթակղիչն էր, քանի որ օրվա վերջում նրանց հասնում էր օրահաց եւ օրագինի: Հարկերից ազատ էին հայտարարվել միայն օլիգարխները, քանի որ այն, ինչով նրանք զբաղված են, իրականում մասնագիտություն չէ, աշխատանք չէ, այլ՝ առաքելություն: Ավելորդ է ասել, որ հարկերից միանգամայն ազատված էին նաեւ ՀՀՄԿ-ի ավագանին եւ ջահելանին, որովհետեւ նրանք իրենց ծեր ու ջահել, բայց ամեն դեպքում փխրուն ուսերին էին տանում Պատասխանատվությունը:     



 



 Ուրեմն` արդեն քանի օր Շենքն ուղղակի շիկացել-կարմրել էր ներսում տիրող հայրենասիրական պոռթկումներից, բուռն ու կրակոտ ելույթներից, ոսկեբերան ճառերից: Հայրենիքը փրկելու կիրքն այնքան սաստիկ էր, որ ընդդիմություն-այլընտրանք-դիմություն` բոլորը խառնվել էին իրար: Այլեւս չէին տարբերվում մաքսառուսա-ամետներն ու Եվրոպա-մետները, անգամ կին ու տղամարդ, որովհետեւ առյուծն առյուծ է` էգ լինի, թե որձ: Հայրենիքը փրկելու նպատակով գանձարանն ամեն գնով լցնելու մղումն այնքան խորն էր, որ մեկը մեկից ցնցող առաջարկներ էին անում: Հայրենիքն ամեն օր փրկող կանանցից մեկը գերազանցեց անգամ ինքն իրեն եւ մտքում հնչող ռազմական քայլերթի հնչյունների ներքո մոտեցավ ամբիոնին. 



 



- Գիտեք, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ժողովուրդը կարող է ապերախտ լինել եւ մեր տիտանական աշխատանքին պատասխանել հայհոյանքներով ու  անեծքներով: Ավելին` նրանք կարող են նաեւ մեր մասին երազներ տեսնել եւ իրենց երազներում մեզ Չաուշեսկուի ու Մուբարաքի օրը գցել: Դրա համար կարծում եմ`  տեղին կլինի նաեւ հայտարարել, որ նանոտեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մենք հասել ենք բոլորի երազները տեսաձայնագրելուն: Կարող եք վստահ  լինել, որ կհավատան, եւ մեր բյուջեն կհավասարվի մեր հարեւանի նավթաբյուջեին, իսկ երազների ետեւից մեկ առ մեկ ընկնելու դեպքում` անգամ Թուրքիայի բյուջեին: Եվ այն ժամանակ մենք այդ գումարներով հաղթական կմտնենք Նախիջեւան, Բաքու, կգրավենք Վանն ու Սասունը, էլ չեմ ասում, որ Քեսաբն էլ ձեռքի հետ կվերցնենք:   



Էգ առյուծների գումարտակից մի օրիորդ, ինքն իրենով սքանչացած, իր առաջարկն արեց.



 



- Ես կարծում եմ, հասել է ժամանակը` սահմանելու նաեւ գեղեցիկ աղջիկներին նայելու հարկ: Եվ քանի որ ես այսքան սիրուն եմ ու այսքան հայրենասեր, խոստանում եմ կանգնել բոլոր այն վայրերում, որտեղ տղամարդիկ սիրում են կին փնտրել. նրանք կնայեն իմ անդիմադրելի արտաքինին, իսկ ես տեղում հարկը կգանձեմ:



 



Գենդերային անհավասարության զոհ չդառնալու նպատակով բարձրախոսին մոտեցավ ՀՀՄԿ գաղափարախոսական թեւի գրոհային մեկը.



-  Հլը մի րոպե. հիմա կարող ա՞ ինձնից էլ հարկ վեկալեք, էդ օրենքի մեջ գրեք, որ էս շենքից դուս ա գործում: 



- Հանգստացի, էս սաղ օրենքներն էլ էս շենքից դուս են գործում, այ ընգեր, ու կոնկրետ մենք որդեղ ուզենք, ում ուզենք` կնայենք, բա մենք պիտի նայենք, որ մեր աչքերն ու հոգիները զվարճանան, որ կարենանք ազգը փրկել,-  սաստեց համահայկական ժողովավարը:   



- Ինձ մի հարց ա հետաքրքրում` աէրոպորտի հարցը: Պետք ա թողնել մենակ մեզ սպասարկող մի ինքնաթիռ: Թե չէ, իսկապես, ժողովուրդը կարա չգնահատի մեր ջանքերն ու թռնի-գնա: Հա, բան չէինք ասի` թող գնային, բա հարկե՞րը: Եկեք մտածենք նաեւ էս տարբերակի մասին. թողենք` գնան, բայց գրավոր պարտավորագիր ստորագրեն, ըստ որի, անկախ նրանից` որ երկրում կապրեն, ինչ կանեն` շարունակեն վճարել հարկերը: 



- Գումարած հայրենիքի դավաճանության տուգանքը,- գոռաց  վախենալու դեմքով մեկը,- խի, չհասկացա` մենք տանջվելով մնանք, երկիրը փրկենք, իրանք էթան ռուսաստաններ, եվրոպաներ ու եսիմ որ ջանդամներ, մի հատ հարկ էլ չուղարկե՞ն, որ գոնե կարենանք մեր գործը շարունակենք: 



- Ես առաջարկում եմ սահմանել անվանահարկի մեջ լրացում անել` այդ հարկից կազատվեն Ազնվական դասի ներկայացուցիչները,- հպարտ-հպարտ ասաց նորահռչակ ազնվական մեկը, ում անունը ներկաներից ոչ ոք չէր հիշում:



- Որպեսզի մեր խոսքը հարգեն, մենք պետք է շատ լրջորեն մտածենք նաեւ այն մասին, որ մեզ հռչակենք հայոց ազնվական տոհմերի ժառանգներ: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ ակնածանք կառաջացնի հասարակ ժողովրդի մեջ, նրանց աչքին մենք էնքան կբարձրանանք, որ ինչ ասենք` հալած յուղի տեղ ընդունեն: Բացի այդ, ի վերջո, մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր պատմական ժառանգությանը, մեր ավանդույթներին: Հո մենակ փո՞ղը չէ:  Ժամանակն է, որ մեր արյունը հայտարարենք կապույտ: Ես էս գլխից ինքս ինձ հայտարարում եմ Մամիկոնյան տան  ժառանգորդ …



- Իյա… չհասկացա, էս ինչե՞ր ես խոսում. էդ ո՞վ ա գալուբոյ,- սպառնալից դեպի իրենց գործընկերը գնացին երկու աժդահա տղամարդիկ:-  Հլը արի`  էթանք-տենանք մեզնից ո՞վ ա գալուբոյ: 



- Հանգստացեք,- սաստեց հաստիքով խոսնակ-հանդիսավարը,- ձեզ պահեք ազգային ենթագիտակցության վեկտորի ծիրի մեջ եւ մեծապատիվ հարգանաց հավաստիք ունեցեք առ մեզ, առհավատչյա եւ առհասարակ առկախ թողեք իրար: Ի վերջո, կապույտը թույրեր ունի, եւ պետք չէ այն թյուր ըմբռնել:  



- Բա որ էս ամենն ընկնի անբարոյական լրագրողների բերա՞նը,- երգելով ասաց Սուսամբարը,- ես վատ իմաստով չեմ ասում, այլ՝ սկզբունքային:



- Կտամ ծնոտները կջարդեմ, էդ ի՞նչ ես ասում,- պատրաստակամ արձագանքեց հույժ հարգարժան Թողփախը:



- Ս… կանեմ` կէթան, արխային,- կարճ կապեց Բրաունինգը:  



- Ես կարծում եմ….,- միտքը չկարողացավ շարունակել առյուծազգի մի տիկին: 



- Հլը դավայ ստուց… իյաա… արա, դու ո՞վ ես, որ կարծես… գոհ մնա, որ իմ ճաշակով չես, թե չէ….  



 



- Երկրի աղը ոստիկաններն են, եւ Աստված արարեց նաեւ բանտերն ու պատիժը, որպեսզի արթուն մնան խիղճն ու պատիվը….,- փիլիսոփայի ու բանաստեղծի հայացքով եւ հոգեւորականի առոգանությամբ ասաց լրջադեմ պարոնը, ում հայեցի անունը Երկրատիր էր: -Ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել իմ խոսքերի ներիմաստի վրա… Կարդացեք Աստվածաշունչ, աղոթեք, եւ ընդվզումը կվերածվի ըմբռնումի…



 



- Լավ, էլի, ախպոր պես, թող մեր օրակարգը պրծնենք` նոր ինչ կուզես` ասա, ինչ կուզես` արա,- ասաց խակի գույնի կրեմպլինե «բարտավոյ կաստյումչիկ» հագած եւ ատրճանակը մի տեղ խրած երկրապահ տիկինը:- Նաղդի ու նիսյայի մասին գյոզալ խոսքը թողած` ի՞նչ ես ասում…



 



Երկրատիրը սֆինքսի ժպիտով չափեց տիկնոջ բոլորագծերը: Նիստը վարողը հայտարարեց ընդմիջում, երկրի տերերն ու տիրուհիները կարգապահ գնացին վասն ազգի սնվելու: Օրվա սեղանի հովանավորը նախաճաշին օձի կաթով շոկոլադ էր մատակարարել, ճաշին խորոված կոկորդիլոս էր հյուրասիրել, իսկ ընթրիքին կապիկի հում ուղեղ պիտի մատուցեին: Հովանավորները ազգընտիրներին գոհացնելու համար հարցում էին արել եւ բոլորի ախորժակը հաշվի առել: Կային օձի լեզու պատվիրողներ, կային խոզի դունչ նախընտրողներ, ոմանք կարմիր կովի ապխտած կաշին էին սիրում, չէին նեղացրել նաեւ քրդի շան սիրտ գերադասողներին: Համադամասերների մի խումբ արծվի աչք էր պատվիրում, կային փղի ոտքերի խաշ սիրողներ, հեռատեսները մողեսի պոչի սիրահար էին: Էգ գայլի ամոթույրքը պատվիրողներ կային, բայց հասկանալի նկատառումներով իրարից գաղտնի էին պատվիրում: Առյուծի ամորձիքը, սիրտն ու լյարդը պատվիրում էին գրեթե բոլորը` կին թե տղամարդ. նրանք հավատում էին, որ այդ միջոցով կզորացնեն իրենց հայրենանվեր մարմինը, միտքը, սիրտն ու հոգին:



  



Մի քանի անգամ տհաճ միջադեպ գրանցվեց. հանուն ազգի իրենց սնվելու պահին շենքի շուրջբոլորը հայտնվեցին սոված քաղաքացիներ եւ սարսափելի ձայնով գոռում էին, որ իրենց երեխաները մի քանի օր է` հաց չեն կերել: Նրանք  աղաղակում էին, հայհոյում, խնդրում, սպառնում… Շենքի պահպանությունն առանձնակի խստացնելուց հետո հանգիստ անցան գործի, միաժամանակ բարեսիրաբար որոշում ընդունեցին, որ ժողովրդին պետք է անընդհատ  հիշեցնել` ոչ միայն հացիվ:



 



Նրանք օրեր ու շաբաթներ փակված մնացին Շենքում, ընդունելով մեկը մեկից ազգանպաստ որոշումներ, հիանալով, փառաբանելով եւ գովելով իրար, իսկ երբեմն էլ, գործի շահերից ելնելով, իրար քոթակելով, հայհոյելով ու քացի տալով: Կարեւորը` վերջում միշտ հասնում էին փոխհամաձայնության եւ միահամուռ քվեարկությամբ որոշումներ ընդունում:



 



Ամենավճռորոշ` նախագահին թագավոր, իսկ իրենց ազնվականներ հռչակելու որոշման ընդունման բաղձալի պահին դահլիճ մտավ անվտանգության մի աշխատակից եւ, չսպասելով թույլտվության, գոռաց.



 



- Բայց էս երկրում էլ մարդ չկա. քաղաքներն ու գյուղերը դատարկվել են, մենակ դուք եք մնացել ու ես. բոլորը գնացել են:



 



Ասելուն պես` նա դահլիճից դուրս փախավ. ազգընտիրներն իրար հրմշտելով՝ ընկան ետեւից:



 



- Բոլոր հարկերը կհանենք, ամեն արտոնություն կտանք, կկարգենք պատվավոր քաղաքացի, կնստես մեր սեղանի գլխին, մի՛ գնա…,-գոռում էին ետեւից:



 



 Վերջին քաղաքացին, հետապնդողներից խույս տալով, մտածում էր` մնա ու փրկի՞ երկիրը, թե՞ փախչի-փրկվի: Համընդհանուր խուճապը կողքից նայում ու սֆինքսի ծիծաղով քրքջում էր միայն Երկրատիրը. գիտեր, որ Վերջին քաղաքացուն հետապնդող ազգընտիրներն այլեւս չեն վերադառնա: Նա շրջվեց ու քայլեց Շենքի կողմը. այնտեղ, Շենքի ներքնահարկում գտնվող հատուկ ռեժիմի «Նոյան տապան» բանտում նա մի-մի զույգ մասնագետներ էր փակել տվել: Երկրի կենսագործունեությունն ապահովելու համար միանգամայն ճիշտ հաշվարկով: Նա Շենքին մոտեցավ` իր հոգում պեղելով հավատալու եւ հուսալու պաշարները, եւ  սկսեց ներսուզված աղոթել: Եվ Հրաշքը չուշացավ. ազգընտիրների սեղաններից ելնող, թեւեր ու շունչ առնող տապակած աղավնիները հանկարծ սկսեցին ճախրել: Բայց աղավնիների թեւաբախյունին խառնվում էր ագռավների կռկռոցը: Երկրատիրը որոշում կայացրեց:



 



 Իսկ Վերջին քաղաքացին լսեց, բայց չհասցրեց հասկանալ, թե կրակոցը որ կողմից էր. նա քարացավ տեղում, չկողմնորոշվելով դեպի ուր փախչել` հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, հայ-պարսկակա՞ն, թե՞ հայ-վրացական սահմանի ուղղությամբ: Երկրատիրը գիտեր, որ կրակոցով ինքը նաեւ ետ վերադարձրեց Վերջին քաղաքացուն: Եվ Նոյի տրամադրությամբ նորից կրակեց այգու ծառերին երեւացող ագռավների վրա:



 



Կարինե Աշուղյան