Մահացել է Սեն Արևշատյանը

Մահացել է Սեն Արևշատյանը

86 տարեկանում մահացել է հայ փիլիսոփա, պատմաբան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը։



Սեն Արևշատյանը ծնվել է 1928թ. հունվարի 7-ին, Ջրառատում: 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1951-54թթ եղել է Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության և պատմության ֆակուլտետի ասպիրանտ: Պաշտպանել է դիսերտացիա` նվիրված Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքներին: Աշխատել է ակադեմիայի ինստիտուտում` որպես կրտսեր, ապա` ավագ գիտաշխատող:



1959թ-ից Երևանի Մատենադարանում աշխատել է որպես հին ձեռագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնի վարիչ: 1975-78թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնում, 1972թ.` դոկտոր: 1982-2007թթ եղել է Մատենադարանի տնօրենը: Նրա հիմնական աշխատություններն են` «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում», Գրիգոր Տաթևացու «Փիլիսոփայական հայացքներ» աշխատությունը, Դավիթ Անհաղթի «Քննական բնագրերի» հրատարակությունը, որը նաև թարգմանել է աշխարհաբարով և ռուսերեն լեզվով: Ունի գրված ավելի քան 150 գիտական աշխատություն, բնագրեր, մենագրություններ, թարգմանություններ: 1978թ. դարձել է ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր:



1993թ-ից Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի, 1995թ-ից Մոսկվայի Բնական և հումանիտար գիտությունների, 1998թ-ից Ազգային անվտանգության խնդիրների ուսումնասիրության իսկական անդամ է: 1996թ. դարձել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 2001թ.` Երևանի Պատվավոր քաղաքացի: 2008թ. պարգևատրվել է Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական առաջին կարգի շքանշանի: