Ո´չ Ֆոլկլենդներ, ո´չ Մալվիններ

Ո´չ Ֆոլկլենդներ, ո´չ Մալվիններ

«Քանի որ իրականությունը հատվածական է, դեմքերից հիշում ենք միայն հայացքը, մարմնից՝ շարժումը, ժպիտից՝ շուրթերի շուրջ գոյացող ծալքերը, բնապատկերից՝ լռության տպավորությունը, եւ հենց սրանք են այն մասերը՝ իրենց բոլոր հնարավոր ձեւերով, որ օգտագործում ենք՝ վերակազմելու համար սեփական տեսլականը, մի պատկեր, որը կարող է արտացոլել մեր ներքին պատկերը։ Թե ո՞րն է այդ ներքին պատկերը»։
«Մալվիններ», Մարիո Սամպաոլեսի



Արգենտինացի գրող Մարիո Սամպաոլեսիի «Մալվիններ» պոեմ-վիպակը, որ իսպաներենից հայերեն է թարգմանել իսպանական գրականության մասնագետ, թարգմանիչ Ալիս Տեր-Ղեւոնդյանը, սկսվում է պարբերությամբ, որտեղ հեղինակը թվարկում է Մալվինյան կղզեխմբի անվանումները՝ ֆրանսերենով, անգլերենով եւ իսպաներենով, այնուհետեւ մերժելով բոլոր տարբերակները, բացի իսպաներենից՝ Մալվիններ, Մալվիններ, Մալվիններ։ Գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել վերջերս եւ կարելի է գտնել Երեւանի գրախանութներում։



19-րդ դարից սկսած՝ Արգենտինան այս կղզիները համարում է իրենը, եւ երկրում մեծ դժգոհություն առաջացավ, երբ 1838-ին Անգլիան գրավեց դրանք: 1981թ. Արգենտինայում իշխանության եկած Լեոպոլդո Գալտիերին որոշեց օգտվել հանրային վրդովմունքից: Համարվում է, որ Մալվինյան կղզիների գրավման ծրագիրը, բացի տնտեսական առավելություններից, նախատեսում էր նաեւ բնակչության ուշադրության շեղումը սոցիալական խնդիրներից:



1982թ․ Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիների համար Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ տեղի ունեցած 74-օրյա պատերազմի արդյունքում Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ անցած Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիներն արգենտինացիներն առայսօր համարում են իրենցը, սակայն պատերազմում պարտված արգենտինացիներն այնտեղ կարող են հասնել միայն օդային ճանապարհով՝ Անգլիայից կամ Չիլիից։
Մարիո Սամպաոլեսիի գիրքը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու երկդարյա պատմություն ունեցող հակամարտության մասին։



Գրողը դիմել է հետաքրքիր գրական փորձարարության՝ պոեմում օգտագործելով հանրագիտարանային տարաբնույթ տեղեկություններ՝ կղզու աշխարհագրության մասին, որոնք կարելի է բաժանել երկու խմբի՝ զուտ տեղեկատվական-հանրագիտարանային՝



«Մալվինյան կղզիները Հարավային Ատլանտիկայում գտնվող կղզեխմբի մաս են կազմում։ Նրանք գտնվում են Մագելանի նեղուցի մուտքից 550 կիլոմետրի վրա եւ բաղկացած են հարյուրից ավելի կղզիներից, որոնցից ամենամեծերն են Սոլեդադը եւ Մեծ Մալվինան։ Առաջինի տարածքը կազմում է 6353 ք/կմ, իսկ երկրորդինը՝ 4377 ք/կմ։
Այս տարածքներում մակերեւույթը հիմնականում հարթավայրային է՝ տեղ-տեղ ժայռային ելուստներով։
1982թ․ ապրիլից մինչեւ հունիս ամիսներն այնտեղ վիրավորվել է 1847 անձ։
1982թ․ ապրիլից մինչեւ հունիս ամիսներն այնտեղ զոհվել է 907 անձ»։



եւ տեղեկատվականից այն կողմ՝ ավելի գրական․



«Պատերազմի ընթացքում կղզիների կենդանական աշխարհի մի մասը ոչնչացավ։ Պատերազմի ընթացքում կղզիների բուսականության մի մասը ոչնչացավ»:



Գրքի վերջում Մալվինյան կղզիների լրագրային լուսանկարների շարք է, որ վերնագրված է՝ «Ոչ մեկի հողը»: Այդ նկարներից մեկը, որն ընտրվել է գրքի շապիկի համար, գետի հուն հիշեցնող, բայց իրականում ջրով լցված նախկին խրամատ է: Լուսանկարչի խոսքով՝ կղզիների նյութականացված հողն իրենց Մալվինների ուրվականն է միայն։



Գրքի նախաբանը հուշում է, որ պոեմի մեջ երեք ձայն է հնչում․ հակահերոսական՝ պայքարի իրական եւ երեւակայական իրադարձություններով, աշխարհագրական՝ կղզիների ֆիզիկական բնութագրերով, եւ սուբյեկտիվ-անձնական՝ հերոսի («թեեւ չի կարող լինել, չի ուզում, եւ ուրիշներն էլ չեն ուզում, բայցեւայնպես հերոս է…») կերպարով, ով քսան տարի անց վերադառնում է նույն տարածքները։



«Ենթասպաներն ասում են, որ թշնամուն սպանելուն պես նրանք ուտում են զոհի սիրտը. իմ արգենտինյան սիրտն առայժմ բաբախում է, գհուրկաները (Ս․Շ․ - բրիտանական բանակի` նեպալյան ծագում ունեցող զորամասերի ընդհանրական անվանումը) պիտի ծամեն սրտիս կտորները, դրանք պիտի կուլ գնան գհուրկաների բրիտանական ստամոքսին, իմ երկնագույն ու սպիտակ սրտի արյունը կխառնվի իրենց արյան հետ, եւ այդպես մեր անցյալներն իրենց ցավի եւ գաղտնիքի բեռով կմիախառնվեն զարկերակի ամեն մի հարվածի, ամեն մի բաբախման հետ»:



Մարիո Սամպաոլեսիի վիպակ-պոեմի վերջում հաստատման փոխարեն ժխտումն է՝ Ո´չ Ֆոլկլենդներ Ոչ Մալվիններ Ոչ Մալվիններ Ոչ Մալվիններ Ոչ Մալվիններ Ոչ Մալվիններ… Գրականության գլխավոր կանոնը՝ անմիանշանակությունը, որ բնորոշ է նաեւ ամենատարբեր հակամարտություններին, այս գրքում ձեռք է բերվում հաստատմամբ եւ ժխտմամբ։ Գրականության տարածքը չի կարող լինել ինչ-որ մեկի տարածքը, այն ընթերցողին անխուսափելիորեն թողնում է ոչ մեկի կամ բոլորի տարածքներում։



Սեդա ՇԵԿՈՅԱՆ