Աուդիտի արդյունքում շատ բան բացահայտվեց

Աուդիտի արդյունքում շատ բան բացահայտվեց

- Պարոն Սաթյան, Կոմպոզիտորների միության նախագահ ընտրվելուց հետո, մեր վերջին հանդիպման ժամանակ ասացիք, որ միությունը զրոյից մինուս վիճակում է եւ գտնվում է ռեանիմացիայի փուլում։ Կուզեի իմանալ՝ ամիսներ անց ի՞նչ է փոխվել միությունում, ի՞նչ վիճակ է հիմա։




- Բավական բան արել ենք, ես ուղղակի թվարկեմ մի քանիսը, նախ՝ կարողացել ենք ֆինանսապես մի փոքր ոտքի կանգնել, ինչը շատ կարեւոր է…




- Եթե գաղտնիք չէ, ինչի՞ հաշվին եք դա արել։




- Եվ օգնողներ կան, եւ ծանոթ-բարեկամներ, հետո՝ սկսել է Դիլիջանի տունն աշխատել, որն իր հերթին կարողանում է օգտակար լինել այնքանով, որ կարողանում ենք որոշ սոցիալական հարցեր լուծել ու նույնիսկ օգնություն տալ, օրինակ՝ առողջապահության նախարարության հետ պայմանավորվել ենք, փաթեթ ենք ուզում անել, որ մեր կոմպոզիտորներն ունենան բժշկական ապահովագրություն, համենայնդեպս, 2 հոգի մեր միությունից կարողացան իրենց աչքի լույսը վերականգնել եւ բուժումն անվճար իրականացնել։ Դա՝ սոցիալ-առողջապահական մասով, իսկ ստեղծագործական մասով մենք արեցինք տարբեր համերգներ, փառատոններ, ունեցանք 3 համերգ կամերայինում, արեցինք երիտասարդ կոմպոզիտորների փառատոն, Էդվարդ Միրզոյանի անունով մրցույթ-փառատոն, արեցինք հայ-ռուսական փառատոն, մյուս տարի մտածում ենք հայ-ֆրանսիական փառատոն անել, ընդ որում՝ մեր հայ երիտասարդ կոմպոզիտորների գործերն ընդգրկված են ռուսաստանյան տարբեր փառատոններում, համերգներում, այսինքն՝ ոչ միայն նրանց անունն է հնչում, այլ նաեւ կատարվում են նրանց գործերը, իսկ մինչ այդ դա չէր արվում։ Ամերիկայում եղան կամերային համերգներ։ Հիմա «Երաժշտական ամառ» փառատոնն ենք անում՝ երեխաների համար, ովքեր ծնողազուրկ են կամ հիվանդ, 3-րդ փուլը Դիլիջանում է, ամսի 28-ին, որն արվում է առաջին տիկնոջ շնորհիվ, ով ֆինանսապես օգնություն ցուցաբերեց։




- Այդ հրավերները միության նախաձեռնության արդյունքո՞ւմ են լինում, թե՞ սովորաբար դրսից են գալիս։




- Դա Կոմպոզիտորների միության նախաձեռնությունն է, մեր ներկայացուցիչը կապվում է որեւիցե կազմակերպության հետ եւ առաջարկում է այդպիսի ծրագիր, մեր կոմպոզիտորներից ոչ մեկը կարող է եւ չմեկնի, բայց դա կարեւոր չէ, կարեւորը՝ որ կատարվեն նրանց գործերը։ Իսկ կատարվեց 13 հեղինակի գործ։ Կազմակերպիչներից մեկն ասեց՝ դուք գիժ եք, ամերիկյան աուդիտորիայում ծրագրի գոնե կեսը պետք է ամերիկյան երաժշտություն լինի, բայց դուք ռիսկի դիմեցիք, եւ ձեր համերգները հաջող անցան։ Այսինքն՝ հայկական երաժշտությունը միայն ինքն իրենով կարողացավ հավաքել հանդիսատես եւ լրատվամիջոց։ Մեր մեկնելն այդքան կարեւոր չէր, կարեւորը սկիզբն էր, որովհետեւ դրանից հետո առաջարկներ են լինում։ Գործունեությունը դրանում է, պետք է ներկայացնել, թվում է, թե մեծ բաների հետ է սա կապված, բայց՝ ոչ, մոտեցման ձեւ է, միայն ցանկություն լինի։ Հիմա արդեն տեսնում եմ, որ շատ մեծ հետաքրքրություն կա դեպի հայ երաժշտությունը։ Մենք աշնանն ուզում ենք փառատոն անել, բայց հիմիկվանից հրավերներ ենք ուղարկել տարբեր հրատարակիչների, որ գան տեսնեն ինչ կա եւ միգուցե մի բան ընտրեն։ Եթե դու չգնաս շուկա, չես իմանա ինչ կա շուկայում, մեր երաժշտությունը ներկայացված չէր հանրությանը, աշխարհին, ու դրա համար բնական է, որ սառած վիճակ էր։ Հիմա փորձում ենք այդ բացը լրացնել, իսկ դա ծանր, ամեն օրվա աշխատանք է։ Ես դեռ մեր համագումարին ասեցի, որ կոմպոզիտորների ստատուսը շատ ցածր է, որովհետեւ ներկայացված չեն, 2-3 հոգի կարող են գլուխ գովել, որ պատվեր ունեն, դուրսը կատարվել են, բայց մյուսները՝ ոչ։ Պետք է առաջարկել, որ մարդիկ լսեն, որից հետո կհասկանանք՝ արդյոք մեր երաժշտությունը համաշխարհային այս պրոցեսի մեջ ինչ-որ տեղ ունի՞, թե՞ ոչ։




- Իսկ միության ներսում ինչպե՞ս է վիճակը, համագումարի, ընտրությունների ժամանակ լուրջ խմորումներ կային եւ մի քիչ անառողջ վիճակ էր, հիմա ինչպե՞ս է՝ կոնֆլիկտներ կա՞ն, թե՞ ամեն ինչ խաղաղվել է։




- Հնարավոր չէ խաղաղվել, որովհետեւ բոլորը անհատականություններ են։ Բնական է, ամեն մեկը նայում է՝ ով է իր ոճի մեջ գրում, նրա հետ ավելի մտերիմ է եւ կարող է այն մյուս ոճը չընդունել, դա՝ ստեղծագործական իմաստով։ Իսկ մարդկային իմաստով կարծում եմ՝ ամեն ինչ կամաց-կամաց շտկվում է, մի 2-3 դեպք եղավ, երբ մեկը մյուսի հետ անպատշաճ ձեւով խոսեց, որը ես ուղղակի կանխեցի։ Պետք է ստեղծվի մի վիճակ, երբ մարդիկ սկսեն միմյանց հարգալից վերաբերվել, նաեւ հորդորել եմ, որ բոլոր հարցերը ժողովի ժամանակ քննարկվեն, այլ ոչ թե դռներից դուրս։ Ես ուրախ եմ, որ, օրինակ, այս վերջին շրջանում Դիլիջանի տանը շատ մարդ կա, շատ զեղչեր ենք անում, եւ մարդիկ գնում են հանգստանալու։ Բայց կամաց-կամաց այդ զեղչը պիտի դառնա այնպիսի բան, որ մենք նաեւ պահանջատեր լինենք. եթե գնացել ես հանգստանալու, ապա ստեղծագործություն ներկայացրու, որովհետեւ քոթեջներում կան ռոյալներ, ու եթե ես քեզ զեղչ եմ անում, ուրեմն գործ գրիր։




- Վերջին շրջանում շատ խոսվեց նաեւ, որ Դիլիջանի ստեղծագործական տունն անմխիթար վիճակում է եւ վերանորոգման կարիք ունի։ Այդ հացին ինչ-որ լուծում տրվե՞լ է։




- Վերանորոգումն առանձին տող է, որ պահանջում է շատ մեծ գումարներ։ Ներդրումներ անելու տարբեր առաջարկություններ եղել են, բայց որոշ դեպքերում զգում ենք, որ այդ ներդրումը մեզ վրա կարող է շատ թանկ նստել, եւ կարող է նույնիսկ կորցնենք Դիլիջանի տունը, իսկ մենք պետք է ճիշտ ճանապարհով գնանք։ Դրա համար մենք կապվել ենք միջազգային աուդիտ բիզնես պրոյեկտ առաջարկող կազմակերպության հետ, նրանք իրենց կողմից պետք է գնահատեն Դիլիջանի գույքը, ասեն՝ ինչ արժի դա, առաջարկություն բիզնես-պրոյեկտ անեն, նոր մենք այդ բոլոր առաջարկները քննարկենք խորհրդի ժամանակ, որովհետեւ առանց գենպրոյեկտի իմաստ չունի սկսել վերանորոգումը։ Ինչ վերաբերում է տարածքին, ապա տարածքը մաքրված է, ծառերն էտել ենք, ես, ճիշտն ասած, չեմ կերել Դիլիջանի ճաշերը, բայց ում հարցնում եմ, ասում են՝ նույնիսկ մի բան էլ մնում է ավել, իսկ կերակրի արժեքը շատ ծիծաղելի գումար է՝ 5 հազար դրամ։ Այցելուների թվի առումով էլ ես արեցի համեմատություն անցած եւ մեր այս տարվա հետ, ուղղակի անհամեմատելի էր, նույնիսկ չեմ ուզում թվեր բերել, որովհետեւ ամոթ էր այդպես աշխատել։




- Համագումարի ժամանակ ասում էին, որ Դիլիջանի հաշվապահությունը փակ է, հիմա թափանցի՞կ եք դարձրել, ամեն ոք կարո՞ղ է ծանոթանալ դրան։




- Դիլիջանի տունը հաշվապահություն չուներ, դա կենտրոնացած էր կոմպոզիտորների տանը, իսկ հիմա յուրաքանչյուրը կարող է մտնել եւ տեսնել, թե ինչքան գումար է մտնում, ինչքան է վճարվել։ Ես ուզում եմ, որ մարդիկ հավատան իրար։




- Թե միությունում եւ թե Դիլիջանի տանը պետք է աուդիտ իրականացվեր, եղա՞վ։




- Մենք վերջին 5 տարին աուդիտ արեցինք, շատ բաներ բացահայտվեցին, ու շատ բաներ չես էլ ուզում ասես, դա պատիվ էլ մեզ չի բերում։ Այն, ինչ որ կորցրել ենք, չես կարող հետ վերադարձնել, օրինակ՝ ռոյալներ, որոնք նվիրատվություն են արվել պաշտպանության նախարարությանը, ֆրանսիական դեսպանատանը, բայց նախագահն իրավունք չուներ առանց վարչության որեւէ գույք օտարել։ Այդպիսի գործիքներ էլի կան, բայց ես չէի ուզենա դրա մասին խոսել, որովհետեւ մեր ներքին խոհանոցն է, մեր կոլեգան է, ճանաչված կոմպոզիտոր է, կարող է լավ ցանկություններից է դա արել, բայց պետք է օրենքի մեջ արվեր։




- Միության նախկին նախագահը՝ Ռոբերտ Ամիրխանյանը, գալի՞ս է միություն, ինչպե՞ս են ձեր հարաբերությունները, ընտրության օրը նա պատրաստակամ էր օգնելու եւ աշխատելու Ձեզ հետ միասին։




- Ես իրան չեմ տեսել ընտրության օրվանից։ Իհարկե, կուզենայի տեսնել, բայց մի անգամ չեմ տեսել, նույնիսկ փորձել եմ իր հետ զրույց ունենալ, բայց չի ստացվել։ Այստեղ նեղանալու բան չկար, որովհետեւ այսօր դու ես, վաղը ես եմ, մյուս օրը մեկ ուրիշն է, ընտրություն է, նույնիսկ պատիվ է, որ 2 ձայնի տարբերությամբ դա եղավ։ Ինքն ասում էր, որ իրանից հետո միությունը կքանդվի, բայց միությունը ոչ թե քանդվում, այլ ծաղկում է։ Քայլ առ քայլ մենք գնում ենք առաջ, իսկ դա քիչ բան չի։




Սոնա ԱԴԱՄՅԱՆ




[email protected]