Մեկ հային բաժին է ընկնում մեկ հոդված, ինչպես մեկ ազգին՝ մեկ մշակույթ

Մեկ հային բաժին է ընկնում մեկ հոդված, ինչպես մեկ ազգին՝ մեկ մշակույթ

Իմ ծանոթներից մեկի տարեդարձը տարիներ շարունակ սխալ օր էին շնորհավորում՝ իրական ծննդից օրեր առաջ։ Հետո մի օր պատահաբար հայտնաբերեցինք, որ պատճառը նրա մասին հայերեն Վիքիպեդիայում գրված հոդվածն է, որտեղ նշված տարեդարձի սխալ ամսաթիվն արտատպել էին տարբեր կայքեր և տարածել սխալ ինֆորմացիան։ Երբ պարզվեց ապատեղեկատվության աղբյուրը, ես խմբագրեցի ծննդյան օրը, և ինչպես վկայում է ծանոթս, դրանից հետո նրան սկսեցին շնորհավորել ճիշտ օրը։



Անձնական այս փոքրիկ և զվարճալի միջադեպը չէի վերհիշի, եթե չդիտեի «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագծի տեսահոլովակը, որի նպատակն է խթանել հայերեն Վիքիպեդիայում հայալեզու հոդվածների քանակն ու որակը: Ըստ նախագծի կազմակերպիչների՝ այս կերպ հայերեն Վիքիպեդիան էլ ավելի զանգվածային կդառնա, և մարդիկ ավելի շատ հայերեն հոդվածներ կկարդան համացանցի հանրագիտարանում։ 



Բայց ծրագրի նպատակն այն է, որ մեզնից յուրաքանչյուրն առնվազն մեկ հայերեն հոդված տեղադրի Վիքիպեդիայում: Ինչպես երևում է տեսահոլովակից, քարոզչական արշավին իրենց մասնակցությունն են բերել քաղաքական գործիչներ, գիտնականներ և այլք։ Քանի որ տեսահոլովակը սկսվում էր ՀՀ երկու նախարարի խոսքով, իսկ պաշտոնական հռետորությունն էլ անկհայտ էր, անմիջապես միտքս եկավ ժամանակին ավելի շատ, բայց հիմա էլ մեջբերվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ը։ Հռետորությունը նույնն է, պարզապես «Մեկ հայ, մեկ հոդված»-ի դեպքում՝ պակաս ակնհայտ, ավելի օգտավետ թվացող, բայց նույն համահայկական և կեղծ հայագիտական հակումներով։



Քանի որ Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, մեծանում է ապատեղեկատվության և անստույգության չափը, իսկ նյութի ամբողջականությունն ու ծավալը դառնում են հարաբերական կատեգորիաներ։ Լա՞վ է, որ հոդվածը կա՝ կարևոր կետերում կիսատ և ապատեղեկատվությամբ լի, թե՞ ավելի լավ է գրված չլինի․ վիճելի հարց է։ Նման դեպքերում առաջանում է նորին մեծություն պատասխանատվության և ինքնասահմանափակման կարիքը։



Հռետորության համար, ինչպես գիտենք, շատ կարևոր է խոսքի բառային կազմի ընտրությունը, ինչպես նաև բառերի դասավորությունը։ «Մեկ հայ, մեկ հոդված» կարգախոսը կարող էր հեղափոխական լինել՝ գրագիտությունն ու գիտելիքն ունիվերսալացնելու առումով, եթե կյանքից կտրված կեղծ հռետորություն չլիներ։ Շեշտվող «մեկ»-երն ու ազգային ինքնության խաղարկումն իրենց գործն անում են։



Այնպես, ինչպես «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը հորինողներն ու այն համահայկական դարձնողները հավատում են, որ Հայաստանում մեկ մշակույթ կա, այնպես էլ երևի հավատում են, որ բոլորը Հայաստանում կարող են Վիքիպեդիայում մի հոդված գրել, և դա կավելացնի ոչ միայն հայերեն հոդվածների քանակը, այլև որակը։ Զանգվածայինի սիրահարները երևի չգիտեն, որ որակն իրենցից փախչում է սրընթաց արագությամբ, հատկապես խոսքի ազատության մենաշնորհ ունեցող համացանցում։



Վիքիպեդիայում հայերեն որակյալ հոդվածների քանակի ավելացմամբ սրտացավ մեկը մի հոդվածով դժվար թե բավարարվի, իսկ բոլորը դժվար թե գրեն հոդվածներ, ինչքան էլ որ զանգվածային գրագիտության կոչեր լինեն։



Ի վերջո, Վիքիպեդիան ոչ միայն գրելու, այլև կարդալու տեղ է։ Եթե հռետորաբանության համար կարևոր է, թե թվով որքան հայերեն բառերով հոդվածներ կլինեն, և այդ թիվը որքան կգերազանցի վրացերեն կամ ադրբեջաներեն Վիքիպեդիայի հոդվածների թվին, ապա ազատ հանրագիտարանից հաճախ օգտվող ընթերցողի համար կարևոր է ինֆորմացիայի բազմակողմանիությունը և ստույգությունը, այն է՝ որակը։ Իսկ այն պատրանքը, որ համացանցում ամեն ինչ կամ համարյա ամեն ինչ կարող ես գտնել, ցրվում է ամեն օր․ հույսը դարձյալ ազատ հանրագիտարանն է, որտեղ կարող ես գրել և խմբագրել։



Սեդա ՇԵԿՈՅԱՆ