Մենք այն ժամանակ էլ խաղաղության կողմնակից էինք

Մենք այն ժամանակ էլ խաղաղության կողմնակից էինք

Հարցազրույց երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի հետ



- Պարոն Ամալյան երեկ, երբ Հայաստանում խաղաղության երթ էր կազմակերպվել, Չինարիի բնակիչ, գերի ընկած Կարեն Պետրոսյանը մահացավ Ադրբեջանում։ Ի՞նչ եք կարծում, դա զուգադիպությո՞ւն էր, թե՞ մեսիջ, որ մեր հակառակորդն ամենեւին էլ խաղաղություն չի ուզում։



- Մեր հարեւանները խաղաղություն չեն կարող չուզել, քաղաքական ուժերն են որոշում, իսկ մեզ մոտ, ի տարբերություն նրանց, բարոյական պայքար է, այլ ոչ քաղաքական։



- Այդ դեպքում, նման անհավասար պայքարում, հաղթանակը ո՞ր կողմն է գրանցում։



- Հաղթանակի մասին խոսել մի քիչ սխալ կլինի, բայց ցանկացած դեպքում չի կարելի կասկածել մեր հաղթանակի վրա։ Նման բանը անում են, մենք դա արել ենք՝ ի տարբերություն նրանց, ովքեր անընդհատ հայտարարում են, թե իրենք ուժեղ են։ Այդ փաստը գալիս ապացուցում է այն, որ իրենք ուժեղ չեն, իսկ ավելի ճիշտ՝ ոչ թե իրենք ուժեղ չեն, այլ մենք ենք ավելի ուժեղ։



- Չնայած Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց, որ սրտի անբավարարությունից է Կարեն Պետրոսյանի մոտ մահը վրա հասել, բայց ակնհայտ է, որ գերի ընկած տղային տանջել են, գուցե այնպես, ինչպես Մամիկոն Խոջոյանին, դա պայքարի ի՞նչ ձեւ է, որ մեր հակառակորդն անընդհատ օգտագործում է։



- Միակ կարծիքն այն է, որ մեր թշնամին թուրքն է, որը չի փոխվել։ Մենք ենք փոխվել՝ խոնարհ կերպարից պայքարի արժեքն իմացող իրական հայի, ինչը թուրքերի համար այդքան էլ լավ բան չի։



- Երեւանում կազմակերպված խաղաղության երթը եւս շատ քննադատվեց, թե ո՞ւմ եւ ինչի՞ համար է արվում։ Դուք ի՞նչ եք կարծում, պե՞տք էր դա, թե՞ պետք չէր։



- Ամեն դեպքում, խաղաղություն պահանջելը բարոյական արժեք է, բայց, մեր թշնամիներից ելնելով, խաղաղություն մենք միայն կարող ենք պահանջել պատերազմի պատրաստ լինելով։ Իհարկե, մենք խաղաղություն ենք ուզում, մենք պաշտպանվողի դերում ենք, չհարձակվեն՝ խնդիր չի լինի, հարձակվեն՝ կունենան այդ խնդիրները։ Մենք, այսպես թե այնպես, խաղաղության կողմնակից ենք, մենք այն ժամանակ էլ խաղաղության կողմնակից էինք։ Այնպես չէր, որ երազում էինք՝ Քելբաջարն ու Լաչինը մերը լիներ, բայց երբ որ իրենք սկսեցին հարձակվել, մենք մեր սահմանները կանգնեցինք։



- Վաղը (այսօր) Սոչիում նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այդ հանդիպումից ինչ-որ ակնկալիքներ կարելի՞ է ունենալ։ Տխուր օրինաչափություն է ձեւավորվել, երբ այդ հանդիպումների ժամանակ սահմանին ավելի լարված է լինում։



- Ես որեւէ ակնկալիք չունեմ, որովհետեւ համոզված եմ, որ մեր նախագահը չի զիջելու, այսինքն՝ հերթական հանդիպումն է, ու եթե այդ հանդիպման համար են այդ գերու պատմությունը սարքել, որ Սերժ Սարգսյանը ստիպված համաձայնության գա, տեսան, որ այդ ստիպվածին չեն կարողանա հասնել։



- Ի՞նչ եք կարծում, վերջին մեկ շաբաթվա դիվերսիոն գործողությունները, լարված իրավիճակը սահմանին որքանո՞վ են սպառնում պատերազմով, թե՞ դրանք հերթական կրակոցներն են սահմանին։



- Այն կորսուստները, որ մենք ունեցանք, շատ խուճապ արթնացրին մեր ազգաբնակչության շրջանում, եւ այդպես էլ կա, ամեն մի զինվորի կյանքը մեծ արժեք է մեզ համար։ Դրա համար ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին։ Պետք է ամուր լինել։ Աստված չանի, նրանց հաջորդ նման ոտնձգությանը մերոնք ավելի պատրաստ կլինեն, ճիշտ է՝ զոհերի գնով ենք մենք դա վաստակում, բայց մեր բանակն էլ ավելի մարտունակ է դառնում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]