Պյոտրի քաղաքը լուսանկարներում (մաս 1)

Պյոտրի քաղաքը լուսանկարներում (մաս 1)

Ովքեր եղել են Սանկտ Պետերբուրգում կվկայեն, որ Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը շատ տարբեր են՝ Պյոտրի քաղաքն իրական ռուսական քաղաք է, որտեղ ռուս մտավորականության, ազնվականության, հենց՝ ռուսական ցարերի շունչ ու ոգին է առկա:



Մոսկվայի խելահեղ վազքն այստեղ չկա, չկա այն սառնությունն ու քաղաքային կոլորիտը, որն ամեն քայլափոխի զգում ես Մոսկվայում: Երկու բան ռուսական լեգենդար քաղաքում զարմացնում եւ հիացնում է այցելուներին. այն, թե ինչքան սիրով ու զգուշությամբ են վերաբերվում իրենց քաղաքին պետերբուրգցիները, եւ այն, թե ինչքան քիչ բան է այստեղ փոխվել խորհրդային երկրի վերանալուց հետո: Հին ու գեղեցիկ ճարտարապետությունը, հատկապես քաղաքի կենտրոնում, որը թվագրվում է 18-19-րդ դարեր, ամբողջությամբ պահպանվել է՝ չնայած քաղաքը հիմնադրվել է ընդամենը 1703 թվականին, հայրենական մեծ պատերազմ ու բլոկադա է տեսել, 1917 թվականի հեղափոխություն, պերեստրոյկա ու կապիտալիզմին անցում: Եթե այս պատմական կատակլիզմների մեկ տոկոսն անգամ Հայաստանով անցած լիներ, կարելի է պատկերացնել, թե մենք ինչ կունենայինք այսօր: Իսկ Սանկտ Պետերբուրգն այն քաղաքն է, որն անգամ ռուսական «աստղ» Ալլա Պուգաչովայի հեղինակության առաջ չընկրկեց եւ նրա նախաձեռնությունը՝ թատրոն կառուցելու, այդպես էլ մնաց թղթի վրա: Մի խոսքով՝ նրանք, ովքեր սովետ մեծ երկրի նոստալգիան ունեն, նրանք, ովքեր կարծում են, որ նարեկսարգսյանները նոր ժամանակներում անխուսափելի են եւ Հյուսիսային պողոտաները ճարտարապետության ու քաղաքաշինության գլուխգործոց են, խորհուրդ ենք տալիս այցելել Սանկտ Պետերբուրգ: Հիմա՝ առաջարկում ենք մեզ հետ շրջել ռուսական մեծ քաղաքով.



Սանկտ Պետերբուրգն էլ իր, Տարոն Մարգարյանն ունի, ով քաղաքը ծաղկանոցի է վերածել եւ փողոցների երեւացող հատվածներում ծաղկի կոմպոզիցիաներ է տեղադրել: Բայց ի տարբերություն Երեւանի, Պիտերում պահպանել են Լենինի արձանը եւ այն քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում հպարտորեն շարունակում է հիշեցնել հայտնի պատմական անցքերի մասին:



 



Ոչ միայն Լենինի արձանն են պահպանել, այլեւ նշանավոր ,Պասսաժըե, որն ավելի շուտ թանգարան է հիշեցնում, քան առեւտրի կենտրոն, քանի որ նորաբաց խանութներն ավելի ճկուն են եւ ավելի ակտիվ առեւտուր է այստեղ ընթանում:



 



Ոչ միայն Լենինի արձանը, այլեւ տրամվայ-տրոլեյբուսներն են պահպանվել: Դրանք շարունակում են ուղեւորներ փոխադրել քաղաքում, որտեղ եւ մետրո կա, եւ ավտոբուսներ, եւ բնակչության հիմնական մասն ավտոմեքենա ունի: Ի դեպ, ի տարբերություն Մոսկվայի, այստեղ խցանումներն այնքան սարսափելի չեն, թեեւ՝ քաղաքը 5 միլիոնից ավելի բնակիչ ունի, մոտ 500 հազար էմիգրանտներ կան եւ արվարձաններից օրական տասնյակ հազարավոր մարդիկ են ելումուտ անում քաղաք՝ աշխատելու:



 



 Նեվայի պողոտան՝ ՍանկտՊետերբուրգի ամենանշանավոր փողոցը ամենապահպանվածն ու խնամվածն է: Ոչ միայն ասֆալտն է գերազանց վիճակում, այլեւ երթեւեկության հստակ կանոններ են սահմանված, որը ոչ ոք չի խախտում: Մեզ ասացին, որ քաղաքի շատ փողոցներում տեսախցիկներ են տեղադրվել, սակայն վարորդներին չեն տուգանում՝ վախենում են սոցիալական ընդվզումից: Իսկ տեսախցիկներն օգտագործում են երբ էքստրեմալ անհրաժեշտություն կա՝ քրեական հանցագործության բացահայտման կամ նման այլ կարիք:




Հետաքրքիր է, որ երկրորդ ռուսական քաղաքում մոդային տուրք չեն տվել՝ ամենուրեք սովետական շրջանի անուններ ու ցուցանակներ են: Այստեղ չեն տրվել խանութները սուպերմարկետ, սրճարան-ակումբները քլաբ, վարսավիրանոցները՝ գեղեցկության սրահ, հյուրանոցները՝ հոթել, հանրակացարանները՝ մոթել, ստոմատոլոգիան՝ ,դենտալկլինիկե կոչելու գայթակղությանը: Այստեղ կարող ես հենց Նեվսկու վրա հանդիպել ,գաստրոնոմե, «ստալովայա», «պարկ կուլտուրի ի չտենիյա», «վաենտորգ» ցուցանակներ: Ամենահայտնի բանկերից մեկը շարունակում է մնալ «Սբերբանկը»: Պահպանել են անգամ Չապաեւի փողոցը:




Նոստալգիկ հիշողությունների շարքից են նաեւ Ավրորա հածանավն ու հուշանվերների ինդուստրիան, որն աշխատում է զբոսաշրջիկների վրա: Այստեղ բացի հայտնի ռուսական մատրյոշկաները, շատ հարգի են զինվորական գլխարկները, ուսադիրները, մեդալները:



 Շարունակելի



Լուսանկարները՝ «Հրապարակի»