Դատապարտելով՝ եզդիներին չեք օգնի

Դատապարտելով՝ եզդիներին չեք օգնի

Հայաստանաբնակ եզդիները հուսադրող տեղեկություն են ստացել. եզդիները Սիրիայի քրդերի հետ միասին ազատագրել են երկու քաղաք եւ երեք գյուղ։ Այս լուրը եզդիներին հուսադրել է, որ դեռ ամեն ինչ կորած չէ։ Ցավոք, Իրաքում եզդիների հանդեպ անմարդկային վերաբերմունքը շարունակվում է։ Սինջար քաղաքից 45 կմ հեռավորությամբ գտնվող Քոչո գյուղում իսլամիստներն առնվազն 80 տղամարդու են սպանել եւ իրենց հետ պատանդ տարել կանանց ու երեխաներին: «Русская служба» կայքը տեղեկացնում է, որ իսլամիստները տղամարդկանց ստիպել են ընտրել` իսլամ կամ մահ, եւ բնակիչներին քշել են գյուղի դպրոց, որից հետո «Իսլամական պետության» զինյալները գնդակահարել են տղամարդկանց, իսկ կանանց եւ երեխաներին տարել անհայտ ուղղությամբ: «Քոչո գյուղն այլեւս բնակչություն չունի, 280 կանայք իրենց երեխաների հետ գերեվարվել են։



 



Այս օրերի ընթացքում շուրջ 3 հազար եզդի կին է գողացվել, որոնց ահաբեկիչները ստրկավաճառության են ենթարկում»,-ասում է «Սինջար» եզդիների միավորման նախագահ Բորիս Մուրազին։ Իրաքում գտնվող եզդիների հետ համացանցի միջոցով կապը պահպանվում է։ Նկարներ են տեղադրվում, թե ինչպես են մայրերի աչքի առաջ զավակներին սպանում, ամենուր անթաղ դիակներ են, գլխատված մարդկանց մարմիններ։ Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող եզդիներն էլ միահամուռ բարձրաձայնում են, որ 21-րդ դարում եզդիների ցեղասպանություն է տեղի ունենում, եւ իրենք իրենց հարց են տալիս. մի՞թե հնարավոր չէ ապահովել մարդկանց կյանքը, ազատությունը, անձի անձեռնմխելիությունը, ո՞ւր է միջազգային հանրությունը:




Հայաստանում կազմակերպվող բողոքի ակցիաները որեւէ շոշափելի արդյունք չտվեցին, բայց սայլը տեղից թեթեւ շարժվեց։ «Արտաքին գործերի նախարարությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ։ Միայն դատապարտելը քիչ է, պետք է ձեռք առնել հնարավոր բոլոր միջոցները»,-ասաց «Միդիա Շանգալ» կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը։




Իրաքում գտնվող եզդիներին օգնության ձեռք մեկնողներ կան, ասում է Շարոյանը, օրինակ բերելով Ավստրալիան. «Իրենց ինքնաթիռներով եզդիներին սննդամթերք են հասցնում, բայց իմ հայրենի կառավարությունն ինչ-որ 50 հազարի մասին է խոսել, բայց այդ գումարը չգիտենք, թե որտեղ է դեռ»։ Երեկ հայտարարություն է տարածվել նաեւ արձակուրդից վերադարձած Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության անունից, որտեղ նշված է. «Հայաստանը խորապես անհանգստացած է Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի փաստով: Որեւէ ազգային եւ կրոնական փոքրամասնության եւ, մասնավորապես, Իրաքի եզդիների հանդեպ բռնության կիրառումը բացարձակապես անընդունելի է, եւ միջազգային հանրությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի դրանք ժամ առաջ դադարեցնելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: ՀՀ նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել արտգործնախարարությանը եւ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու իրենց ջանքերը կրկնապատկելու համար: Նախագահ Սարգսյանը երեկ ՀՀ վարչապետի հետ քննարկել է նաեւ Հայաստանի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, ինչին ՀՀ կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում:



 



Խնդիրը շարունակելու է մնալ պաշտոնական Երեւանի ուշադրության կենտրոնում, եւ Հայաստանի Հանրապետությունն իր ուժերի չափով հետեւողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ եզդիները բողոքի ցույց արեցին կառավարության մոտ եւ պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, վերջինս, սակայն, չհանդիպեց եզդիների հետ։ Շարոյանի խոսքով՝ եզդիները եւս մեկ անգամ հասկացան՝ հույսը պետք է դնել զենքի վրա, այլ ոչ թե քաղաքակիրթ մարդկության: Անդրադառնալով եզդիների համար ճամբարներ կառուցելու մասին Թուրքիայի հայտարարությանը՝ Շարոյանը հիշեցրեց. «Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը չենք մոռացել, եզդիները կհրաժարվեն նրա օգնությունից»։ Եզդիների միության փոխնախագահ Խդըր Հաջոյանն էլ տեղեկացրեց, որ գրոհայինները ցույց են տալիս, որ Իրաքում եզդի չկա, բայց այնտեղ դեռ ապրում են, եւ համատարած եզդիների սպանդ է տեղի ունենում, մասսայական գնդակահարություն։ «Կանայք խնդրում են, որ իրենց ռմբակոծության ենթարկեն, միայն թե չտեսնեն, թե ինչպես են իրենց աչքի առաջ սպանում երեխաներին»։ Միության փոխնախագահը նշեց, որ կառավարության հետ փորձում են համագործակցել, որպեսզի օգնությունը տեղ հասնի։ «Հարկավոր է այնպես անել, որ օգնությունը գնա ոչ թե քրդական իշխանությանը, այլ հենց եզդիներին։ Այնտեղ գտնվող եզդիների հետ խոսելու ընթացքում փաստում են, որ իրենց օգնություն չի հասնում, միայն այն օգնությունն է հասնում, որ այստեղի եզդիներն են ուղարկում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղարկած օգնությունից եզդիները չեն օգտվել»։ Այս օրերին էլ եզդիներին օգնելու նպատակով Ֆեյսբուքում տարբեր խմբեր են բացվում։ «Օգնիր եզդի եղբորդ» նախաձեռնությունը դրամահավաք է սկսել։ Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ եզդիները փորձելու են վերսկսել իրենց կյանքը որեւէ այլ վայրում, ու Հայաստանի ընտրությունն ամենահավանական տարբերակներից է, քանի որ նրանց հազարավոր հայրենակիցներ Հայաստանը համարում են իրենց հայրենիքը: Դրամահավաքը նպատակ ունի օժանդակել հնարավոր ներգաղթյալ եզդիներին՝ այդ խնդիրները լուծելու (հագուստ, սնունդ, տան վարձ)՝ կառավարական եւ այլ հնարավոր կոռումպացված օղակները շրջանցելով: Սա մեր բոլորիս փոքրիկ նվերը կլինի մեր 100 տարվա ցավն ապրող եղբայրական ազգին:




Աննա  ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
[email protected]